Читать книгу: «Չար ոգին», страница 3
Ճաշից հետո, ուխտավորները, իրանց իրեղենները թողնելով վանքում, ցրվել էին գյուղից դուրս զբոսնելու: Գիժ-Դանելը գնացել էր վանքից ոչ հեռու գտնվող մի ձորակի աղբյուրից ջուր բերելու: Սոնան իր մոր հետ բարձրացավ մի փոքրիկ դալարազարդ բլրակի վրա և այնտեղից նայում էր հեռավոր ձյունագագաթ լեռներին: Վանքի պատի առջև նկարվեց մի տղամարդի կերպարանք: Սոնան իսկույն շալը քաշեց երեսին: Մի քանի վայրկյան անցած, կրկին երեսը բաց արավ: Այս անգամ ճանաչեց այն բարեսիրտ ձիավորին, որ նախընթաց օրը առաջարկում էր նրանց սայլը նստել: Գդակը դարձյալ ծուռ դրած, մի ձեռը հենած դաշույնի դաստապանին, մյուսը ` դրած դեղնագույն չուխայի տակ, համարձակ աչքերով նայում էր Սոնային: Երբեմն շփում էր իր բարակ ընչացքը և նայում կրծքին, կարծես, ինքն իրանով հիանալով: Եվ իրավունք ուներ հիանալու: Նրա բարձր հասակը, առույգ դեմքը և առողջ կուրծքը միասին գումարած տեղական չափահաս աղջիկների համար ներկայացնում էին մի գրավիչ փեսացու քսանուվեց տարեկանից ոչ ավելի: Սոնան դարձյալ երեսը ծածկեց: Երիտասարդը տեսնելով, որ աղջիկն ամաչում է, համեստությամբ հեռացավ և թաքնվեց պատի ետևում:
Այդ միջոցին գիժ-Դանելը սառը ջրով լի կուժը իր կիսամերկ ուսի վրա դրած, մոտենում էր վանքին: Սոնան նրա դեմքի վրա նկատեց մի խորամանկ ժպիտ, որի նմանը առաջին անգամն էր արտահայտում այդ դժբախտ դեմքը: Երբ մայր ու աղջիկ վերադարձան վանքի գավիթը, գիժ-Դանելը գավազանը սազի պես կրծքին բռնած, երգում էր: Տեսնելով հացթուխին, վազեց առաջ և սկսեց նրա հետ շշնջալ: Նա խոսում էր դեղնագույն չուխավոր երիտասարդի մասին: Պնդում էր, թե այդ երիտասարդը շատ է հավանել Սոնային և մտքում դրել է նրան ուզել: Առաջին անգամ Սոնային տեսել է փողոցով անցնելու ժամանակ, դռների միջով, երբ Սոնան իրանց տան գավիթը ավլելիս է եղել: Նա հարցրել է անծանոթ աղջկա մասին իր տնեցիներին: Ոչ ոք չի ճանաչել: Մի անգամ էլ երիտասարդը նույն փողոցով անցնելիս, տեսել է, որ Դանելը դուրս է գալիս այդ տնից: Նա հարցրել է Դանելին, և «ասլանը» այնքան գովել է Սոնային, որ Մուրադի «աչքերը պսպղել են»:
– Ես քեզ ասում եմ գժվել է, գժվել, – ավարտեց խենթը խոսքը, ձեռը բարեկամաբար խփելով հացթուխի ուսին: – Այսօր էգուց մարդ կուղարկի, էլ չի համբերիլ…
Մի ժամ հետո խցի առջևով անցան երկու կին – մեկը պառավ, մյուսը դեռ երիտասարդ – և հետաքրքրությամբ նայեցին Սոնային: Խենթը ասաց հացթուխին, որ պառավը Մուրադի մայրն է, իսկ երիտասարդը – եղբոր կինը:
Հացթուխը վերջին անգամ աղոթեց վանքում և Սոնայի հետ ճանապարհ ընկավ դեպի քաղաք: Խենթը նրանց ուղեկցում էր: Նա շարունակ խոսում էր Մուրադի մասին, գովում էր նրա խելքը, գեղեցկությունը, տունուտեղը: Մինչև այդ ժամանակ խոսում էր բոլորովին առողջ մարդու պես: Հենց որ բարձրացավ ճանապարհի վրա գտնվող մի մեծ բլուրի գագաթր, որտեղից երևում էր քաղաքի շրջակայքը, գիժը հանկարծ փոխվեց: Նա ընդհատեց իր խոսքը, ձեռով ցույց տվեց քաղաքից երկու վերստաչափ հեռու գտնվող գերեզմանատունը և աղաղակեց,
– Այնտեղ է, ա՛յ այնտեղ…
Վազեց առաջ, գավազանը բարձր բռնած, գազանի պես մռնչյուններ արձակելով: Առաջին անգամն էր Սոնան խենթին տեսնում այնպես կատաղած: Նա չվախեցավ: Հարյուր քայլաչափ վազելուց հետո գիժ-Դանելը կանգնեց և, գավազանը գլխի վրա հորիզոնաձև բռնած, խոշոր քայլերով մոտեցավ իր ուղեկիցներին, արտասանելով.
– Յ ա՛ , սուրբ Կարապետ, յա՛ , սուրբ Կարապետ…
Նա իրանից ձևացնում էր մի լարախաղ, աչքերը հառած դեպի մի որոշ կետ և ուսերը շարժելով: Սոնան նայում էր նրան, արտաքուստ ժպտում, ներքուստ ցավում: Ինչո՞ւ այդ մարդը պատժվել է աստծուց, մի՞թե նա էլ մեղք է ունեցել: Զգում էր, որ խենթի հոգեկան հիվանդությունը ունի պատճառ: Բայց թե ինչ էր – չգիտեր և չէր համարձակվում ակնարկել անգամ: Միայն, երբ խենթը մոտեցավ, Սոնան հարցրեց.
