Бесплатно

Բանաստեղծություններ

Текст
0
Отзывы
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

ՔՅՈՌՕՂԼՈՒ

ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ

(Անկատար)

1. ՆԱԽԵՐԳ

 
Անկա՛ջ արեք, թարիֆ անեմ Քյոռօղլուի քաջ արարքը,
Քյոռօղլուին շատ են սիրել մեր պապերը ու մեր հարքը.
Ո՞վ չգիտի Քյոռօղլուի անմահական գործքն ու բարքը,
Մինչ էս օրըս աշուղները մեջլիսի մեջ նըրա վարքը
Պատմելով` մոռացնում են լըսողներուն դիփ աշխարհքը:
Մայիսի բըլբուլ էին նըրա չունգրի անուշ լարքը,
Նըրա նետը ղանադ ուներ` դուզ հասնում էր մինչ ամպերը,
Նըրա թուրը ադամանդի` կըտորում էր արկաթները,
Հայելու պես պըսպըղում էր նրա հատու սուր խանջերը,
Ի՞նչ է ժանգը` չէին խաբար նրա զենք ու զրահները.
Մինչ էս օրըս սարսափում են Սուլթանի խեղճ նոքարները,
Հիշելով Քյոռօղլուի անցած գընացած արարքը:
Նըրան անկեղծ սիրում էին հայը, թուրքը ու պարսիկը,
Թե դուշմանը, բարեկամը, ջահել տղեն ու աղջիկը.
Սըխրագործությանը նըրա ու մեծանձնության խաբրիկը
Բարձր Յալբուզ սարից բռնած` անցել էին մինչ Հնդիկը,
Հազար հոգի անջաղ ուներ նըրա հեծվոր քաջ գընդիկը,
Աշխար կաներ տակնուվըրա, թե չէր խավրել շուտ աստղիկը:
Անկա՛ջ արեք քյոռ աշուղիս` ձեզ հրաշալի բան եմ ասում,
Ջահել տըղե՛րք, լավ ուշք դըրեք` զարմանալի բան եմ ասում.
Սիրուն կուսանք, լավ միտք դըրեք, արտասվելի բան եմ ասում,
Հարգո ծերեր, ինձ լըսեցե՛ք, ձեր պապերու բանն եմ ասում,
Հայ քրիստոնյայք, ազգի իշխա՛նք, խորհրդավոր բան եմ ասում,
Ուշկով միտքով ականջ դըրեք, ձեզ ամենիդ բան եմ ասում:
 

2. ԱՇՈՒՂ

 
Աշուղի լեզուն դըրիստն է ասում ամեն մի բանին,
Իր անմեղ հոգին ոսկով չի ծախում նա Մամոնային.
Միշտ մեկն է ասում նա` թեկուզ յարին, թեկուզ դուշմանին,
Չի վախում խոսել դրիստն առաջի ահեղ ատենին:
Աշուղն ամենի խաթրին գըլուխը ղուրբան է դընում,
Տըխրած որ տեսնի` ինքն էլ նըրա հետ անկեղծ է տըխրում.
Ծիծաղողի հետ ինքն էլ է իսկույն ուրախ ծիծաղում:
Հաղով ծընել է մորը արգանդեն, հաղով է մեռնում.
Աշուղը թեկուզ յաշովն իլի հարուր տարեկան,
Նըրա միամիտ պարզ հոգին մընում է միշտ մանկական:
Խոջա ու քյասիբ, տեր ու ծառա են նըրա սիրական,
Հավասար մարդ են` թեկուզ քրիստոնյան, թե մահմեդական:
Վառ արեգակը ամենի համար լուս է ու պայծառ,
Միայն աշուղին ցերեկվա մեջն էլ մութ է ու խավար,
Մութն է աչքերը, բայց լուս է հոգին, սիրտն է բոցավառ,
Քանց գըրագետեն լեզուն ունի նա անուշ ու ճարտար:
 

