Бесплатно

Գթության քույրեր

Текст
Автор:
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

– Հա՞, հետո՞… – ընդհատեց ինձ բժիշկը ժպտալով ու հոնքերը վեր բարձրացնելով:

– Ես նրա դեմքի վրա նշմարում էի կարեկից զգացմունք դեպի իմ տանջանքը, ուստի ես էլ իմ կողմից աշխատում էի զսպել ինձ…

– Որպեսզի նա չվշտանա՞:

– Այո՛:

– Հա, հասկանում եմ… – բացականչեց բժիշկը ուրախ ծիծաղելով. – ուրեմն սիրուն կնոջ երկու աչերն էլ նույնպիսի դեր են խաղում ցավեր թմրացնելու նկատմամբ, ինչպես որ կոկայիտն ու քլորակը… նշանակիր այս բանը քո հուշատետրում, collega, – դարձավ նա ընկեր բժշկին, – այս առթիվ անպատճառ հարց պիտի զարթեցնեմ բժշկական ժողովում:

Մենք ծիծաղեցինք: Իսկ այդ վայրկյանին ներս մտավ գթության քույրը:

– Սոֆիա Իվանովնա, հատկապես խնդրում եմ, որ ամեն օր ներկա լինիք մեր այս հիվանդի դարմանադրությանը, – դարձավ բժիշկը երիտասարդուհուն այնպիսի մի լրջությամբ, որ անկարելի էր նրա խոսքի հետևում թաքնված ծիծաղը նշմարել:

– Ամենայն սիրով. բայց ես զբաղված էի. բժիշկ Գրոտն այսօր չորրորդ պալատում…:

– Ախ, դուք կամենում եք արդարանա՞լ. – ընդհատեց բժիշկը, տեսնելով որ աղջիկը սխալ է հասկացել իրեն – չէ, մենք չենք մեղադրում ձեզ, որ այսօր չեք եկել, այլ խնդրում ենք, որ այսուհետև ներկա լինիք… ինչպես երևում է, մեր այս հիվանդը արիանում է ցավերի դեմ` երբ տեսնում է յուր առաջ մի քնքուշ էակ, որ կարեկցում է իրեն… անշուշտ ռոմանտիկ է և ընտիր ասպետ… – այս ասելով բժիշկը նորեն ծիծաղեց, իսկ գթության քրոջ այտերը թեթևակի շիկնեցին:

Երբ բժիշկները հեռացան, Սոֆիա Իվանովնան զբաղվեց դեղերի ու վիրակապի մնացորդը հավաքելով և ընդնմին հարցրեց ինձ ժպտալով.

– Այդ դո՞ւք ցանկացաք, որ ես ներկա լինիմ ձեր դարմանադրության:

– Այո՛, – ասացի ես և բացատրեցի պատճառը:

– Բարի և անկեղծ սիրտ ունիք, արժե խնամել նրան… – ասաց գթության քույրը մի առանձին քնքշությամբ և ապա հավաքած իրերը աղախնին հանձնելուց հետո` ավելացրեց, – թեպետ լավ չէ շարունակ ցավի զգացումը զսպել, այսուամենայնիվ, դա անհրաժեշտ է վիրակապի ժամանակ, որպեսզի բժիշկը կարողանա անվրդով իր գործը տեսնել… այդ պատճառով ես կաշխատեմ ներկա լինել միշտ:

– Բայց դուք մի կարծեք թե ես ուժ եմ գործ դնում ինձ զսպելու համար, ոչ, այլ ես, ուղղակի, քիչ եմ ցավ զգում, երբ դուք ինձ վրա նայում եք կարեկցությամբ, – ասացի ես ծիծաղելով:

– Այդ հո ավելի լավ, – հարեց Սոֆիա Իվանովնան և ինքն էլ ծիծաղեց: Բայց, միևնույն ժամանակ, զգալով, որ երկուսս էլ շատ առաջ գնացինք մեր բացատրություններով, «առայժմ ցտեսություն» ասաց ու դուրս գնաց:

Այնուհետև օրերով շարունակվում էր իմ թևի դանդաղ դարմանումը, որին, գրեթե միշտ, ներկա էր լինում, նաև, գթության քույրը: Տեսնելով իմ կրած, արդարև, ծանրատար և, յուր տեսակում, կարի չարատանջ ցավերն ու կսկիծը, որոնց ես, սակայն, ի սեր յուր չքնաղ ծավի աչերի, տանում էի համբերությամբ, գթության քույրը, կարծես, հետզհետե ավելի էր կապվում ինձ հետ հոգվով և նայում վրաս ոչ իբրև մի օտար հիվանդի, այլ իբրև ազգակցի ու հարազատի վրա: Այդ իսկ պատճառով նա հաճախ գտնում էր, նաև, ազատ ժամեր, մոտս նստելու և մտերմորեն խոսակցելու համար:

Այդպիսի մի օր, հարցրի նրան ուղղակի թե` ի՞նչ է պատճառը, որ իր նման մի սիրուն, դեռ կյանքով ու կրակով լի երիտասարդուհին, որ կարող էր թե իրեն և թե իր նման մի ուրիշ երիտասարդի բախտ ու երջանկություն բերել, փակվել է հիվանդանոցի տխուր պատերում և նվիրել իրեն այնպիսի մի պաշտոնի, որպիսին գթության քրոջ պաշտոնն է:

– Ի՞նչ է, միթե ես դրանով, փոքր ծառայություն եմ անում մարդկանց, – նկատեց նա ժպտալով:

– Ոչ թե փոքր, այլ ընդհակառակը, մեծ ծառւայություն եք անում. բայց բանն այն է, որ դուք այդ ծառայությունն ուրիշներին անելով, ինքներդ զրկվում եք շատ բարիքներից: Դա մի առաքինություն է, որ շատ քչերին կարող է սիրելի լինել: Հենց այդ պատճառով էլ ես հետաքրքրվում եմ իմանալ թե` ինչ շարժառիթներ են սիրելի դարձրել ձեզ այդ առաքինությունը:

Գթության քույրը, որ գեղեցիկ լինելու չափ, նաև, պարզասիրտ էր, ուղղակի պատասխանեց.

– Չեմ հիշում թե առաջ մտածած լինիմ մարդկանց որևէ բարիք անելու, թեպետ չարության ի՞նչ լինելն էլ չեմ իմացել: Դեռ տղա հասակից` ես ավելի եսասեր` քան ընկերասեր էի: Այդ առթիվ հաճախ դիտողություն էին անում ինձ շրջապատողներս. բայց իմ հոգը չէր, ես սիրում էի միայն նրանց, որոնք գգվում էին ինձ, առանց իմ թերության ուշադիր լինելու: Բայց ահա՛ պատահեց մեկը (այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի), որ ծանոթացավ ինձ` հենց իմ եսասիրությունը ծաղրելու շնորհիվ և, սակայն, ես սիրեցի նրան: Դա գեղակազմ մի կադետ է, սիրուն դեմքով, հրապուրիչ աչքերով և վայելուչ շարժվածքով: Հաճախակի տեսակցությունները օգնեցին մեզ` ավելի մոտից իրար ճանաչելու: Այդ ծանոթությունը ծնեցրեց մեր մեջ մի քնքուշ մտերմություն, որն ապա շուտով փոխվեցավ բուռն սիրո: Դժբախտարար կադետը, որ ավարտել էր կորպուսը, պիտի գնար Պետերբուրգ, զինվորական բարձրագույն դպրոց մտնելու: Մենք ստիպված էինք բաժանվել: Այդ անջատումը թեպետ ծանր էր, բայց նա մեր սերը չսառեցրեց, ընդհակառակը, ավելի ևս բորբոքեց: Հինգ երկար տարիների ընթացքում մենք տեսնվում էինք իրար հետ միայն արձակուրդի ամիսներում, երբ երիտասարդը վերադառնում էր հայրենիք: Այդ ամիսները մենք անցնում էինք ամառանոցում` մեր ծնողների հետ, որոնք մեր սիրո վրա նայում էին իբրե մեր ապագա միության գրավականի վրա: Հարկ չկա ասել, որ այդ ամիսները բերում էին մեզ անհուն երջանկություն: Իսկ երբ երիտասարդը հեռանում էր, մենք մեր սիրո զեղումը հանձնում էինք նամակներին, որոնց թիվը մեծ էր լինում և որոնցից յուրաքանչյուրը հաճախ բաղկացած էր մի քանի թերթերից… Ի՞նչ էինք գրում մենք իրար, որտեղից էինք գտնում խոսելու այդքան նյութ, չեմ հիշում, միայն գիտեմ որ այդ նամակները մեզանից խլում էին անթիվ ժամեր և ավելի ևս օգնում մեր սերը բորբոքելուն:

Վերջապես երիտասարդն ավարտեց և վերադարձավ օֆիցերի աստիճանով: Եվ որովհետև նա հարուստ էր, ուստի խոսք չեղավ այն մասին թե` զինվորական վարչությունը կարո՞ղ է արդյոք արգելք լինել նրա վաղ ամուսնանալուն: Մենք նշանվեցանք պաշտոնապես: Ծնողներս պատրաստում էին իմ օժիտը: Մի ամսից հետո պիտի պսակվեինք. այդ ամենքը գիտեին. նույնիսկ իմ ընկերուհիները նոր հագուստներ էին կարում իմ պսակադրության ներկա լինելու համար… Եվ սակայն հենց այստեղ արդարացավ առածը` «Խորհուրդք մարդկան` կամք աստուծո» – Այդ օրերում իմ փեսան` պաշտոնակից օֆիցերների կողմից հրավիրվեցավ մասնակցվելու ընկերական մի որսի, որ տեղի պիտի ունենար մոտիկ կալվածներից մինում: Եվ, ահա, այդտեղ որսի ժամանակ, նա մի դժբախտ դիպվածով` գնդակահար եղավ իր մի ընկերից, որը կատաղի կինճից հալածվելիս` երբ դարձել, արձակել էր հրացանը, գնդակը փոխանակ գազանին դիպչելու, վրիպել, զարկել էր իմ խեղճ փեսացուին, որ այդ ժամանակ գտնվում է եղել թավուտում… Այս դժբախտության լուրը կայծակնահար արավ ինձ: Կորուստը ծանր էր և անդարմանելի. քիչ էր մնում, որ վշտիցս խելագարվեի… բայց ծնողներս հետս էին, նրանք հսկեցին վրաս երկար ժամանակ և ամեն միջոց գործ դրին հարվածի սաստկությունը մեղմելու համար: Այսուամենայնիվ կյանքը կորցրեց ինձ համար իր արժեքը: Ի՞նչ էր նա այնուհետև առանց իմ սիրելուն – իհարկե, ոչինչ: Այս պատճառով սգո ծանր օրերն անցնելուց հետո` ես որոշեցի հեռանալ աշխարհից ընդմիշտ: Բայց կուսանոց մտնել չէի կարող. ի բնե ատում էի անգործության դատապարտված այդ միջավայրերը: Որոշեցի դառնալ գթության քույր, մտնել հիվանդանոց և օգնել այստեղ դժբախտներին. այդ ժամանակ արդեն գիտեի թե ի՞նչ է նշանակում դժբախտ լինել..: Այս նպատակով ահա հեռացա իմ հայրենի քաղաքից և եկա այստեղ: Ծնողներս չընդդիմացան, համոզված լինելով որ այս միջոցը կարող է մեղմացնել իմ ցավը, կամ ժամանակով մոռացնել նրան: Եվ, սակայն, ահա լրանում է երկու տարին, ինչ ես գտնվում ես այստեղ, այսուամենայնիվ, իմ ցավը դեռ էլի այնպես թարմ է, ինչպես որ սրանից երկու տարի առաջ…:

Այս ասելով երիտասարդուհին խոր հոգոց հանեց:

Ես, իհարկե, իսկույն սկսա մխիթարել նրան ամենաքնքուշ խոսքերով, այլև գովել իմ իմաստուն որոշումը, որով ցանկացել էր մեղմել սրտի ցավը` ուրիշներին բարիք անելու խելացի ճանապարհով: Վերջը հարեցի թե` վշտերը, որքան էլ ծանր լինին ու ճնշող, այսուամենայնիվ, նրանք պիտի մոռացվին մի օր և այն ժամանակ կյանքը դարձյալ կքաղցրանա յուր աչքում և այլն և այլն:

Խոսքերս, ըստ երևույթին, հաճելի տպավորություն արին օրիորդի վրա. նրա տխրությունն անցավ, իսկ մի քիչ հետո նա, մինչև անգամ, ժպտաց և գոհությամբ լի աչերը վրաս սևեռելով` ասաց.