– Դանել ապեր, հիմա գիշերները ո՞րտեղ ես քնում:
– Ժամհարի մոտ:
– Ինչո՞ւ եղբորդ որդիների տանը չես քնում: Խենթը, պատասխանի փոխարեն, սկսեց երգել մի պարսկերեն երգ, ամեն տնից հետո կրկնելով.
«Սիրտդ քար է որսորդ, «Ինչո՞ւ բալիս խփեցիր, «Ինչո՞ւ բալիս խփեցիր… »
V
Այժմ գիժ-Դանելը ամեն օր էր այցելում իր բարեկամներին: Նա բերում էր իր ազգականների մասին ամեն անգամ նոր տեղեկություն և միշտ կրկնում, թե ահա, ահա այսօր-վաղը նրանց կողմից միջնորդ կգա «Սոնային ուզելու Մուրադի համար»:
Հացթուխը նրա ասածը հաղորդեց ամուսնուն: Պայտագործն ուրախացավ և սկսեց ավելի բարեկամաբար վերաբերվել խենթին:
– Ինչո՞ւ չէ, – ասաց նա մի օր, ձեռը խփելով Դանելի ուսին, – Սոնայիս պես աղջիկ ո՛վ ունի… դե, ինձ էլ ճանաչում ես, Դանել ջան, բանը փողը չէ, մենք էլ մարդ ենք, քաղաքում անուն ունինք: Թող մեկը դուրս գա ու ասի – Ոսկանն այսպես է, այնպես է: Պատվավոր մարդու տղա, պատվավոր մարդ ենք: Եղբորդ որդին թող ուրախությունից գլխի վրա քյալլա-մալլաղ կանգնի, որ իմ փեսան է դառնում: Ինձի Ոսկան կասեն, հանաք-մասխարա չիմանաս…
Խենթը համաձայնվեց նրա ասածներին, բայց միևնույն ժամանակ նրան թվաց, որ իր բաբեկամը շատ էլ պարծենալու իրավունք չունի: Ասենք, Ոսկանը նամուսով է, գլխին տղամարդի գդակ ունի, միայն ժամանակ-ժամանակ իրան կորցնում է:
– Խոսքս այն զահրումարի մասին է, քի՛չ ածա փորդ, տնաքանդ, խոմ ներսդ չե՞ ս այրելու:
– Ասում ես, օրինակ, էլ չկոնծե՞նք, է՛լի: – հարցրեց պայտագործը :
– Կոնծի՛ր, ո՞վ է ասում, քիչ-քիչ, մեկ-մեկ, երկու – երկու, ավելի չէ…
Խենթի խրատը ըստ երևույթին, շատ ծիծաղելի թվաց արբշիռ պայտագործին: Մի աչքը փակելով, նա գլուխը ծռեց դեպի ուսը և հեգնաբար ասաց.
– Արի, Դանել ախպեր, եպիսկոպոս ձեռնադրվիր, խիստ լավ ես քարոզում:
Հետո, ձեռը խփելով բարեկամի ուսին, ավելացրեց.
– Դու ինձ ասա, տեսնեմ, աղջիկս բախտավոր կլինի է՞լի:
– Ասում եմ, էլի կասեմ, ինքդ էլ կտեսնես:
– Բաս, ապրե՛ս, Դանել ջան, լավ մարդ ես: Խելքդ ինչ է կտրում, օրինավոր ազգականներ ունենալ լավ բան է, չէ՞: Դու այն ասա, որ փո՛ղ շատ ունենա, փո՛ղ, թե չէ ես նրանց աղջիկ չեմ տալ, ձեռնատու չէ: Մենք էլ պատվավոր մարդ ենք, գրպանի ծախք է հարկավոր… Իսկի չլինի, մի բաժակ հացի յա ջաջի արաղ կտան, որ կենացները անուշ անենք, հը՞ մ…
Խենթը զգաց, որ բարեկամը լավ բան չի ասում: Առանց այդ էլ նրա գլուխը ձանձրացել էր լուրջ խոսակցությունից: Նրա աչքերը հանկարծ պսպղացին, գավազանը ձեռին դողաց:
– Ոսկան աղբեր, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, – գոչեց նա կատաղած:
Պայտագործը վախեցավ: Խենթի կերպարանքը շատ մոլեգին արտահայտություն էր ստացել:
– Լա վ, մի՛ չարանար, Դանել ջան, – ասաց նա, բռնելով իր բարեկամի ձեռը:
– Կնիկդ, աղջիկդ լաց են լինում գիշեր-ցերեկ, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, քի՛ չ խմիր:
– Է՛հ, չեմ խմիլ, վաս սալամ, արաղ քաշողի էլ հերը գյոռբեգյոռ լինի…
Այս խոսքերը մի փոքր հանգստացրին խենթին: Նա գավազանը դրեց կռնատակին:
Այդ օրից նա պայտագործին այլևս չէր առաջնորդում դեպի գերեզմանատուն քելեխ ուտելու: Եվ միշտ հացթուխին հարցնում էր. ի՞նչպես է Ոսկանը վարվում նրա հետ, խոմ չի ծեծում նրան կամ Սոնային: Կարծես, մեկը նրա վրա պարտականություն էր դրել ամեն բանում հովանավորել աղքատիկ ընտանիքին: Նրա սպառնալիքը Ոսկանի վրա չազդեց: Շաբաթը երեք-չորս անգամ պայտագործը տուն էր վերադառնում օրորվելով և հայհոյանքը բերանին:
Մի օր խենթը, վազելով, մտավ հացթուխի խրճիթը և շնչասպառ ասաց,
– Հիմա կգա, աչքովս տեսա, ականջովս լսեցի, բանդ տես…