3. ՔՅՈՌՕՂԼՈՒԻ ՍԱԶԸ

 
Էն բարձր ժեռուտ սարի գագաթին բազա՞ է նըստած,
Թե՞ էծը վայրի ջըլոտ ոտներով է էնտեղ հասած.
Ամպի կտո՞ր է կըպել երկնամերձ էդ սարի ծայրին,
Թե՞ ծառ կամ մացառ բըսնում, աճում են անբընակ վայրին:
Ո՛չ ծառ և ո՛չ բույս, ո՛չ հավ թևավոր և ո՛չ անասուն
Կարող են հասնել ոտով կամ թևով էդ սարի գըլխուն.
Էդ սարի օդեն մենակ մեկ մարդու դոշըն է ծըծել,
Էդ սարի գըլխուն մենակ մեկ մարդու ոտըն է կոխել.
Սըրընթաց Ռաշտի ոտքըն էդ սարում ճամփա է բացել
Ու Ռաշտի նալը նըրա կըշտերից կըրակ է հանել:
Բայց այժմուս չի կա ո՛չ մարդը, ո՛չ ձին` էդ սարի վըրեն,
Լոկ քամին ազատ իջնում է էնտեղ ամպի մեջերեն,
Ու լուսնի շողքը պայծառ գիշերուն հանդարտ ու հեզիկ,
Մարդոցմե թաքուն պար են բոլորում` զինչ անմեղ մանկտիք.
Ու սարի քաջքը գիշերվա մըթին վըհուկներու հետ
Ճըչում, ոռնում են, հետո հորինում կաքավ անհեթեթ:
Մոլորված ճամփո՛րդ, շուտով հեռացի՛ր ահավոր տեղեն.
Քըշե՛ ձիդ առաջ, խանջերըդ հանե՛ արծաթ պատենեն,
Տեսնու՞մ ես բերդը էդ սարի գըլխին. չար դևի նըման
Հազար բոցեղեն շանթեր կու շաղե բիրդեն քու վըրան.
Չըգիտես յանի, որ դիվաբընակ էդ սարի գըլխուն
Քաջ լաշքյարովը իր բունն է դըրել ահեղ Քյոռօղլուն:
Ճամփեդ երկար է առաջիդ, ո՛վ մարդ, սրտանց աղոթե՛,
Որ քու աստվածը մեղավոր հոգիդ մահե ազատե:
 

4. ԲԱԶՄԱԿԱՆՔ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԱՇՈՒՂԻՆ

 
Աշուղ, բըլբուլն է քեզ ավանդել իր քաղցր լեզուն,
Քերովբե՞ն է դիպել իր սուրբ մատերով քու սիմ լալերուն,
Քու սուր բերանո՞վն յարաբ խոսում է արքան իմաստուն,
Անցածն ու գալուն քեզ ո՞վ է հայտնել, ո՞վ անուս գիտուն:
Դիպչե՛ մատերով արծաթ յարերուն խոսնակ չունգուրին,
Անշունչ թելերուն շու՛նչ տուր, խոսեցու՛ր լեզվով մարդկային.
Թո՛ղ պատմե մեզի գործքը դյուցազանց անցած դարերին,
Ո՞վ էր բնակիչը էդ դիվաբընակ վայրի սարերին:
 

5. ԱՇՈՒՂԸ ՊԱՏՄՈՒՄ Է

 
Սուլթան Մահմուդ բըռնավորը օրես երկու դար անցած,
Ղըզըլբաշի մեծ տերության ոսկեգահույքն էր նըստած.
Նըրա ղոշում նոքարներու չիկար թիվը, հեսաբը,
Անպատմելի զալըմ մարդ էր, ասում է հին քիթաբը:
Հե՞ր է խըռով ժողովուրդը գոռոզ Մահմուդ Սուլթանին,
Մեկզմեկով խըռնված են ինչո՞ւ պաշտողք Ղուրանին.
Ի՞նչ է հարցնում բազմությունը էդ խուժադուժ իրարից,
Չիլի՞ Շահին չար խաբար է հասել իշխան խաներից,
Չիլի՞ քուրդը վըրա տվել, թալանել է Հերաթը,
Չիլի՞ Վիրքը դոշում առած` հասել է մինչ Սեհրաթը:
Մեկանց երեսն ուրախ, զվարթ, մյուսներին խիստ տըրտում,
Կեսը հա՛յ-հա՛յ, կեսը վա՛յ-վա՛յ ասում, լալիս ու խընդում.
Ղըզըլբաշն է հա՛յ-հա՛յ ասում, վա՛յ ասողը խեղճ հայն է,
Վա՛յ վագլախը մեր խեղճ ազգի քամբախտ կյանքի կես փայն է.
Վա՛յ ասելով` օրը մաշեց, լուս արևը մըթացուց.
Վա՛յ ասելով` թագը կորցուց, ձեռի թուրը բըթացուց.
Ա՛խ ազգի, վա՛յ, ի՞նչ ողբ կարդամ էդ անիծած քու ձենին,
Քեզ ո՞վ ցանեց հայու երկրում, որ պինդ կըպար մեր սըրտին:
Կուլի՞ յարաբ մեկ օր, երբ դու իսպառ կորչես մեր մեջեն,
Կուլի՞ օր մի, երբ ցավք ու դարդք հայի հոգին չի տանջեն…
Ամա… աչքըդ շու՛ռ, տուր, նայե՛ դու էս երկու քամբախտին, —
Մեկի աչքը արտասվալի, արնաշաղախ մյուսին.
Որ լալիս է արտասուքով թըխամազ է ու ջահել,
Իսկ մեկելի գըլխուն վաղուց տարիքն իր ձյունն է ցանել…
Պատմութենիս միտքը կարճ է. Շահը խիստ էր բարկացել
Իր նոքարի վըրա, իսկույն հրամայել էր կուրացնել.
Կուրացնել էր նա հրամայել, սըրատեսին կույր դարձնել,
Ա՛խ, գիտե՞ք դուք, հասկանու՞մ եք, թե ի՛նչ բան է կույր ասել:
 

