Бесплатно

Չար ոգին

Текст
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

Դու պետք է այդ դիվահարից ձեռ քաշես: Դո՛ւրս հանիր իմ տնից չարին, թող գնա ծնողների մոտ:

– Հենց ա՞յդ էիր ուզում ասել, – հարցրեց Մուրադը, – ուրիշ ասելիք չանի՞ս:

– Ես ունիմ, մեջ մտավ Կարապետը: – Տասն օր է տնից չես դուրս գալիս, գործերդ մնացել են անտեր, ես մենակ ոչինչ չեմ կարողանում անել: Թե չես ուզում, որ կոտր ընկնենք, խայտառակվենք, խելքդ գլխիդ հավաքիր, դո‘ւրս եկ տնից: Կարճ-կտրական եմ ասում. եթե այս անգամ էլ խոսքս չես լսիլ, եղբայրդ չեմ, կթքեմ, կհեռանամ: Ես կնիկ ունիմ, երեխաներ ունիմ, եթե քեզ համար չմտածեմ, նրանց համար պարտավոր եմ մտածել:

Մինչ Կարապետը խոսում էր, նրա կինը, – Գյուլնազն աչքերը հառել էր Սոնայի վրա և չարախնդությամբ ժպտում էր: Նրա դեմքն այնքան ատելի թվաց Մուրադին, որ սա չկարողացավ իրան զսպել և գոչեց.

– Երևի կնիկդ է սովորեցրել քեզ կարճ-կտրական խոսել: Որ այդպես է, ես էլ իմ վերջին խոսքն կասեմ, ինչ ուզում ես, կարող ես անել, ես իմ կնոջից բաժանվողը չեմ, թեկուզ կոտր ընկնենք ու խայտառակվենք քաղաքում:

– Դա վերջին խո՞սքդ է, – հարցրեց Կարապետը:

– Վերջին խոսքս է:

– Լավ: Մենք էլ մեր ասածը կանենք:

Ասաց Կարապետն և երեսը խստորեն ետ դարձնելով հեռացավ: Երեք օր անցած՝ իր մոր միջոցով կրկնեց նույն սպառնալիքը և Մուրադից ստացավ միևնույն պատասխանը: Մնում էր, որ նա իր խոսքը կատարի, բայց այդ էլ շատ դյուրին չէր: Նախ, պառավ Զառնիշանը ավելի կհամաձայնվեր ինքն երկու կտոր լինել, քան թե տեսնել իր երկու որդիներին միմյանցից բաժանված: Երկրորդ, Կարապետը բացի այն, որ առանց Մուրադի անթև էր զգում իրան, սիրում էր և խղճում էր նրան: Նա տեսնում էր, որ օր-օրի վրա Մուրադն ընկճվում է վշտի ծանրության ներքո և անկեղծ սրտով ուզում էր նրան փրկել: Նա համոզված էր, որ եթե այդպես շարունակվի – Մուրադը կխելագարվի: Գիժ-Դանելի օրինակը նրա աչքերից չէր հեռանում: Նա միշտ փիլսոփայորեն կրկնում էր.

– Վա՛յ այն մարդուն, որ իր ցավերը ներսումն է պահում…

X

Դժբախտ օրից հետո հացթուխը մի երկու անգամ փորձեց իր աղջկանը տեսնել, խնամիները դռներից ետ դարձրին նրան: Այնուհետև նա այլևս չէր գնում աղջկա մոտ: Իսկ պայտագործը վաղուց արդեն դադարել էր այցելել Սոնային: Եվ կարիք էլ չէր զգում, քանի որ ամեն օր շուկայում տեսնվում էր իր փեսայի հետ: Մուրադը քաղաքավարի կերպով իր աներոջ ափի մեջ գրեթե ամեն անգամ սեղմում էր մի թղթադրամ, իսկ պայտագործը կրկնում էր.

– Մինչև եղբորիցդ չբաժանվես, երեսս տանդ չես տեսնիլ:

Այժմ, երբ Մուրադը շուկայում չէր երևում, Ասկանի տրամադրությունը շատ վատ էր:

– Այնքան աղջկաս չեմ ուզում տեսնել, ինչքան փեսայիս, – ասում էր նա վրդովված:

Եթե համոզված լիներ, որ Մուրադը չի վռնդիլ, անհապաղ կվազեր նրա մոտ սովորական տուրքը ստանալու հույսով: Բայց չկար մեկը, որ նրան ասեր, թե կարելի է Մուրադի հետ տեսնվել: Նա փորձեց դիմել գիժ-Դանելի միջնորդությանը, բայց խենթը բարկացավ և երեսը դարձրեց նրանից:

Ամեն օր Դանելը շտապով գալիս էր հացթուխի մոտ, շշնջում էր նրա հետ և շտապով հեսանում: Կարծես, նա այժմ չարաչար զբաղված էր մի շատ կարևոր և անհետաձգելի գործով: Նա գնում էր Սոնայի մոտ ժամանակ-անժամանակ: Շատ անգամ նորահարսի հետ չէր տեսնվում ոչ էլ Մուրադի հետ էր խոսում: Մտնում էր բակը, անցնում էր այս ու այն կողմ, նայում էր այս ու այն անկյունը և իսկույն անհետանում, որպեսզի նորից երևա անսպասելի կերպով: Երբեմն մոտենում էր այս կամ այն լուսամուտին, նայում էր ներս, խույս տալով տնեցիների հայացքից, և գավազանը սպառնական ձևով օդի մեջ պտտեցնելով, հեռանում էր: Պատահում էր, որ պառավ Զառնիշանը կամ Գյուլնազը նկատում էին պատշգամբի վրա, բակում կամ փողոցի դռների առջև մի կապույտ շապիկ, որ մի վայրկյան փայլում էր և իսկույն չքանում: Նրա հոգին տիրում էր ամբողջ տան վրա: Բոլորն և ամեն րոպե զգում էին նրա ներկայությունը, միևնույն է, այնտեղ էր նա, թե ոչ: Ամենից ավելի զգում էր Սոնան: Նրան թվում էր, որ իր գլխին հավաքվում են սև ամպեր, և խենթի ոգին ճգնում էր մի սոսկալի որոտման առաջն առնել:

Այդ սև ամպերը նա տեսնում էր Գյուլնազի չարախինդ աչքերի մեջ և Զառնիշանի հողագույն դեմքի վրա: Պառավը տենդային հուզման մեջ էր: Այն օրից, երբ Մուրադը դրականապես մերժեց բաժանվել կնոջից, նա սկսեց ամեն միջոց գործ դնել իր որդուն «չարից» փրկելու: Սոնայի աչքից խույս չէին տալիս այդ միջոցներից և ոչ մինը: Նա տեսնում էր Զառնիշանին չոքած, կուրծքր ծեծելիս և աղոթելիս, լսում էր նրա անեծքներն իր դեմ և շրթունքները ներքին կսկծից ամուր կրծոտում էր: Նա գիտեր, որ իր սկեսուրը ոչ մի միջոց չպիտի խնայի իր տան մեջ բուն դրած «դևից» ազատվելու համար և երբեմն խղճում էր պառավին:

Բոլոր սրբերին աղոթելուց, բոլոր հմայիչներին դիմելուց հետո, մնում էր մի պառավ պարսկուհի, որ բնակվում էր քաղաքի ետ ընկած թաղերից մեկում: Զառնիշանն մի օր այցելեց նրան և խնդրեց օգնել իր որդուն: Պարսկուհին մի մեծ գավաթ ջրի վրա հմայեց և ասաց, որ պետք է անձամբ տեսնի Մուրադին:

Մյուս օրը Զառնիշանն ընդունեց հմայիչին իր տանը: Սոնան տեսավ պարսկուհուն և իսկույն հասկացավ, ինչու համար է կանչված: Հմայիչը դիտեց Մուրադին ոտից մինչև գլուխ, հետո խոսեց Սոնայի հետ: Նրան ուղղակի ոչ ոք չէր ասել, թե նորահարսը ընկնավոր է, ասել էին միայն, թե նա է Մուրադի «հիվանդության» պատճառը:

Մի շարք կողմնակի հարցեր տալուց հետո, պարսկուհին հայտնեց, թե նորապսակները չար աչքի են ենթարկված, թե Սոնայի աչքերում մի ինչ-որ սև բան է տեսնում, Մուրադը նրան թվում է կախարդված: Զառնիշանը հիացավ պարսկուհու գուշակությունից և ավելի հավատաց նրա գաղտնի զորոլթյանը: Պարսկուհին պատվիրեց մի ագռավ բռնել, գլխիվայր պահած խեղդել և թաղել բակի այն տեղում, ուր Մուրադը սովորաբար անցուդարձ է անում գիշերները: Դա բժշկության նախերգանքն էր. բուն միջոցները պետք է գործադրվեին հետո: Պարսկուհին մի շաբաթ ժամանակ խնդրեց այդ միջոցների մասին մտածելու և, մի կտոր թել կապելով Սոնայի ցուցամատին, հրամայեց չբացանել այդ թելը, մինչև մյուս անգամ գալը:

Մի ծանր բեռն էր թվում այն մի կտոր թելը: Սնահավատությունը նրան թելադրում էր, թե այդ թելի կտորից է կախված նրա վիճակը: Ամեն գիշեր նա տեսնում էր տարօրինակ երազներ, որոնց մեջ նրա ցուցամատը միշտ գլխավոր դեր էր կատարում: Առավոտյան զարթնելիս նա իսկույն նայում էր ցուցամատին, կարծես, սպասելով մի որևէ հրաշքի: Առանց այն էլ, գիշեր-ցերեկ հանգստություն չուներ, այժմ իրան զգում էր երկաթյա շղթայով կապկապված, և այդ շղթան դարձյալ մատի թելն էր: Այժմ մահ էր ցանկանում, ինչպես ցանկանում էր մի ժամանակ իր ծնողների տանը: Տեսնում էր ամուսնու լուռ տանջանքները, լսում էր նրա խուլ հառաչանքները և այն միտքը, որ ինքն է բոլորի պատճառը, մորմոքում էր նրա սիրտը: Հիշում էր մորը և զգում, թե այժմ որքան է նա տանջվում:

– Առ հոգիս, աստված, առ, – շշնջում էին նրա շրթունքները առավոտ-երեկո:

Պատահեց մի անսպասելի փոփոխություն: Մի առավոտ Մուրադը հանկարծ տնից դուրս եկավ և գնաց շուկա: Տնեցիները ուրախացան, ուրեմն պարսկուհու միջոցները ազդում են: Նույն օրր Կարապետը ասաց, որ Մուրադը այժմ սկսել է գործերով հետաքրքրվել:

Իսկությունն այն է, որ Մուրադը, տեսնելով իր մոր տանջանքը և եղբոր անհանգստությունը, փորձեց գործով զբաղվեի նրանց թախանձներից ազատվելու համար: Այնուհետև ամեն օր դուրս էր գալիս: Բայց տանը տակավին շարունակում էր լռել և տխուր անցուդարձ անել գիշեր – ցերեկ:

Ուղիղ յոթ օր անցած կախարդուհին եկավ: նորից հարց ու փորձ արավ, նորից տան բոլոր սենյակներն և անկյունները դիտեց: Նա բաց արավ Սոնայի մատի թելը, բարձրացրեց օդի մեջ, նայեց, նայեց և, կամացուկ քայլերով մոտենալով նորահարսի ննջարանին, հանկարծ մի ճիչ արձակեց, չոքեց շեմքի վրա և սկսեց իր սուր եղունգներով հատակը փորել: Բոլոր տնեցիները երկյուղով և ապշած նայում էին նրան:

– Այս տան մեջ դև կա, – ասաց պարսկուհին և ոտքի կանգնեց:

Աչքերը լայն բաց արած՝ նայում էր չորս կողմը, իր ոսկրոտ ձեռները օդի մեջ շարժելով: Կարծես նա աշխատում էր դևին որսալ, որ խեղդի իր մագիլներով:

– Տվեք ինձ մի կտոր կուպր, սև թել և մի հատ վեգ, – ասաց նա խորհրդավոր:

Սոնային հրամայեցին իսկույն բերել պարսկուհու ուզած բաները: Դողալով և սարսափահար գտավ այդ բաները և բերավ: Պարսկուհին յոթն անգամ թելը չափեց, յոթ թիզաչափ կտրեց, յոթն անգամ փաթաթեց վեգի շուրջը: Յոթն անգամ կշկուռեց և յոթն անգամ զարկեց հատակին: Հետո վեգը փաթաթեց կուպրով, տրորեց ձեռների մեջ, երեսը դարձրեց դեպի արևմուտք, աղոթեց, անեծք կարդաց երկրին, կպրած վեգը կպցրեց Մուրադի ննջարանի դռան շեմքի վրա և թելի ծայրը բևեռեց հատակին:

Այս բոլորը նա կատարում էր դեմքը ծռմռելով և խորամանկ աչքերը պսպղացնելով: Տնեցիները լուռ և զարմացած դիտում էին նրան: Նայում էր և՛ Սոնան: Կախարդուհու ամեն մի շարժումը նրան ցնցում էր պատճառում: Նա և վախենում էր պարսկուհուց, և՛ զզվում: Եվ այս երկու զգացումներն այնքան զորեղ էին, որ նա մերթ զգում էր կրակիդ տաքություն, մերթ սառույցի պաղություն:

Երևի, պարսկուհին զգում էր, որ ինքը նորահարսի վրա ազդում է, և այդ ազդեցությունը ավելի զորացնելու համար նա շուտ-շուտ կնճռում էր և սուր ու անշարժ հայացքով նայում նրա աչքերի միջին: Այդ հայացքը Սոնային հիշեցրեց դարձյալ օձային աչքերի ձգողական ուժը: Դարձյալ հիվանդ երևակայությունը սկսեց բորբոքվել: Նրա աչքերի առջև պատկերացան միմյանցից այլանդակ, անբնական և սոսկալի տեսարաններ: Հանկարծ նրան թվաց, որ պարսկուհին չքացավ և նրա կանգնած տեղում բացվեց մի մթին անդունդ: Սոնան քաշ էր ընկած այդ անդունդի վրա. օդի մեջ, առանց որևէ նեցուկի: Այդ տևեց ընդամենը մի վայրկյան, ապա ամեն ինչ ստացավ նրա աչքում սովորական տեսք: Բայց նրա հոգին տակավին պատած էր մի տեսակ մառախուղով: Նա անգիտակցաբար անցավ իր ննջարանը, դռները հետևից ծածկեց: Քանի մի րոպե անցած, տնեցիները այնտեղից լսեցին մի ինչ-որ խուլ թրմփոցի ձայն: Իսկույն դիմեցին այն կողմը: Հատակի վրա թավալվել էր Սոնան և ցնցվում էր: Պարսկուհին խոր-խոր նայեց նրան և գոչեց. – Դևը, դևը…

Նա սկսեց կատաղի պտույտներ գործել ընկնավորի շուրջը: Ապա պահանջեց մի սուր: Պատի վրա քարշ արած էին Մուրադի զենքերը: Գյուլնազը վերցրեց մի դաշույն և տվեց պարսկուհուն: Պարսկուհին մերկացրեց դաշույնը, թքեց երեք անգամ նրա սայրերին և ծայրով հատակի վրա, ընկնավորի շուրջը, գծեց մի շրջան, արտասանելով.

– Յահուդի, ջհուդի, յահուդի, ջհուդի, այրել, խեղդել, հալած կուպրի մեջ գցել, խաշել, խաշել, խաշել…

Եթե Զառնիշանի սրտում կասկածի նշույլ մնացել էր կախարդուհու զորության մասին, չքացավ: Պարսկուհին դաշույնը ցցեց հատակին և հրամայեց դռները փակել ու ընկնավորին թողնել մենակ: Բոլորն անցան մյուս սենյակը: Սոնան մնաց մենակ, հատակի վրա ընկած, երեսը դեպի լուսամուտը:

Մեկը լուսամուտի փեղկերը կամացուկ բաց արավ և մի ոստյունով թռավ ներս: Նա չոքեց հիվանդի մոտ և գգվանքով ու ցավակցությամբ լի հայացքը ձգեց նրա երեսին: Երբ ընկնավորը սթափվեց, նայեց շուրջը, չճանաչեց իր մոտ նստողին:

– Ես եմ, Մանիշակ, ես եմ, – ասաց ոտաբոբիկ, գլխաբաց և կիսամերկ ծերունին, իր կոշտ ձեոով շոյշոյելով նրա մազերը…

Այդ միջոցին մյուս սենյակում Զառնիշանը աղերսում էր կախարդուհուն փրկել Մուրադին այդ «դևից»: Նա չէր հոգում ընկնավորի մասին, թող Սոնան ոչնչանա, միայն թե պառավի որդին ազատվի:

 

– Դևը դև է կանչում, սատանան ընկեր է սիրում, – արտասանեց կախարդուհին խորհրդավոր եղանակով:

Երբ նրան հարցրին այս խոսքերի միտքը, նա իր ոսկրոտ ձեռների ցուցամատերը կպցրեց միմյանց և ցցեց օդի մեջ:

– Հասկանում եմ, – ասաց Գյուլնազը:

Կախարդուհին խոստացավ Մուրադի փրկության մասին մտածել և, վարձն առնելով հեռացավ:

Մի ամբողջ շաբաթ չէր երևում: Այնինչ Մուրադի թախիծը ոչ միայն չէր անցնում, այլ օրից օր ծանրանում էր: Ճշմարիտ է, այժմ նա տնից դուրս էր գալիս, բայց, Կարապետի ասելով, ավելի լավ էր տանը նստեր, քան թե դուրս գար և այնպես պահեր իրան:

– Մի բան ես հարցնում, աչքերը չռում է, երեսիդ մտիկ անում: Մարդկանց հետ խոսել չի ուզում: Եթե խոսեցնում են – նեղանում է: Երեկ մի գյուղացու փող տալիս, տասը մանեթ ավել է տվել, մյուսից պակաս է վերցրել: Հաշիվ բան չի պահում, դավթարներն ուզում է պատռել: Իմ տունը քանդում է, աղատեցեք նրան այդ ցավից…

– Կսպանեմ ինձ ու իմ որդուն կազատեմ չարերի ձեռքից, – Գոչեց Զառնիշանը, իր գլխի մազերը փետտելով:

– Պետք է ազատել, – ավելացրեց Գյուլնազը:

Այժմ նրանց ցանկությունն էր, որ Սոնան մեռնի, այնքան ձանձրացել էին այդ կարճ միջոցում: Քաղաքում արդեն տարածվել էր Սոնայի ցավագար լինելու լուրը: Կանայք զանազան պատրվակներով գալիս էին Զառնիշանի մոտ, ընկնավորին տեսնելու: Ոմանք ակնարկում էին, թե առաջ էլ գիտեին Սոնայի ցավագար լինելը, միայն չէին ուզում ասել: Իսկ ոմանք, կարծես, մի առանձին հաճույք էին զգում՝ շոշափել Զառնիշանի սրտի վերքը – մանրամասնաբար հարցնելով Սոնայի մասին: Պառավը զգում էր, որ շատերը թեև արտաքուստ ցավակցություն են ցույց տալիս, ներքուստ ուրախ են նրա դժբախտությանը: Այդ ավելի գրգռում էր նրան և ավելի նրա սիրտը լեցնում ատելությամբ դեպի Սոնան:

Գյուլնազին առանձնապես կատաղեցնում էր Սոնայի դեմքը: Այդ դեմքը տակավին փայլում էր գեղեցկությամբ, թեև օր-օրի վրա նրա կենսականությունը պակասում էր, սքողվելով թմրության թանձր ստվերով:

Այժմ կախարդ-պարսկուհին հաճախ երևում էր Զառնիշանի տանը: Հարս ու սկեսուր միշտ խորհրդակցում էին նրա հետ: Պարսկուհու գործ դրած միջոցները չէին օգնում: Մուրադը քանի գնում այնքան լռակյաց, անմատչելի և մռայլ էր դառնում և այնքան նիհարում:

– Որդիս կայծակ խփած ծառի պես ոտի վրա չորանում է, – ասում էր Զառնիշանը պարսկուհուն, ձեռները կրծքին խփելով, – ազատի’ ր նրան:

Չորս ամսվա ընթացքում Սոնան վեց անգամ ուշաթափվեց: «Հարվածները» քանի գնում այնքան շուտ-շուտ էին կրկնվում, միևնույն ժամանակ այնքան թուլանում էին: Այլևս ընկնավորն առաջվա պես սաստիկ չէր խրխռում, չէր թավալվում և ոչ էլ այնքան երկար միջոց ընկած մնում: Ախար հաճախ կրկնվելով, նվազում էր առանձին հարվածների ուժը: Բայց ընկնավորի մարմնի թուլությունը, դեմքի դեղնությունը, աչքերի ապշությունը քանի գնում՝ այնքան ավելանում էին: Նա օրից օր դառնում էր մտամոլոր, մոռացկոտ, անտարբեր: Շատ անգամ մի սենյակից մյուսը մի բանի համար գնալիս մոռանում էր, թե ինչու համար էր գնում: Կանգ էր առնում և ապշած աջ ու ձախ նայում: Երբեմն ձեռին բռնած իրերը դուրս էին սլկվում և ընկնում: Գրեթե օր չէր անցնում, որ մի աման չկոտրեր: Մի անգամ խոհանոցից դուրս գալիս, ձեռներից բաց թողեց մի ամբողջ տասնյակ ափսեներ և փշրտեց: Մի ուրիշ անգամ թաց թողեց նավթով լի կանթեղը: Ապակին կոտրվեց, նավթը, տարածվելով հատակի վրա, ապականեց թանկագին պարսկական գորգը: Զառնիշանը այնպես կատաղեց, որ նորահարսի գլխին ձեռով խփեց: Այլևս նա չէր վախենում Մուրադից: Այնուհետև պառավի ձեռը սովորեց հարվածվել: Գյուլնազը շտապեց նրա օրինակին հետևելու: Սոնան ընդունում էր այդ հարվածները լուռ ու մունջ և չէր ուզում առ այժմ այս մասին հայտնել իր ամուսնուն: Բայց նա տանջվում էր, և տանջվում էր ոչ այնքան այդ հարվածներից, որքան կախարդուհու գործ դրած միջոցներից: Իսկապես այդ միջոցները անմիջապես նրան չէին վերաբերվում, բայց այն միտքը, թե պառավ պարսկուհին վարձված է Մուրադին փրկելու ընկնավոր կնոջից, մթին ուրվականի պես գիշեր-ցերեկ հալածում էին Սոնային, պահելով նրան անընդհատ սարսափի մեջ:

– Ինձ տանջում են, չարչարում են, – ասաց նա մի անգամ միայն գիժ – Դանելին:

Խենթի աչքերն արյունով լցվեցին կատաղությունից:

– Ո՞վ է տանջում, ո՞վ, – գոչեց նա, գավազանը ձեռի մեջ սեղմելով:

Սոնան զղջաց իր գանգատի մասին և ետ վերցրեց իր խոսքը: Գիտեր, որ խենթը պատրաստ է բոլորի գլուխը ջախջախել իր գավազանով:

– Քավթառ ֆալչին ինչո՞ւ է գալիս այստեղ, – հարցրեց գիժ-Դանելը, – պատառ-պատառ կանեմ նրան…

Մի օր նա, փողոցում բռնելով պարսկուհու կոկորդից, սեղմեց նրան պատին և գոռաց,

– Դու ի՞նչ գործ ունիս այս տանը, հը՛մ, ասա, թե չէ – կխեղդեմ:

Բարեբախտաբար նույն միջոցին Մուրադը տուն էր վերադառնում, կախարդուհուն ազատեց խենթի ձեռից: Պարսկուհին կատաղած մտավ Զառնիշանի մոտ, գանգատվեց, որ «դևերը» նրան քիչ էր մնում խեղդեին փողոցում և ասաց, թե այլևս չի կարող Մուրադի բժշկությունով զբաղվել: Զառնիշանը աղերսեց նրան անօգնական չթողնել իր որդուն:

Այն ժամանակ պարսկուհին պահանջեց մի գավաթ ջուր և հմայեց: Ձեռները հենած գավաթի եզրին, աչքերն հառել էր առաստաղին և ինքն իրան շշնջում էր: Նա մտքում խոսում էր դևերի հետ, կամենալով թափանցել նրանց գաղտնիքը: Հանկարծ նրա բիբերը սկսեցին արագ-արագ պտտել շրջանակների մեջ, և մի տեսակ ինքնամոռացության մեջ, մատներով խեղդելով իր կոկորդը, արտասանեց,

– Այսպես, այսպես, պրծա, վյաս սալամ, շյուդ թամամ…

Զառնիշանը և Գյուլնազը նայեցին միմյանց աչքերին ու գունատվեցին: Կախարդուհու գնալուց հետո նրանք երկար ժամանակ խորհրդակցեցին: Հայտնվեց, որ պարսկոլհու խորհրդավոր ձևերի և խոսքերի իմաստը երկուսն էլ միատեսակ են հասկացել…

Օրերն անցնում էին, ընտանիքի դրությունը ավելի ու ավելի անտանելի էր դառնում: Կարապետը հուսահատված էր, գործերը քայքայվում էին: Ձմեռվա սկզբին բկացավից մեռավ նրա երկու տարեկան աղջիկը, իսկ մեծ որդին ծանր հիվանդությունից հազիվ առողջացավ: Զառնիշանը և Գյուլնազը այս բոլորի պատճառը Սոնային էին համարում: Նա, միայն նա բերեց նրանց տուն այդ թշվառությունները: Նա պետք է տակն ու վրա անի ամբողջ օջախը, կոտորի ընտանիքի բոլոր անդամներին:

– Երազ տեսա, չար երազ, – աղաղակեց մի առավոտ Զառնիշանը, անկողնից վեր թռչելով:

– Սայլերով սուրբ էինք գնում: Մուրադը նստած էր դեղին ձի: Նրանց առջև դուրս եկան հազարավոր սև կատուներ: Մուրադը մտրակով կռվում էր նրանց հետ: Հանկարծ կատուներից մեկը մարդու պես բռնեց նրա կոկորդից և սկսեց խեղդել: Մուրադի բերանից փրփուր էր գալիս, երեսը կապտել էր:

– Դեղին ձին նրա կնիկն է, սև կատուները դևերն են, որդուս ազատեցե՛ ք, – գոչեց պառավը, ավարտելով իր պատմությունը:

Դեկտեմբերի ցուրտ օրերից մեկն էր: Մոտակա ձյունապատ լեռներից փչում էր շունչ կտրող սուր քամի: Կարապետը և Մուրադը շուկայումն էին: Գյուլնազի զավակները՝ գնացել էին իրանց հորաքրոջ – Նարգիզի տուն նրա երեխաների հետ խաղալու:

Զառնիշանը և Գյուլնազը նստած էին մեջտեղի ընդհանուր սենյակում, որ «դահլիճ» էր անվանվում: Պառավը քրսինի վրա քառասուներկու սիսեռներով հմայում էր, հարկավ, Մուրադի մասին: Գյուլնազը կար էր անում: Երկուսի էլ դեմքերը մտազբաղ էին, երկուսն էլ միևնույն մտքով էին զբաղված, այն է – ի՞նչպես ընտանիքն ազատել չարից: Ներս մտավ կախարդ պարսկուհին, մի ծուռ փայտի վրա հենվելով և ցրտից դողդողալով: Նա բարևեց և անմիջապես նստեց քրսինի մոտ:

– Սա ինչ պաղ է, – ասաց նա, երբ իր սառած ոտները մտցրեց քրսինի տակ:

– Ասա անունը կտրվածին, կրակ դնի, – դարձավ Զառնիշանը Գյուլնազին:

«Անունը կտրված» նա կոչում էր Սոնային: Մինչև նորահարսը դրսում քրսինի համար նոր կրակ էր վառում, Զառնիշանը, Գյուլնազը և պարսկուհին խոսում էին նրա վերաբերմամբ: Այսօր երեքի աչքերն էլ արտահայտում էին մի առանձին չարություն: Թե ինչ խոսեցին – այդ մնաց գաղտնիք: Բայց թե մի բան վճռել էին, այդ գուշակեց նրանց դեմքերից Սոնան, հենց առաջին վայրկյան, երբ ներս մտավ:

Նա ձեռին բռնած էր մի մեծ երկաթի ածխակալ, որ լիքն էր վառ ածուխով: Թեժ կրակի կապույտ լեզվակները բարձրանում էին վառ ածուխից, միմյանց շփվելով և միմյանց կլանելով: Խոշոր կայծերը ճարճատելով ցնդվում էին օդի մեջ, հանգչում և սև բծերի պես ընկնում հատակի վրա:

– Կրակը լավ չի վառված, – ասաց Զառնիշանը Սոնային. գլուխներս կբռնի:

Սոնան երեսը ետ դարձրեց, որ կրակը դուրս տանի նորից փչելու…

– Լա՛վ, չի ուզիլ, ցրտից փետացանք, ածա, ինչ կլինի, թող լինի…

Սոնան վերադարձավ, մեջքից թեքվեց, բարձրացրեց քրսինի վրա ձգած կրպետն ու վերմակը և կրակն ածեց քրսինի տակ, ուղիղ կենտրոնում փորված մի ձմերուկի չափ փոսի մեջ: Զառնիշանը զգաց թեժ կրակի տաքությունը, ոտները հանեց քրսինի տակից և հրամայեց Սոնային բաց թողնել քրսինի մի կողմը , որպեսզի ածուխի վտանգավոր հոտը դուրս գա:

Պարսկուհին անթարթ աչքերով նայում էր Սոնայի երեսին: Նայում էր և՛ Գյուլնազը իր ապակյա անշարժ աչքերով: Այն վայրկյանին, երբ Սոնան, իր սկեսրի հրամանը կատարած, ձեռը հենեց հատակին ոտքի կանգնելու, նկատեց այդ երկու զույգ չարաշուք աչքերի սուր հայացքները: Նա հիշեց այն երեկոն, երբ առաջին անգամ տեսավ Գյուլնազի ապակյա աչքերը և սարսափեց: Այժմ այդ սարսափը նրան թվաց նախախնամության կողմից տրված նախազգուշության նշան ապագայի մասին… Նույն վայրկյանին նս հիշեց իր մորը, հորը, որոնց վաղուց չէր տեսել: Դեռ առավոտից մի առանձին փափագ էր զգում տեսնել իր մորն և վճռել էր, եթե Դանելը գա, խնդրի նրան մի կերպ հացթուխին գտնի – բերի – իր աղջկա հետ տեսնվելու: Ամբողջ օրը նրա աչքերի առջև էր այն աղքատիկ խրճիթը, ուր անց էր կացրել իր մանկության տարիները, – այն կավյա խաղատիկինները, որոնց հետ ուրախացել էր և վշտացել: Այժմ, այն վայրկյանին, երբ պարսկուհու և Գյուլնազի չարագուշակ հայացքները բևեռված էին նրա վրա, հիշեց և՛ Մուրադին, որ ծխախոտը ձեռին, աչքերն անորոշ տարածության մեջ հառած, անցնում էր նրա առջևով, գունատ, մտամոլոր, դժբախտ: Նրա հետևից անցնում էր գիժ-Դանելը , գավազանը կրծքին բռնած, գլուխր վեր բարձրացրած, երգելով իր մելամաղձիկ և վշտահնչյուն երգերից մինը: Ախ, որքա’ն պարզ և կենդանի էին այդ բոլոր պատկերները: Նա զգում էր նրանց մերձավորությունը, լսում էր նրանց շնչառությունն անգամ… Բայց բոլորը հեռու էին նրանից: Մի ինչ-որ աներևույթ ձեռ ձգեց մի սև վարագույր նրա աչքերին… Եվ ամեն ինչ մթնեց Սոնայի համար…

Պարսկուհու և Գյուլնազի հայացքները շարունակ հառած էին նորահարսի վրա: Իսկ պառավ Զառնիշանը նայում էր նրան: Գյուլնազը սփրթնած էր: Կախարդուհու սեղմված, հողագույն և բարակ շրթունքները ցնցվում էին, բայց ոչ ցրտից, ինչպես առաջ, այլ գուցե աներևույթ դևերի սարսափից:

Այն վայրկյանին, երբ Սոնան ընկավ հատակի վրա, Գյուլնազը բնազդմամբ ոտքի թռավ, կախարդուհին նույնպես: Երկուսն էլ նայեցին Զառնիշանին:

– Ազատեցե՛ք որդուս, – շշնջաց պառավը մի տեսակ ինքնամոռացության մեջ, ձեռներով աչքերը ծածկելով:

Այդ շշնջման և այդ շարժման մեջ կար սոսկալի բան:

Առաջինը Գյուլնազը բռնեց Սոնայի ցնցվող բազկից, բայց իսկույն ետ քաշվեց: Նրա ձեռները կաշկանդվեցին: Կախարդուհին իր ջղոտ, պղնձագույն ձեռներով բռնեց ընկնավորի թևերից և քաշեց նրան դեպի քրսինը: Գյուլնազը փակեց դռները և լուսամուտները: Զառնիշանը շարունակ ծածկում էր աչքերը ձեռներով: Չար վհուկը նստել էր քրսինի վերմակի վրա, աշխատելով, որ չբարձրանա և դրսից օդ չմտնի քրսինի տակ:

Լսվում էին խուլ խրխռոցներ, ապա մի երկարատև ճչոց և հետո ծանր, սարսռեցուցիչ հառաչանքներ, որ, կարծես, երկրի ստորոտիցն էին գալիս: Ընդամենը այդ տևեց հազիվ մի քանի րոպե:

Այնուհետև ամեն ինչ լռեց…

Դռները դղրդացին և սենյակի մեջտեղում արձանացավ մի ոտաբոբիկ և գլխաբաց ծերունի, որի կապտագույն շապիկը հազիվ հազ ծածկում էր նրա մարմինը: Նրա կարմրած աչքերը պտտում էին շրջանակների մեջ, աջ ու ձախ փնտրելով մեկին, իսկ գլխի գզգզված մազերը ցցվել էին վեր, ինչպես ամեհի առյուծի բաշը:

Գյուլնազը կանգնեց պարսկուհու առջև, որպեսզի անտեսանելի կացուցանի նրան խենթի աչքերից: Պարսկուհին բարձրացրեց քրսինի վերմակն ու կարպետը և, բռնելով ընկնավորի ոտներից, դուրս քաշեց նրան:

– Տվե՛ք ինձ, տվե՛ք ինձ, – աղաղակեց գիժ-Դանելը և, ուժգնաբար հրելով պարսկուհուն և Գյուլնազին, հարձակվեց Սոնայի վրա:

Ընկնավորը անշնչացած էր: Ո՛չ ցնցվում էր, ո՛չ խրխռում և ոչ նրա բերանում փրփուր կար: Միայն նրա դեմքը սաստիկ կապտած էր և ուռած, աչքերի բիբերը դուրս ցցված, մազերը խանձված և ճակատը տեղ-տեղ սևացած…

– Պատառ-պատառ կանեմ, գոռաց խենթը և, մի ձեռով թավալելով կախարդուհուն հատակի վրա, սկսեց խեղդել նրան:

Զառնիշանն անշարժ, սարսափած և ապշած նայում էր եղերական տեսարանին, Գյուլնազը փորձեց ազատել պարսկուհուն կատաղած Դանելի ձեռքից: Բայց արդեն ուշ էր…

Другие книги автора

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»