Ասաց ու ինքն իսկույն անհետացավ: Հացթուխը հասկացավ ում մասին է խենթի խոսքը. շտապով կարգի բերեց խրճիթը և սկսեց ականջ դնել դեպի դուրս: Արդարև, մի քանի րոպե անցած, լսեց քայլերի ձայն և Սոնային հրամայեց թաքնվել պատի մեծ խորշում, վարագույրի հետևում: Ներս մտավ մի փոքրահասակ կաղ կին, համարձակ դեմքով և շարժվածքով: Քաղաքի հայտնի միջնորդն էր դա, որին կոչում էին «Չոլախ Սահարնազ»:
Սա առանց պատասխանի և հրավերի սպասելու, նստեց հատակի վրա, սենյակի վերին կողմում:
– Ինչպես տեսնում եմ, մարդդ տանր չէ, – ասաց աջ ու ձախ նայելուց հետո: – Շատ լավ է, կնկա բանը կնիկը շուտ կդրստի: Մոտդ խեր խաբարով եմ եկել:
– Խերում մնաս, ասա, տեսնենք…
Առանց երկար հառաջաբանի, Չոլախ Սահարնազը անմիջապես հայտնեց իր այցելության նպատակը: Ինչ խոսք, որ Շուշան բաջին «չորաթան» Զառնիշանի տղա Մուրադի մասին լսած կլինի: Ամբողջ քաղաքի աչքն է, նմանը չկա, ջահիլ, գեղեցիկ, շիր ու շնորհքով: Չի հարբում, չի ծխում, ղումարբազ (խաղամոլ) չէ, գլուխը քաշ իր բանին է:
– Քաղաքում աղջիկ շատ կա, – շարունակեց Սահարնազը, – ով ասես, որ չորաթան-Զառնիշանի ոտները չպաչի: Բախտը քեզ է ընկել: Մուրադը տեսել է աղջկադ, հավանել է: Հիմա դու էլ կնիկ ես, գլխիդ խելք ունիս, մտածիր, ինձ էլ մի խոսք ասա, գնամ…
– Ի՞նչ ասեմ, – պատասխանեց հացթուխը, մի քիշ մտածելուց հետո, – փառք աստծո, որ տղան ինքն է հավանել: Էհ, աղջիկ է էլի, լավ-վատ դիտի կաբել, կարկատել, եփել: Ծնողների պատիվը ճանաչող, խոնարհ, աստծո գառն է. մարդ տեսնելիս շալը հինգ ծալ է անում երեսին: Մի խոսքով, աղջիկ է, էլի, եթե ուրիշներից լավ չէ, վատ էլ չէ:
Մինչ երկու կանանց բանակցությունը շարունակվում էր, Սոնան հետաքրքրությամբ ականջ էր դնում, աշխատելով ոչ մի բառ բաց չթողնել: Նրա սիրտը բաբախում էր հուզմունքից: Չգիտեր, ինչ մտածեր իր ապագայի մասին, բոլորը թողել էր մոր կամքին: Ծնողն իր հարազատ աղջկա վատը չի կամենալ, թող ինչպես խելքը կտրում է, այնպես անի, միայն թե այդ խեղճ կնիկը մի քիչ բախտավորվի:
Հացթուխը վարագույրը ետ քաշեց և Սոնային հրամայեց դուրս գալ խորշից: Ամոթից կարմրած ու քրտնած կանգնեց տասնվեց տարեկան աղջիկը միջնորդի առջև, աչքերը խոնարհեցնելով հատակին և շրթունքները հուզմունքից կրծոտելով:
Չոլախ Սահարնազը դիտեց նրան ոտից գլուխ իր փորձառու աչքերով, խոսեցրեց, որ իմանա` համր չէ՞ արդյոք, հարց ու փորձ արավ «խելքը չափելու» համար և ուղարկեց մի բաժակ ջուր բերի խմելու, որ քայլվածքը տեսնի և իմանա, կաղ չէ՞, արդյոք:
Երեք օր անցած, հացթուխի տունը ներկայացնում էր մի տեսարան, որի նմանը այնտեղ դեռ չէր կատարվել և չպիտի կատարվեր հավիտյան: Պայտագործը մաքուր լվացվել էր, գզգզված միրուքը սանրել և հագել քսան տարի առաջ պսակադրության համար կարած արխալուղը: Հացթուխը գլխին գցել էր մի նոր շալ և մեջքին կապել մետաքսյա կարմիր գոտին – ուրախության նշանը: Հատակի վրա վառվում էին հարևաններից ժամանակավոր բերված մի զույգ կանթեղներ, լուսավորելով աղքատիկ խրճիթի ողորմելի կահ-կարասին: Սենյակի մի անկյունում դրված էր մատուցարանը մի շիշ օղիով և երկու տեսակ մուրաբայով, որ, աստված գիտե, ո՞ր ժամանակից էր պահել հացթուխը: Պայտագործը հուզված անցուդարձ էր անում անկյունից անկյուն, ստեպ-ստեպ նենգամիտ հայացքներ ձգելով օղիի շիշի վրա և ծոծրակը անհամբերությամբ քորելով:
Սոնան կանգնած էր սենյակի վարի անկյունում, ձեռները կրծքին դրած, դողալով, ամաչելով: Երկու դրացի կանայք նստած Էին հացթուխի աջուձախ կողմերում և խոսում Էին օրվա հանդեսի մասին:
– Գալիս են, առա՛ջ գնա, – ասաց հացթուխը ամուսնուն և ինքն էլ իսկույն ոտքի կանգնեց:
Պայտագործը շտապեց դուրս` հյուրերին ընդունելու:
Նախ ներս մտավ տեր Մարկոսի գավազանը, ապա` երևացին նրա գորգագույն ֆարաջայի փեշերը, հետո ինքն ամբողջովին, իր երկայն ու տափակ գդակով, որ թիակի էր նման:
Նրա հետևից երևաց փեսացվի մայրը – «չորաթան» Զառնիշանը, առանց չարսավի, մի կինամոնագույն շալ ուսերին գցած: Իսկ-որ այդ կինը «չորաթան» էր, այնքան ցամաքած էր: Նրա ոսկրոտ դեմքին, լայն կզակին, մեծ բերանին մի առանձին խստություն էին տալիս այն մի զույգ սուր աչքերը, որ պսպղում էհն ինչպես վառված ածուխի կտորներ: Սոնայի մարմնով անցավ մի ցնցում, երբ նրա հայացքն ընկավ այդ կնոջ վրա. մի ցնցում, որ մարդ կարող է զգալ, երբ հանդիպի շարժուն կմախքի, որի աչքերի խորշերի մեջ տեղավորված են երկու փայլուն որդեր: Բայց պառավի քայլվածքն այնքան կենդանի է, որ ըստ երևույթին, նա բնավ ցանկություն չուներ երբևէ կմախք դառնալու:
Դռների մոտ, օդի մեջ ցցվեց Բուխարի մորթուց կարված մի սրածայր գդակ, որի տիրոջ մարմինը, հայտնի չէր ինչու, տատանվում էր ներս մտնել:
– Համեցե ք, խնամի, համեցեք, – կրկնում էր պայտագործը դրսից:
Վերջապես խրճիթի շեմքի վրա երևաց մի մարդկային ոտ` սպիտակ գուլպայով ծածկված, ապա երկրորդը, ապա մի երկայն չուխա: Հայտնվեց, որ նրանց տերն է – փեսացվի ավագ եղբայրը: «Չոփուռ» Կարապետը – այսպես էին կոչում ներս մտնողին – մոտ քառասուն տարեկան տղամարդ էր ամուր կազմվածքով, փոքրիկ աչքերով և դուրս ցցված այտերով, որոնց վրա ծաղիկը խոր փոսեր էր թողել:
Սոնայի մարմնով դարձյալ մի սարսուռ անցավ, երբ նա շալի տակից նայեց այդ մարդու կերպարանքին:
Վերջապես, ներս մտավ չորրորդ և վերջին հյուրը – Կարապետի կինը` Գյուլնաղը, ոտից գլուխ չարսավի մեջ փաթաթված:
Բավական երկար ժամանակ տևեց, մինչև որ հյուրերը համաձայնվեցին նստել այն կարգով, որ ցանկանում էին տանտերերը: «Չոփուռ» Կարապետը անպատճառ ուզում էր դռների մոտ նստել, հարկավ, համեստություն ցույց տալու համար: Պառավ Զառնիշանը համառությամբ իր մեջքից վերցնում էր և մի կողմը ձգում, իսկ հացթուխը նույն համառությամբ սեղմում էր նրա մեջքին մի փափուկ բարձ: Այնինչ, պառավի հարսը – Գյուլնազը, կարծես, վճռել էր պայտագործին համբերությունից հանել, այնքան ծանրուբարակ էր շարժվում: Երբ երևան եկավ նրա դեմքը, Սոնան դարձյալ մի սարսուռ զգաց:
Այդպիսով, նա երեք անգամ ցնցվեց, և երրորդ ցնցումն ամենից զորեղն էր:
Նրա հայացքը մի անբացատրելի զորությամբ հառվեց իր ապագա տեքրկնոջ երեսին: Ինքնըստինքյան այդ կնոջ դեմքը առանձին ուշադրության արժանի բան չէր ներկայացնում: Նա տակավին երիտասարդ էր, ոչ նիհար, ոչ գեր, ոչ այնքան բարձր և ոչ էլ ցածր հասակով: Նայելով նրա շիկագույն ունքերին, պետք էր ենթադրել, որ գլխի մազերի բնական գույնն էլ շեկ է, բայց նրանք հինայած էին, ուստի և մուգ-կարմրագույն: Տարօրինակ էին միայն այդ կնոջ աչքերը: Իսկապես դրանք աչքեր չէին, այլ մի զույգ փայլուն ապակիներ, սառած և անշարժ իրանց շրջանակների մեջ: Երբ նա իր հայացքը ձգեց Սոնայի վրա, խեղճ աղջկա ոտները դողացին: Չգիտեր հորի՞ց, թե՞ մորից լսել էր օձի հայացքի ձգողական ուժի մասին: Պատմել էին նրան, որ երբ գորտը նայում էր օձի սուր աչքերին, մի անհաղթելի զորությամբ մղվում է, ընկնում նրա բերանը: Սոնան չէր մղվում դեպի այդ կինը, ընդհակառակը, մի բան հրում էր նրան, բայց չէր էլ կարողանում իր հայացքը դարձնել նրանից:
Նորից սկսվեց սովորական բանակցությունը, թեև ամեն բան վճռված էր արդեն: Նորից լսվեցին փեսայի մասին գովասանքներ, խոստումներ, հարց ու փորձ, և նորից Սոնային զանազան պատրվակներով ստիպեցին խոսել, քայլել, ատամները ցույց տալ: Վերջապես, պառավ Զառնիշանը դարձավ հացթուխին.