6. ԿՈՒՐԻ ՀԱՂԸ

 
Չունգուր իմ խոսուն, դու թարիֆ արա՛ խեղճ կուրի հալը,
Օրենը քանի՞ անիծում է նա իր աշխարհ գալը.
Ի՞նչ է պետք նըրան աշխարհքիս գանձը, հարըստի մալը,
Մագամ չե՞ն հավսար թե փշրած շուշեն, թե անգին լալը:
 
 
Արևի շողքը էրեսը էրում է, էրում,
Կուրը արևի տեսքին համաշա հասրաթ է մընում,
Երկիր ծաղկազարդ, երկինք աստղազարդ` երազ են թըվում
Խեղճին հավասար մութ են լույս ցերեկ, խավար իրիկուն:
 
 
Գարունն է գալիս, փըռում է գետնին նախշուն խալիչան,
Կոչունք է անում, մեջլիս են գալիս հավեր զանազան.
Ծաղկունքն էլ գալիս կանաչ ու կարմիր` նոր հարսի նըման,
Գարնան մեջլիսին անհրավեր մընում է կույրը միայն:
 
 
Օրը մթնում է, թուխպը քողում է երկնից դիմակը,
Հազար կամարից չախմախ է տալիս ամպից կեծակը,
Կանաչ-կարմիրը կամար է կապում ծագաց ի ծագը, —
Միայն խեղճ կուրի համար անտես է աստծո փառքը:
 
 
Հերն ունի որդի, մերն ունի աղջիկ` նազլու ու սիրուն,
Զավակը ծնողաց երեսն նայելիս` խընդում է, ցընծում,
Ծնողը զավակի վըրեն նայելիս` ինսան է տեսնում.
Ի՞նչ շահ է կուրին, թե ունի զավակ` տեսնել չէ կարում:
 

7. ԶՐՈՒՑ ՀՈՐՆ ՈՒ ՈՐԴՈՒ ՄԵՋ

 
Ծերը ասաց ջահել տըղին. – «Տե՛ս աշխարքիս քոռ բախտին,
Քըսան տարվա աշխատանքիս վարձն ա՛յս էր, վա՛յ իմ գըլխին.
Որդյակ, ինչ որ հիմի տեսար` մըտքիդ պահե՛ հավիտյան,
Եվ ինչ որ քեզ պատմելու եմ չի մոռանաս ցօր մահվան:
 