– Արդարև, կյանքը այնքան էլ դառը չէ, պետք է միայն աշխատել չդառնացնել նրան:

– Հարկավ, լացողին արցունք չի պակսիլ, ոչ էլ ուրախացողին ծիծաղ… մոռացումը ամենալավ սպեղանին է ամեն տեսակ վշտերի դեմ, ասացի ես:

– Ես էլ, ահա, աշխատում եմ մոռանալ իմ վիշտը այս զբաղմունքով, տեսնենք, կհաջողի՞ թե ոչ:

– Անշուշտ կհաջողի, պետք է միայն արիությամբ աշխատել:

Օրիորդը չպատասխանեց, բայց ժպտաց և ապա սիրալիր մի հայացք ձգելով վրաս` հեռացավ:

* * *

Մինչև այսօր էլ չգիտեմ թե` հոգեկան զգացմունքների ո՞ր գաղտնի օրենքին պիտի վերագրեի այն` որ գթության քույրը յուր ուխտի պատմությունն ինձ անելուց հետո, փոխանակ ինձանից հեռու մնալու, իբրև իր ուխտին հավատարիմ մեկը, ընդհակառակը, հետզհետե ավելի էր մոտենում ոչ մտերմանում և իր ազատ ժամերը, գլխավորապես, նվիրում ինձ: Յուր հաճոյական զրույցների ժամանակ նա երբեմն-երբեմն նայում էր վրաս այնպիսի մի հայացքով, որ թափանցում էր մինչև իմ սրտի խորքը և վառում այնտեղ սիրո՞ թե տարփանքի անժույժ կրակը, կարող` բոցավառելու իմ ամբողջ էությունը: Այսպիսի վայրկյաններում ես ինքս երբեմն շրջում էի աչքերս, որպեսզի կույսի կրակոտ հայացքը չհանդիպեր նրանց և ասել, կամ գործել չտար ինձ այնպիսի մի բան, որ վիրավորական լիներ գթության քրոջ համար: Բացի այդ հայացքները, նրա զրույցներն էլ քիչ չէին գրգռում ինձ: Մի անգամ, օրինակ, նա ասաց ինձ.

– Այստեղ ես շատ հիվանդներ եմ դարմանել, բայց ոչ ոքին այնպես հաճությամբ չեմ այցելել, ինչպես ձեզ: Առաջները, հենց որ գործս վերջացնում էի, կամ հերթապահությունս լրացնում, վազում էի սենյակս և սկսում այնտեղ կարդալ: Այժմ այլևս չեն գրավում ինձ ոչ միայնությունը, ոչ էլ գրքերի ընթերցանությունը: Գործս ավարտելուց հետո` գալիս եմ ձեզ մոտ: Այստեղ, առհասարակ, շատ լավ եմ զգում ինձ…:

Մի ուրիշ օր ասաց.

– Խնդրում եմ այսուհետև չանվանեք ինձ Սոֆիա Իվանովնա, այլ կոչեցեք մեր լեհական սովորությամբ` պաննա Զոֆիա (օրիորդ Սոֆիա): Երբ հետս խոսողն այդ անունով է կոչում ինձ, ես ավելի սիրով եմ լսում նրան:

Որքան հիշում եմ, այս խոսքից հետո էր որ նրա հուր հայացքին ես նույնպիսի մի հայացքով պատասխանելուց հետո դեմքիս վրա, չգիտեմ, ի՞նչ մի նյարդային շարժում արի, որ նա դրանից քաշվելով հանկարծ մարմար ձեռքը դրավ աչքերիս և քնքուշ ձայնով ասաց.

– Այդպես չեն նայիլ գթության քրոջը…:

Ես այլևս հուզմունքիս դիմադրել չկարենալով` հափշտակեցի նրա նուրբ, թավշյա ձեռքը և շրթունքներիս սեղմելով, համբուրեցի ջերմագին:

– Panie! co pan robi, pan siq zapomina… (պարոն, ի՞նչ եք անում, դուք ձեզ մոռանում եք), – բացականչեց նա լեհերեն և ձեռքը խլելով` հեռացավ ինձանից:

 

Բայց դեռ դռանը չհասած` կանգ առավ, հանեց գրպանից առձեռն հայելին և մեջը նայելով ասաց.