– Աղջիկդ դրսից դուր է գալիս ինձ. եթե ուրիշ պակասություն չունի – մեր ապրանքն է:
– Լավ-վատ, տեսնում ես, հավանում ես – հալալ լինի, – արտասանեց հացթուխը, սարսափելով պառավի վերջին խոսքերից:
– Ինչքան դրսումն ես տեսնում, խնամի ջան, – մեջ մտավ պայտագործը, որ արդեն սկսել էր ձանձրանալ այդ ձևականությունից, – երկու այնքան էլ ներսումն է:
– Տա աստված, – ասաց «չոփուռ» Կարապետը:
– Ներսինը իմանալ դժվար է, – ավելացրեց նրա կինը, ապակյա աչքերը հառելով Սոնայի երեսին:
– Ես ձեզ աղջիկ չեմ տալիս, այլ հալած ոսկի, – շարունակեց պայտագործը սեփական տրամադրությունից ոգևորված, – խելք ասես – ծով, շնորհք ասես – էլ ավելի: Այս տունը նրա վզին է: Կերակուրներ է եփում, որ ուտելիս մատերդ էլ հետն ես ուտում, էլ չեմ ասում կտրելն ու լվանալը: Մեկ էլ որ մեր պապերի խոսքն է, լավ որդին օջախից կճանաչվի: Ախար, մենք էլ այս քաղաքում մի օջախ ենք, անուն ունինք: Տեր հայր, ի՞նչ կասես:
– Իսկությունն ես հրամայում:
Հացթուխը տեսնելով, որ իր ամուսինն արդեն պատրաստ է ստեր փչել, շտապեց ընդհատել նրա ոգևորությունը.
– Մախլաս, աղջիկ է, է՛լի շատ էլ գովենք, ի նչ դուրս կգա, դուք պետք է հավանեք:
Հոգու խորքում զգում էր, որ առանց այդ էլ խաբում է իր հյուրերին, թաքցնելով նրանցից Սոնայի ցավը: Նա մտածում էր, որ իր արածը վատ է, աններելի, աստծու կամքի և մարդկանց օրենքների հակառակ: Բայց ուժ չուներ միակ դստեր բախտի դեմ կանգնելու, ինքն իր բերանով նրան խայտառակելու:
Մի վայրկյան միայն չկարողացավ իրան զսպել: Դուրս եկավ խրճիթից և իր անհանգստությունը հայտնեց Դանելին: Խենթը կանգնած էր դռների մոտ և դրսից դիտում էր ներսում կատարվող տեսարանը: Ազգականները նրան պատվիրել էին այդ երեկո չերևալ հացթուխի տանը: Բայց նա չդիմացավ, կամեցավ բարեկամների ուրախության հանդեսը կամ, ինչպես ինքն էր ասում, «Մանիշակի նշանդրեքը» իր աչքերով տեսնել:
– Բանիդ կաց, ասում եմ քեզ, – խրախուսեց նա հացթուխին, – ասլան Դանելը ոչ ոքի չի ասիլ, սո ՛ւսս … Հետո, մի հատ կարմիր նուռ հանելով ծոցից, տվեց հացթուխին:
– Ա՛ռ, Շուշան բաջի, աստված շնորհավոր անի, իսկի մի վախենալ: Ասա Մանիշակիս, որ նրա բաշխած գուլպաները հագել եմ. ա յ, քոշեր էլ ունիմ…
Տեր Մարկոսը շտապեց «պահպանիչն» ասել, մատանին օրհնեց և դրեց Սոնայի մատին, կանխապես մի սուր հայացք ձգելով խնամիների բերած մի գլուխ շաքարի վրա:
Անշուք հանդեսը վերջացավ, հյուրերը գնացին: Պայտագործը հարձակվեց մնացած օղիի վրա և սկսեց բաժակ բաժակի հետևից դատարկել: Սոնան, խրճիթի մի անկյունում կուչ եկած, հեկեկում էր: Նրա ձայնը դուր չեկավ պայտագործին: Առանց այդ էլ նա արդեն ձանձրացել էր հյուրերի շատախոսությունից:
– Ի'նչ ես քեֆս փչացնում, – գոռաց նա, – ա'յ կնիկ, աղջկադ տզտզոցը կտրիր:
Հացթուխի համար սրբապղծություն էր այդ հանդիսավոր երեկո վիրավորել հիվանդոտ աղջկա սիրտը: Ահա ինչու չկարողացավ իրան զսպել և բարկացած արտասանեց.
– Լակում ես – լակիր, ձեռդ բռնող չկա:
– Ինչ ասացի՞ ր, լակե՞ մ, փա'հ, բաս ես շուն եմ, է՛լի, – կատաղեց պայտագործը, ոտքի կանգնելով:
– Շուն չես, շան պես ես վարվում աղջկադ հետ:
Պայտագործի աչքերը մթնեցին: Բռունցքն ամուր սեղմելով առաջ քայլեց: Արդեն պատրաստ էր խփելու հացթուխին, երբ Սոնան վազեց, բռնեց նրա արխալուղի փեշերից երկու ձեռներով և ուժով ետ քաշեց նրան, աղաղակելով.
– Չե՛մ թողնիլ, չե՛մ թողնիլ…
Բայց բռնակալն այնքան կուրացել էր, որ երեսը ետ դարձրեց և ձեռը բարձրացրեց իր աղջկան խփելու, գոռալով.
– Խոսք խոսքի եք տվել, հա …
Այդ վայրկյանին մեկն ամուր բռնեց նրա ձեռն օդի մեջ:
– Չե՛մ թողնիլ, ասլան կասեն ինձ, չե՛մ թողնիլ…
Պայտագործի աչքերը հանդիպեցին գիժ-Դանելի կատաղի աչքերին, որոնցից կայծեր էին ցայտում: Նա ձեռը ուժով խլեց նրանից, գոչելով.