 
Լըսե՛ իմ որդի, լըսե՛, սիրական,
Սրտի դարդերը հորըդ չուառական,
Լըսե՛ դու ուշքով հորըդ զըրուցին
Ու մի՛ մոռանար մինչ շունչըդ վերջին:
Վառվում է սիրտըս բոցով գեհենին,
Արունըս եռում դամարիս միջին.
Հոգուս մեջ ոխը դադար չէ տալիս
Ինձ ո՛չ օր ցերեկ, ո՛չ ժամ քընելիս:
Ա՛խ, ես այս օրվա՞ն պիտի հասնեի,
Դուշմանիս մինչ վերջ հաղթող տեսնեի,
Ինչո՞ւ պակսեցավ ուժը իմ սըրտեն,
Որ սուր չառի ձեռս դուշմաններուս դեմ:
Քանց այսպես թըշվառ օրեր անցնելը
Բյուր պատիկ լավ չէ՞ր փառքով մեռնելը…
Ո՛հ, որդյա՛կ, որդյա՛կ, անիծիր դու մի՛,
Ալևոր հորըդ օրեն ցավալի.
Բա՛վ է, որքան ես գըլուխս եմ լացել.
Արուն արցունքով մահիճս եմ թացել.
Մի՛ դու էլ նորից անիծիր ինձ, մի՛,
Արևուդ մատաղ, ազիզ իմ որդի.
Լըսե՛, իմ որդի, լըսե՛, սիրական,
Սըրտի դարդերը հորըդ չուառական…
 

ԱՆՎՆԱՍ ՄԱՐԴ

ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նվեր Մն. Թիմուրյանին
 
Живя согласно со строгою моралью
Я никому не сделал в мире зла.
 
Некрасов
 
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի.
Արժանացա մեծ-մեծ պատվո ու փառաց,
Որ միմիայն նըպատակն էր իմ կենաց.
Տունըս առատ ազգի ազգի ուտեստով,
Սընդուկներըս լի թանկագին ըզգեստով,
Ծառաներըս մունջ, միշտ հլու հրամանիս,
Անպակաս էր ոսկի, արծաթ գըրպանիս:
 
 
Բայց ո՞վ տեսավ երկրիս վրա անփուշ վարդ,
Այսպես հավերժ փառքով լըցյալ չի կա մարդ.
Այո՛, հասան ինձ էլ օրեր դառնագին,
Բայց իզու՛ր, զի հանցավոր չէր իմ հոգին.
Ես մընացի Տիրոջ կամքին հընազանդ,
Աղոթելով տիվ և գիշեր ջերմեռանդ:
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի:
 
 
Մի օր ծառաս կոտրեց իմ մեծ հայելին,
Որ կարժենար քիչ-քիչ հազար ֆիորին.
Ես չասացի նորան խոսքեր անվայել,
Այլ ստիպեցի վեց ամ ձըրի ծառայել.
Այս դիպվածը նորան խըրատ կը լիներ,
Թե որ մինչև յոթներորդը նա ապրեր:
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի:
 
 
Մի օր եկավ իմ մոտ մի խեղճ պատանի,
Խընդրեց, որ ես դընեմ նորան մի բանի.
Խիստ չափավոր էր թըշվառի խընդրածը,
Բայց էն տարի շատ թանկագին էր հացը.
Չընդունեցի. նա էլ գընաց ջուրն ընկավ.
Ափսո՛ս տըղա, որ նա էդպես շուտ մեռավ:
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի:
 
 
Մի օր տեսա մի ալևոր մուրացկան,
Որ վեց տարի առաջ այգիումս էր վարձկան.
Խոշբեշ արի հետը, սիրով խոսեցի,
Սրանից սավայ` ո՞նց է քեֆըդ, հարցուցի.
Բայց նա հանկարծ ինձնից խընդրեց մեկ մանեթ.
Ես զարմացա սաստիկ ու շուտ դարձա ետ:
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի:
 
 
Մի օր որդիս իրա կամքով, անհրաման,
Սընդուկիցըս հանեց հինգ թե վեց թուման.
Ես իմացա, վըրա հասա բըռնեցի,
Ձեռքը կապած` դատավորին մատնեցի.
Շատ չի անցավ վախից խեղճը թույն կերավ:
Ահա՛, էսպես միակ հույսը իմ կորավ:
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի:
 
 
Իմ Շուշանի սիրտը կըպավ Օհանին.
Էդ Օհանի ծընողք չունքի խեղճ էին,
Ես Շուշանիս տվի հարուստ քոռ Գոգուն,
Որ համրանքով չըգիտեր չափն իր ոսկուն.
Բայց քամբախտ էր ծընած օրից խեղճ Շուշան,
Վեց ամիսից մըտավ թաց, սառ գերեզման:
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի:
 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ

 
Տեղը եկավ` հայ է նա, տեղը եկավ` այլազգի,
Իրոք ո՛չ այդ և ո՛չ այն է, այլ ծընունդ մի նոր ազգի:
Հագնվում է նա միշտ en grand, ման է գալիս à la chigue,
Ճաշ է ուտում, ո՞ւր եք կարծում, chezDussean կամ Dominigue.
Կարդում է նա Morning, Dèbats ոչ Բազմավեպ, ah! Fi, donc!
Ֆրանսերեն է կոտրատում, հայերենն է moivais ton,
Զարթում է նա ուղիղ մեկին, անկողնի մեջ թեյ խըմում,
Նախաճաշիկն է երեքին, գաղիացի պանդոկում,
Վեցին քառորդ` ճաշի ժամ է չընաշխարհիկ մեր հային,
Ոչ թե ստիպված է այդ անել, այլ որ վերան շատ խոսին:
Ուշի-ուշով հետևում է Պետերբուրգի լուրերուն,
Դերձակից էլ ճիշտ տեղյակ է новомодный շորերուն.
Թեև զուրկ է մուզիկայից, բայց опера սիրում է,
Бозио-ի անուշ ձենից սորա խելքը գընում է,
Պինդ խոսում է, ինչ որ կանխավ feuilleton-ում է կարդել,
Խոսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել,
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զըրույցին,
Պախարակում է Hugo-ին ու սիրում է Դիկկենսին:
Նա սիրում է, նա ատում է ո՛չ սեփական իր խելքով,
Նա խըմում է, նա ուտում է ոչ իր բերնի ճաշակով:
Նրա խելքը feuilleton – ն է прейс-курант-ն ճաշակը,
Ու Գիտությանց Ճեմարանը է, ո՛ր ասես պանդոկը:
Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,
Ու ետ դառնում իր հայրենիք` դատարկ խելքով ու ջիբով:
Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են անհեթեթ,
Միայն ինքն է խելոք, գիտուն, իսկ այլք` կոպիտ ու տըգետ:
Այդ ի՛նչ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,
Նա է հիմար, որ անարժան տա պատիվը հիմարին.
Բընութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,
Մեծ հունար չէ փողոցներում աննըպատակ միշտ ման գալ:
 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԱՂՋԻԿ

 
Շուշա՛ն, շուտով, դեմքըդ ծածկե՛, ձյուն դու թվի՛ր մըրոտած,
Տե՛ս, սիգաճեմ ման է գալիս հայ աղջիկը մեր կըրթված,
Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!
Այստեղումը бледный են դիփ` հա՛մ աղջըկունք, հա՛մ կնանիք:
Ի՞նչ է գաղտնին бледный-ության, այդ հայտնի չէ ոչ ոքին,
Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին:
Առավոտ է. մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում.
Гвардеец է, լա՛վ միտք արեք, հայ չէ, անշնորհ ու տըգետ,
Гвардеец է, փայլուն շորով, ուսին դըրաձ эполет.
Տուն կմըտնի, գըլուխ կըտա այնպե՛ս սիրուն, շնորհաշուք,
Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук!
Էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի,
Гвардеец – ին դուր չի գալը խիստ է նորան ըզգալի:
Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով:
Բարձի տակը պահած ունի նա Qeorge Sande-ի roman-ը,
Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.
Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար
Սիրո զգացմունք, սիրո խոսքեր – կանանց սըրտին մխիթար:
Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե
Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է:
Հայո՛ց աղջիկ, հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չի խաբիլ:
Гвардеец-ին դուր չես գալի, – ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս,
Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս:
Դու փո՛րձ փորձե նորից դուր գալ, անուշ ժպտա՛ ու խոսե՛,
Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է:
Բայց մի՛ թողնիլ դու Qeorge Sande – ին, идеал-իդ մի ուրանալ.
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.
Բայց զգուշացի՛ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ հային մի՛ մատնիլ:
Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан-ին, гусар-ին,
Քըսանհինգըդ մոտենում է, հա՛յ աղջիկ, վա՛յ քու հալին:
Հայո՛ց աղջիկ, հայո՛ց աղջիկ, գնա առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ:
Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին, —
Վընաս չի կա, – подруг-ներըդ դորա համար ճար ունին.
Երբ որ տանն ես` մի՛ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ,
Դուրս գնալիս` лик-իդ ձըգե՛ դու կըրկնածալ հաստ вуаль,
Հարցնողներից ուշի-ուշով ծածկե՛ տարիդ ծընընդյան,
Ու ամենին հավատացու՛ր, որ տասնութ ես տարեկան:
 
Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»