– Տեսեք, շառագունել եմ, ի՞նչ կասեն այժմ, եթե այսպես դուրս գամ, ach! jakis niqdrzeczny! (ախ դուք անքաղաքավար), – վերջացրեց նա խոսքը լեհերեն:

Այդ րոպեին նա այնպես գեղեցիկ, այնպես հրաշալի էր, որ նրա խոսքերը, եթե մինչև իսկ լինեին հայհոյանք, ես դարձյալ կընդունեի սիրախոսության տեղ, ո՞ւր մնաց վերջին բացականչությունը, որի մեջ ավելի մտերմական քնքշություն` քան վիրավորանք կար:

– Պաննա Զոֆիա, ներեցեք, որ ձեր սիրուն հայացքին չկարողացա դիմանալ. ներեցեք, որ համարձակվեցա… – ասացի ես:

– Դուք իմ հիվանդն եք, ես ձեզ ներում եմ… միայն թե սա լինի առաջինն ու վերջինը, ապա թե ոչ ես այլևս չեմ մտնիլ այստեղ, – ասաց նա ու դուրս գնաց: Բայց հենց դռնով ելնելիս նա այնպես ժպտաց, որ, կարծես, ասում էր. – «ուրիշ անգամ համբուրիր ավելի ջերմագին»:

Եվ հենց այդպես, էլ արի, որովհետև հետևյալ այցելությունները քանի գնում, այնքան ավելի մտերմական էին դառնում:

Մի օր, երեկոյան դեմ, երբ արևի շողերը փախուստ էին տալիս իմ սենյակի պատուհանից և նրանց փոխարեն` շփվում ապակիներին հովից շարժվող ծառի ոստերը, պաննա Զոֆիան դիմացս նստած` լսում էր իմ մի հետաքրքրական պատմությունը, որ վերաբերում էր, արդարև, գովասանքի արժանի իմ քաջագործության: Դա հետևյալն էր:

Կուրսկ քաղաքում գտնված ժամանակ, հրավեր ստացա այդտեղի մի կալվածատիրոջից` էլեկտրական լուսավորություն հաստատելու իր կալվածքում, որը գտնվում էր Կուրսկից դեպի արևելք գտնվող Ռատ գետի վրա: Այդտեղ պետք է գնալ դեպի Տիմ քաղաքը տանող խճուղիով: Կեսօրվա մոտ էր, երբ մենք հասանք Ռատին: Կամրջին մոտենալուց` գետափնյա թմբին տեսա գիմնազիոնի երեք աշակերտուհիներ, որոնք մոտակա ամառանոցաբնակներից էին և եկել էին այդտեղ ծաղիկ ժողովելու: Բայց տեղն, ուր նրանք շրջում էին, վտանգավոր էր. հողը կարող էր փլչել և նրանք երեքն էլ կթափվեին գետը: Հենց այս մտքի մեջ` հրամայեցի կառապանին` շուտ հասնել կամրջին, որպեսզի աղջկերանց խորհուրդ տայի հեռանալ: Եվ, սակայն, իմ նախազգացումը հառաջեց զգուշությանս: Հազիվ ձիաները ոտք դրին կամրջին, և ահա փլավ գետափի այն մասը, որի վրա կանգնած էր օրիորդներից մեծը, որը և ճչալով սահեց դեպի վար: Մյուս երկուսն իրենց տեսնելով անկարող` ընկերուհուն օգնելու, սարսափի աղաղակով ետ փախան դեպի դաշտը: Մինչդեռ ես իսկույն ցատկեցի կառքից դեպի կամուրջը և տեսա որ աղջիկը ոգորում է ջրերի հետ: Էլ ժամանակ չկար հանվելու: Շտապով ազատվեցա վերնազգեստից ու կոշիկներից և անմիջապես ցած թռա դեպի գետը: Աղջիկը, բարեբախտաբար, քիչ լողալ գիտենալով` կարողպցել էր մի քանի վայրկյան պահել իրեն ջրի վրա. բայց հագուստն ամբողջապես ողողված լինելով պիտի սուզվեր շուտով ջրի հատակը: Սակայն, մինչև այդ` ես վրա հասա: Եվ որովհետև ինքս լավ լողորդ էի, ուստի որքան էլ հանգամանքներն աննպաստ, այսինքն որ ջուրը հորդացած էր, ափը` բարձրադիր և անկռվան, իսկ մենք երկուսս հագուստով, այսուամենայնիվ բավական միջոց հոսանքի հետ կռվելուց հետո` վերջ ի վերջո աղջկան ափը հանեցի ողջ առողջ:

– Բռավո, – գոչեց Սաբորինը և ի նշան խրախուսանքի թոթվեց ընկերոջ ուսը:

– Ահա, հենց իմ պատմության այդ տեղում, – շարունակեց լեհացին, – մեկ էլ տեսա պաննա Զոֆիան…

– Բայց ի՞նչ եղավ ազատված աղջիկը, – ընդհատեց ռուսն ընկերին:

– Ի՞նչ պիտի լիներ, միացավ ընկերուհիներին և շտապեց դեպի տուն ողողված հագուստները փոխելու:

– Իսկ դո՞ւ:

– Ես էլ, որ, ըստ սովորության, հետս փոխնորդ ունեի, հագա այն հենց այնտեղ, իմ կառքի մեջ և ճանապարհը շարունակեցի:

– Ի՞նչ արավ պաննա Զոֆիան, այն ասացեք, – հետաքրքրվեցա ես:

– Հա. պաննա Զոֆիան, որ սրտատրոփ լսում էր պատմությունս, որը ես, իհարկե, պատմում էի ավելի մանրամասնորեն, այլև համեմում վիպական նկարագրությամբ, հենց որ իմացավ թե` «երկար ոգորումներից» հետո, ես «վերջ ի վերջո», ազատեցի «վեշտասանամեա» գեղեցիկ օրիորդին Ռատի «կատաղի ալիքներից», հանկարծ բացականչեց մեր Սաբորինի պես`

– «Ապրե՛ս… ահա՛ թե ի՞նչ երիտասարդի արժե սրտանց սիրել»… Եվ այս ասելով` խոնարհեց դեպի ինձ, առավ գլուխս ձեռքերի մեջ և իսկույն էլ ճակատիս դրոշմեց մի շտապ ու ջերմ համբույր…:

– Հիանալի՛… Հրաշալի՛… Ա՛յ թե որտե՞ղ է մեր առածն արդարանում` нет худа без добра: Եթե պայթյունը չպատահեր, թևդ չէր վիրավորվիլ. եթե թևդ չվիրավորվեր, հիվանդանոց չէիր մտնիլ. եթե հիվանդանոց չմտնեիր, պաննա Զոֆիան քեզ չէր համբուրիլ…: Հիանալի՛ է, հիանալի՛, – բացականչում էր Սաբորինը հրճվանքով, առանց մտածելու թե` այդ պատմությունն սկսված էր իր դժբախտությունը հաստատելու նպատակով:

– Այդ օրից հետո, – շարունակեց լեհացին, – սկսվեց մեզ համար սիրահարության երկրորդ և ավելի բուռն շրջան: Բայց դրա հետ միասին էլ ողջունում էր թևս: Այժմ ես ոչ միայն կարողանում էի շարժել այն ազատորեն, այլև նրանով ջերմությամբ գրկում էի իմ գթության քրոջը, որին յուր համբույրից հետո` չէի անվանում այլևս պաննա Ջոֆիա, այլ ուղղակի Զոֆիա, որ լեհերեն փաղաքշական է:

Երբ բժշկապետը հայտնեց թե` թևս արդեն առողջ է, ուստի կարող եմ մի քանի օրից թողնել հիվանդանոցը, ես ուրախացա: Թեպետ այդտեղից ելնելուց` ես պիտի զրկվեի չքնաղ Զոֆիային հաճախ տեսնելու բարեբախտությունից, այսուամենայնիվ, դրսումն էլ կային բարիքներ, որ ցանկանում էի վայելել: – Երկու ամիս էր` ինչ փակված այդտեղ անշարժ ու անգործ, ծծում էի հիվանդանոցի ծանր ու անախորժ և դեղահոտերով տոգորված օդը: Պետք էր, վերջապես, ազատվել նրանից, վայելել արևի լույսով ողողված օդը և վերսկսել վաղուց ընդհատված իմ աշխատությունը, որի մեջ ես միշտ ավելի էի գտնում թե՛ հանգիստ և թե՛ ուրախություն: Այդ իսկ պատճառով շատ չէի վշտանում սիրելի բարեկամուհուցս անջատվելու համար:

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»