– Դո՜ւրս կորիր, դու ի՞նչ գործ ունիս իմ տանը, գիժ… Բայց գիժ-Դանելի կերպարանքն այնքան սարսափելի էր, որ մի վայրկյանում պայտագործը այլափոխվեց, ձեռները թուլացան: Նա վախեցավ խենթից:
– Դանել աղբեր, դո՞ւ ես, համեցեք, նստիր, համեցե'ք, Սոնայիս նշանդրեքն է…
Խենթի աչքերը մթնել էին: Նա ոչինչ չէր տեսնում և միայն գոռում էր,
– Մանիշակիս քարի տակը դրեցին, ասլան Դանելը քարը կտա գլխովդ…
Այս ասելով, բռնեց պայտագործի կոկորդը երկու ձեռներով և սկսեց մոլեգնաբար խեղդել նրան: Հացթուխը, աղաղակելով, մեջ ընկավ իր մարդուն ազատելու: Գիժ-Դանելը նրա վրա ուշք չդարձրեց և բոլոր ուժով թափահարում էր պայտագործին: Նույն միջոցին, երբ Ոսկանի լայն բաց ված բիբերը պտտում էին իրանց շրջանակների մեջ, Սոնան քաշ ընկավ խենթի ձեռներից, կրկնելով.
– Դանել ապեր, Դանել ապեր, Մանիշակն եմ: Պատահեց մի տարօրինակ բան: Անկարելի էր երևակայել, որ խենթը ձեռքից բաց կթողնի պայտագործին: Բայց լսելով Սոնայի ձայնը և Մանիշակ անունը, տեսնելով նրա սարսափած երեսը, հանկարծ սթափվեց: Նա բաց թողեց պայտագործին և չոքեց Սոնայի առջև:
– Մեղա աստծու, մեղա աստծու, – կրկնեց նա երեսը խաչակնքելով և Սոնայի արխալուղի փեշերը համբուրելով: – Մանիշակ ջան, ես քո ղուլն եմ, վիզս կտրի՛ր…
VI
Երբեք հացթուխի տառապանքն այնքան ծանր չէր եղել, որքան Սոնայի նշանդրության օրից մինչև հարսանիքը, այդ չորս ամսվա ընթացքում: Նա գիտեր, որ իր աղջկա բախտը խախուտ հիմքի վրա է դնում: Նախազգում էր, որ Սոնան օտար շրջանում, թեկուզ ամուսնու հարկի տակ, երջանիկ լինել չի կարող, քանի որ մի չար ոգի հետամուտ է նրա կյանքին: Դեռ մի ամիս չէր անցել նշանդրեքից, երբ Սոնան ընկավ գավթում, և նրա ծնոտը քարին դիպչելով վիրավորվեց: Սակայն մեծ էր այդ կնոջ հավատը դեպի նախախնամության գութը, և նրա սիրտը լիքն էր ունայն հույսերով: Նա հավատում էր, որ Սոնան անպաշտպան չի մնալ ամուսնական կյանքում: Նա Դանելի բարեկամական զգացումները վերագրում էր նախախնամության կամքին: Եթե մի մարդ, որին ամբողջ քաղաքը խելագար է համարում, այնքան համակրանք է ցույց տալիս նրա թշվառ աղջկան, անշուշտ այստեղ կատարվում է ճակատագրի վճիռը: Ինչո՞ւ, ուրեմն, կարծել, թե առողջ խելքի տեր մարդիկ քարասիրտ կլինին և չեն խղճալ մի երիտասարդ կնոջ, որի ցավը աստծուց է ուղարկված: Թող Սոնայի ապագա ամուսինը գիժ-Դանելի ասածի կիսի չափ բարեսիրտ, ազնիվ և նամուսով լինի – դա էլ հերիք է: Նա չի թողնիլ իր հարազատ մորն էլ մի թթու խոսք ասել Սոնային միայն այն պատճառով, որ ընկնավոր է: Բայց, ով գիտե, կարելի է Դանելը բան չի հասկանում, խաբվում է, լավ չի ճանաչում իր եղբոր որդուն:
– Դանել ապեր, ասա, ի՞նչպիսի տղա է Մուրադը, – հարցնում էր հացթուխն ամեն օր:
Եվ գիժ-Դանելը ամեն օր տալիս էր միևնույն պատասխանը.
– Ոսկի տղա է:
Դա էր խեղճ կնոջ միակ մխիթարությունը, և խենթը նրան թվում էր մի տեսակ սփոփիչ հրեշտակ: Մի անգամ նա հարցրեց.
– Դանել ապեր, հարսանիքից հետո Սոնայիս ցավը կբացվի խնամիների համար, ի՞ նչ կանեն նրանք երեխայիս…
Ինչպես երևում էր, խենթը բնավ այդ մասին չէր մտածել: Նա գիտեր մի բան – որ ոչ ոքի չպիտի հայտնել Սոնայի ընկնավոր լինելը: Կարծում էր, թե այսքանը բավական է գաղտնիքը թաքցնելու համար: Մի վայրկյան ընկավ մտատանջության մեջ, ապա, գավազանը օդի մեջ պտտեցնելով ասաց.
– Մանիշակիս քեֆին դիպչողի գլուխը փշուր-փշուր կանեմ…
Ո՞վ էր Մանիշակը, ինչո՞ւ էր խենթը Սոնային այդպես անվանում – հայտնի չէր: Նկատելի էր միայն, որ միշտ այդ անունը արտասանելիս նրա աչքերն առանձին արտահայտություն էին ստանում, և նա առանձին գգվանքով էր նայում Սոնայի երեսին: Իսկ Սոնան խենթի հայացքի մեջ զգում էր մի խոշոր հեռավոր վիշտ, ամրացած նրա սրտի անթափանցելի խորության մեջ: Շատ անգամ ձգտում էր գուշակել այդ վիշտը: Եվ ոչինչ չէր կարողանում պարզել: Զգում էր սակայն, որ օրեցօր իր համակրանքը դեպի այդ մարդն ավելանում է: Նա ուրախանում էր, երբ խենթին տեսնում էր ուրախ և անհոգ, տխրում էր, երբ խենթը երևում էր տխուր:
Մի օր գիժ-Դանելը ներս մտավ կռնատակին դրած մի կտոր հասարակ կապտագույն կտավ և, ձգելով Սոնայի գիրկը, ասաց.
– Սոնա խանում, արխալուղ կարիր ասլան Դանելի համար, հարսանիքդ մոտենում է:
Խենթը պիտի արխալուղ հագներ: Դա Սոնայի համար չտեսնված բան էր:
Արդեն երեք շաբաթ էր մնում մինչև հարսանիքի օրը: Այժմ Սոնայի միտքը զբաղված էր մի խնդրով, արդյոք ի՞ նչ է սպասում նրան ամուսնական կյանքում: Իբրև իր շրջանի հարազատ զավակ, ամուսնության մասին ուներ մի շատ պարզ և անբարդ գաղափար: Աղջկա վիճակը համարում էր ծնողների կամքին ենթարկված: Նրանք են պահում, մեծացնում իրանց զավակին, նրանք էլ պետք է նրա կյանքի ընկերն ընտրեն: Տանը մնացած աղջիկն իր ծնողների համար մի ծանր բեռն է: Կնիկարմատը պետք է իր մարդու աշխատանքով ապրի, ծնողները պարտավոր չեն նրան մինչև մահ կերակրել: Այս պատճառով ամեն աղջիկ, եթե նա երկու աչքերով կույր չէ, պետք է ամուսնանա թեկուզ մի մուրացկանի հետ:
Բայց այս պարզ գաղափարը բարդանում էր և անլուծելի խնդիր դառնում, երբ կապվում էր այն մտքի հետ, որ ինքը Սոնան, ընկնավոր է: Աստված նրան ստեղծել է թշվառ, իսկ մայրն ուզում է անպատճառ բախտավորեցնել նրան: Այսօր-վաղը կբռնեն նրա թևից և մի օտար տուն կտանեն: Գիտե՞ փեսացուն, նրա գլխի ապագա տերը, որ իր հարսնացուն ցավագար է: Եթե գիտե, ինչո՞ւ է ամուսնանում մի անբախտ աղջկա հետ և իրան էլ անբախտացնում: Եթե չգիտե, մի՞ թե չպիտի հայտնել:
Եվ անթիվ կասկածներ, միմյանց հաջորդելով, պաշարում էին Սոնայի թույլ ուղեղը և կաշկանդում: Ի՞նչ կլինի, տեր աստված, եթե նա հենց պսակադրության օրը, եկեղեցում չարից բռնվի և ընկնի: Օ՛ օ, ի 'նչ անպատվություն, ի՛նչ ամոթ: Նրա ամուսինը կթողնի նրան ու կհեռանա զզվանքով. մարդիկ երես կդարձնեն և Սոնան կմնա իր մոր գրկում: Երկա ՞ր ժամանակ կմնա ընկած, թե՞ շուտով ուշքի կգա: Վերջապես, ի՞նչպես է ուշաթափվում, ի՞ նչ է անում, ի՞ նչ է խոսում:
– Ասա՛, մայրիկ, խոսո՞ւմ եմ, դելի՞ ն եմ տալիս, ի՞ նչ եմ անում, – հարցնում էր երբեմն իր մորից:
– Ի՞ նչ ես հարցնում, բալաս, ինչ որ լինում է, աստծու կամքով է լինում:
Ավելի լավ չէ՞ , որ Սոնան մեռնի և իր մորն ազատի խայտառակությունից. մեռնի հենց այժմ, այս րոպեին: Բայց ո՞րտեղ է մահը, որ գար, ազատեր նրան այս ցավերից:
– Մեղա՛ քեզ, մեղա' քեզ, – շշնջում էին Սոնայի շրթունքները, երբ նա մահ էր աղերսում, – ասում են, մահ ուզելը մեղք է:
Կիրակի և հինգշաբթի օրերը արբշիռ պայտագործը ճշտությամբ այցելում էր խնամիներին և, եթե ամոթը մի քիչ չզսպեր նրան, պատրաստ էր ամեն օր այցելել, այն էլ ճիշտ այն միջոցին, երբ կարող էր ճաշի հրավիրվել: Նա ասում էր կնոջը, թե փեսացվին հավանում է, իսկ խնամիներին – ոչ: Բռի գյուղացիներ են, մարդավարի վարվելու շնորհք չունեն:
Իսկությունը այն էր, որ ինքը, Ոսկանը, շատ անախորժ տպավորություն էր գործում խնամիների վրա: Նրա մրոտ ձեռները և կեղտոտ դեմքը դուր չէին գալիս մանավանդ փեսացվի մորը և եղբոր կնոջը: Առանց այն էլ այդ կանայք հոգով-սրտով հակառակ էին հացթուխի աղջկան ուզելուն և միայն փեսացվի կամքին էին հպատակվում: Իսկ այժմ մրոտ ու կեղտոտ պայտագործն արդեն սկսել է գլուխ ցավեցնել:
Մի օր նրանց կողմից «չոլախ» Սահարնազն եկավ հացթուխի մոտ և խոսակցության միջոցին ակնարկեց պայտագործի հաճախ այցելությունների մասին: Սոնան ներկա էր և լսում էր: Միջնորդ կնոջ արտասանած յուրաքանչյուր բառը նա ընդունում էր իբր կծու և ամոթալի նախատինք իր հասցեին: Հոր փոխարեն նա ինքն էր տանջվում ամոթից, որովհետև իրան էր համարում այդ նախատինքի պատճառը: Եթե խնամիները չեն ներում իրանց հարսնացվի հոր հարբեցողությունը, ի՞նչպես կներեն, եթե իմանան, որ հարսնացուն ընկնավոր է: Մի վայրկյան Սոնայի մեջ միտք ծագեց պարզապես հայտնել ամեն ինչ Սահարնազին: Թող գնա պատմի նրա ապագա սկեսրին, որ ցավագար է, աստծուց պատժված: Թող միանգամից բանը պարզվի «նշանը» ետ վերցնեն, Սոնան խայտառակվի: Նա պատրաստ էր մինչև անգամ բերանը բանալ և այս բոլորն ասել Սահարնազին, երբ մոր աղերսական հայացքն ընկավ նրա աչքին: Արդյոք, գուշակե ց հացթուխը, ինչ է կատարվում իր աղջկա սրտում, թե դա միայն աննպատակ հայացք էր, բայց Սոնայի լեզուն կաշկանդվեց:
Նույն միջոցին պառավ Զառնիշանն ու Գյուլնազն աշխատում էին Մուրադին համոզել, որ քանի ուշ չէ, ձեռք քաշի իր հարսնացվից:
– Մայրը հացթուխ, հայրը հարբեցող, աղքատ, տկլոր, կեղտոտ, ի՞ նչ ես կպել այդ աղջկանը, – ասում էր «չորաթան» Զառնիշանը:
– Լավ պտուղ չի լինիլ այնպիսի ծնողների զավակը, – կրկնում էր Գյուլնազը:
– Լավ է, թե վատ, կաղ է, կույր, թե թևը կտրած` իմ հարսնացուն է, պիտի պսակվեմ, ես ուրիշ աղջիկ չեմ ուզում, – պատասխանում էր Մուրադը դրական եղանակով:
Կանայք ստիպվեցին լռել, գիտեին, որ ապարդյուն է դիմադրել Մուրադի կամքին: Նա իր ասածի մարդ է, մի անգամ վճռել է, պետք է կատարի, թեկուզ ամբողջ ընտանիքը նրա դեմ ոտքի կանգնի և թշնամանա: Իսկ երկար հակառակվել Մուրադին՝ նրանք վտանգավոր էին համարում: Նա տան «սյունն» էր, եթե բարկացնեին, կբաժանվեր եղբորից և առանձին կապրեր:
Հասավ, վերջապես, հարսանիքի օրը: Հացթուխը հրավիրեց միայն ամենամոտիկ ազգականներին, որոնցից ոչ մեկի հետ նա մինչև այժմ հարաբերություն չէր ունեցել: Նա ուզում էր, որ հարսանիքը որքան կարելի է անշուք անցնի, ոչ ոքի ուշադրությունը չգրավի: Ընդհակառակը, պայտագործը պնդում էր, թե պետք է հրավիրել քաղաքի «պատվավոր» ընտանիքներին, թեև ինքն էլ չգիտեր, որտեղ պետք է նստեցնի, եթե հրավիրի: Հաղթությունն այս անգամ հացթուխի կողմը մնաց, երբ պայտագործը համոզվեց, որ շատ հյուրեր կանչելը մեծ ծախս է պահանջում, իսկ ծախսերի համար փող չկա: Բայց նախքան հարցի վճռելը, ամուսինների մեջ դարձյալ տեղի ունեցավ մի անախորժ վեճ, դարձյալ պայտագործն ուզեց կնոջը հարվածել և դարձյալ Սոնան արտասուքն աչքերին մեջ ընկավ ու նրանց բաժանեց:
Արդյոք, ճշմարի՞տ է, որ հարսանիքի օրն ուրախություն է բերում: Ոչ, երևի, այդպես չի, սուտ են ասում: Ինչո՞ւ Սոնայի համար այդ օրը դարձավ սուր տանջանքների, գաղտնի հառաչանքների, հարյուրավոր չար կասկածների և սարսափների շղթա:
Ահա նա: Կանգնած է մի անկյունում, որ բաժանված է վարագուրով խրճիթի մյուս մասից: Երկու երիտասարդ հարսներ հագցնում են նրան պսակի զգեստ: Նա չգիտե ինչ է կատարվում իր շուրջը, միայն լսում է, որ այսօր հարսանիք է: Նա դողում է, կարմրում, գունատվում, նրա ամբողջ մարմիը մերթ զգում է սառույցի պաղություն, մերթ կրակի տաքություն:
Նա ինքն իրան լիովին հանձնել է ուրիշների կամքին և անշունչ մեքենայի պես կատարում է այն բոլորը, ինչ որ ուրիշներն են կամենում: Կյանքում նա հինա չէր գործածել, երկու շաբաթ էր արդեն նրա գլուխը ստեպ-ստեպ ներկում էին: Նրա գանգուր և շքեղ մազերի գեղեցիկ մուգ ոսկեգույնը, քաղաքի սովորության համեմատ, տգեղ են համարել և աշխատել են սևացնել: Եվ այժմ նրա դեմքի դեղնությունն ավելի է աչքի ընկնում մազերի սևությունից: Հայելի են տալիս նայելու, և նա ինքն իրան չի ճանաչում:
– Ի՛՛ֆ, թուրքի աղջկա եմ նման, – ասում է նա ժպտալով:
Բայց ո՛րքան թույլ է այդ ժպիտը և ի նչպես սազ չի գալիս նրա դեմքի մռայլությանը: Նրան հրամայում են թույլ տալ մի ինչ-որ պառավ թրքուհու, որ նրա դեմքը «գեղեցկացնի»: Մի փոքրիկ մկրատի ծայրով թրքուհին մեկ-մեկ պոկում է նրա գեղեցիկ ունքերի ավելորդ համարած մազերը, սուրմայում է արտևանունքը, ոլորում է վարսերը: Հետո նրան հրամայում են կանգնել, երեսը ծածկում են քողով, գլխին չարսավ են ձգում: Ապա նրան նստեցնում են, նորից հրամայում են կանգնել, նորից նստել: Այնուհետև նորահարսերը բռնում են նրա թևերից և առաջ են տանում: Նրա աչքերը ծածկված են, ոչինչ չի տեսնում: Նա լսում է միայն նորահարսերի շշնջյունները և կատարում նրանց պատվերները: