Бесплатно

Ժառանգներ

Текст
Автор:
0
Отзывы
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

– Արտա՜շ, կա՜ց, թո՜ղ Ավագն էլ գա, միասին ճաշենք:

Արտաշը թեև լսում էր քրոջը, բայց յուր մտքի մեջ խորհում էր և չէր կարողանում բացատրել այդ համակրության պատճառները:

Երբ Արտաշին հանձնեց Մամոն Ամիրխանենց կայքերի կառավարչությունը, Ավագը թողեց Սուլոյի հոտը և սկսեց արածեցնել Արտաշի ոչխարները: Ամեն առավոտ, երբ Աննմանը պաշարը տալով ճանապարհ էր գցում Ավագին, ասում էր.

– Տե՜ս, գառներիս լավ պահպանի՜ր, չլինի՜ թե նրանց գայլը տանե: Մի քիչ հեռանալուց հետո ետևից կանչում էր.

– Ավա՜գ, շատ մի ուշանալ, ոչխարները շուտ տուն բեր կթելու: Շատ անգամ, երբ Ավագը ոչխարի գլուխը բռնած կանգնած էր լինում, Աննմանը նրա ներկայության ուրախությունից հրճված և ամեն վիշտ ու հոգնածություն մոռացած, ոչխար կթելով ասում էր.

– Ա՜յ տղա, ոչխարները քու թևի տակ գառի պես խելոք կանգնում են, քեֆս գալիս է կթելիս, իսկ անշնորհք Օհանի գրկից թողնում փախչում են, կաթն էլ թափում:

Ավագը սիրուց հարբած, թովված շատ անգամ լռում էր և երբեմն-երբեմն էլ կցկտուր պատասխաններով բավականանում.

– Այդ նրա համար է, որ դու…

Արտաշը բանի էությունը հասկանալով, Ավագից ոչխարները ետ առել, տվել էր ուրիշ հովվի և սրա հետ ընկերանալով, միասին էին կատարում վարուցանքը: Ավագը զրկվել էր Աննմանի հետ ազատ տեսակցելուց ու խոսակցելուց, երջանիկ օրերը արդեն պաշտոնական ձևերի էին փոխվել, և նրանք պատրաստվում էին շուտով իրենց մուրազին հասնելու: Քրոջ այսպես բուռն սերը և նրանից այնքան շուտ բաժանվելու և առանց տանտիկնոջ մնալու հարցը այնպես էր ազդել Արտաշին, որ վճռել էր ինքն էլ ամուսնանալ, և Աննմանը հանգամանքների հետ ծանոթ լինելով, հայտնել էր եղբորը, որ ինքը տանից չի դուրս գալ, մինչև որ նա հարսը տուն չբերե և յուր ձեռքով տան ամեն կարգն ու սարքը չհանձնե եղբոր կողակցին:

Աննմանը բոլորովին իրավացի և արդարացի էր համարում յուր պնդումները: Նա, որպես հայի աղջիկ, չէր ուզում, որ յուր հոր օջախի ծուխը, որը թեև մի կարճ Ժամանակ կտրել էր թշնամին, բայց ինքը եղբոր հետ նորից բարձրացրել, իր հեռանալովը դարձյալ մեռելության դատապարտվի: Նա սրտի վշտից կմեռներ, եթե յուր մատաղ տարիներում կարգած ու սարքած տունը առանց կառավարչի մնալով, կործանման դատապարտվեր՝ կամ երբայրը, առանց օգնականի մնալով, հուսահատության մատնվեր: Բացի այդ, նրա սիրահար աչքերը, որոնք վարժված էին յուր նմանների սրտի խորքերը թափանցելու, արդեն վաղ նկատել էին եղբոր՝ Արտաշի սրտի գրավված լինելը: Աննմանը յուր հեռատեսությամբ շատ վաղ դիտել էր և նկատել, թե ինչպես Արտաշի քայլերն ակամա ուղղվում էին միշտ Մինասենց դռան առաջից, թե ինչպես նրա վախկոտ հայացքները որոնում էին Անահիտի դեմքը:

Արտաշը սիրահարված էր, ինչպես ջերմ կերպով սիրահարվում են տասնևութ տարեկան պատանիները, և Մինասի աղջիկը՝ Անահիտը, համապատասխանում էր նրան: Արտաշը սրտի խորքերում յոթ ամիս փայփայած այս գաղտնիքը չկարողացավ ծածկել քրոջից, որը եղբորից երեք-չորս տարով առաջ գաղափար էր կազմել սիրո մասին և պաշտում էր անհուն սիրով:

Սերը Արտաշի հոգեկան բոլոր զգացումները վերափոխել էր և նրա մտավոր հայացքներն ընդարձակել: Նա անհագ խմելով սիրո բաժակը, հարբել, սկսել էր երևակայել, երազել և մակաբերել այն ապագան, որն իրենց էր սպասում: Նրա վառվռուն երևակայությունը ի՛նչ զմայլելի և ի՛նչ զարհուրելի տեսարաններ չէր պատկերացնում, ի՛նչ սոսկալի մտքեր չէր ծնեցնում նրա գլխում: Արտաշի սրտում, սիրո աճած ամիսներում, ինչ տեսակ նոր-նոր մտքեր չէին աճում նրա գլխումը կյանքի, վայելքի, գոյության և ապագայի մասին… Նա շատ անգամ խորասուզվում էր այդ մտածությունների ծովում և ժամերով, օրերով չէր կարողանում խաղաղության ափը հասնել…

Այսպիսի րոպեներում նրա մտքի առաջ ներկայանում էր իսկույն գոռոզ հայրը, որի առաջ խոնարհվում էին ոչ միայն թշվառ գյուղացիք, այլև շատ անգամ բեգերն ու պաշտոնականները: Հիշում էր և հոր ձերբակալվելը, հայրական տան կործանումը և իրենց ստրկական վիճակը Սոնայի և Հասոյի դռանը: Այս տեսարաններին հաջորդում էին այն սոսկալի անցքերը, որոնք պատահել էին իրենց հարևանների և շրջակա գյուղացիների հետ, և այս բոլորից հետո նա զգում էր կատարելապես իրենց վիճակի անապահովությունը, իրենց ամենազարհուրելի կացությունը: Նա բավական կլիներ, եթե յուր մշակած հողի արդյունքից մի քսաներորդ բաժինը իրեն թողնեին, յուր երևակայած երջանիկ ընտանիքը խաղաղությամբ կերակրելու համար, բայց փորձը և մտածմունքները բերին նրան այն եզրակացության, որ ինքը մի կատարյալ ստրուկ է, որի ոչ միայն ինչքը, բոլոր աշխատության պտուղը պատկանում էր յուր տիրոջը, այլև ինքը, կինը, որդիքը, սերունդը կույր կերպով հնազանդվելու, ծառայելու և իրենց բռնակալ բեգի ամեն պահանջները կատարելու պարտավոր են: Նա ծախված գերուց է՜լ սոսկալի էր գտնում յուր դրությունը, որովհետև փողով գնած գերու տերը, յուր փողի սիրուց ստիպյալ կերակրում, հագցնում և պատսպարում էր յուր գերիներին իրենց արժեքի համեմատ, բայց Մամո բեգը ոչինչ չէր կորցնի, եթե չգնած ստրուկներից մի քանի տասնյակներ սովից կոտորվեին:

Մամոյի կինը, արաբի նման թխամորթ և կեղտոտ Ֆաթին, թեև մինչև վերջը համառացել, չէր գնում իրեն դավաճանող ամուսնու մոտ և չէր էլ տալիս զավակներին իրենց հորը, դիմադրելով մինչև անգամ շերի դատարանին, բայց որդին՝ Փրթոն, տասնևվեց տարեկան ժամանակը թողել էր մոր աղքատ ու խեղճ տնակը և փախել գնացել հոր սարայը: Շռայլ և զեխ կյանքը, մետաքսի և ասվի խայտաճամուկ շորերը, ոսկեթելով զարդարված չեքմանն ու աբան գրավել, հափշտակել էին պատանու սիրտը, և նա մոռացած թշվառ մոր սերն ու գգվանքը, քաղցած քույրերին ու եղբայրներին, ամեն ջանք գործ էր գնում հոր սիրտը գրավելու: Մամոն, որ յուր հարճերից և աղախիններից ծնված զավակների մեջ յուր տիպարը չգտնելով, խեղդել էր տալիս հարեմի նկուղներում ծնողների հետ միասին, Փրթոյին դռնից վռնդելու չափ անգութ չգտնվեցավ, որովհետև նա չէր էլ ուզում հասարակական խոսակցության և ատելության նյութ դառնալ յուր տմարդի ընթացքով, այդ պատճառով ուրախ դեմքով ընդունեց և նրա համար սարայում առանձին բաժին հատկացրեց: Թեև երկար տարիներ իրարից հեռու ապրելով, հոր և որդու մեջ սառնասրտություն էր տիրում և նրանց հարաբերությունները միշտ կեղծ, շինծու բնույթ ունեին, բայց երկուսն էլ իրարից կախում ունենալով, իրար հետ զվարթերես էին տեսակցում: Մամոն, որ աշխարհի երեսին և ոչ մի անկեղծ ու հարազատ բարեկամ չուներ, երբեմն հույս էր տածում, որ դեռահաս որդին կարող էր նրան ջերմ սրտով պաշտպան կանգնել, կարեկցել և նեցուկ դառնալ զառամյալ օրերում: Բայց այդ հույսը ցնդում էր, երբ մտածում էր, որ որդին ժառանգությունը և իշխանությունը հոր ձեռքից խլելու համար կարող էր նրան մի հարվածով կամ մի պտղունց թույնով քնեցնել, էլ չզարթնելու պայմանով:

Որդին, հիշելով մոր քաշած անտանելի տանջանքները, աչքի առաջ բերելով այն սև օրերը, երբ մուրալով ձեռք բերած մի կտոր չոր հացը սառը ջրի մեջ թրջելով, դառն արտասուքը աչքերին, կերել էին մայր և որդի, անդադար հառաչելով, չէր կարողանում համոզվել, որ անկեղծ սրտով և հաստատ լինեին անգութ հոր շողոքորթ վարմունքները: Եվ այս կեղծ հարաբերությունները շարունակվում էին, աշխատելով իրար անկեղծության վրա մեկմեկու խաբել:

Բայց Փրթոյի գալով է՜լ անտանելի դարձավ Մամոյի վիճակը: Նրա անթիվ ստորադրյալները, որոնք բեգի անունով հավաքված զանազան տուրքերից մի քառորդ բաժին անգամ չէին հասցնում պատկանելույն և միշտ տրտնջում էին, իբր թե գավառի բոլոր եկամուտները կուլ էր տալիս մենակ ինքը՝ Մամոն, սկսեցին ավելի քրթմնջալ, ապագա ժառանգը հոր թևի տակ նկատելով: Նրանք մինչև այդ ժամանակ նրա համար գլուխները կախած յոլա էին գնում, որովհետև ամեն մեկը իր սրտի խորքում թաքցրած և ծածկած նպատակ, հույս ուներ, բայց երբ տեսան անգութ Ֆաթիի արյունով ու թույնով դիեցրած ձագը, սթափվեցան իրենց հուսախաբությունից և սկսեցին իրենց սրտի կրակը թափել ոչ միայն այն թշվառ ժողովրդի գլխին, չորս անգամ ավելի ծանր-ծանր պահանջներ դնելով, չարչարելով և տանջելով, այլ բեգի սնդուկին հասանելի եկամուտի առաջները հասցրած տուրքի քառորդ բաժնից էլ պակասեցրին: Փրթոյի գալով, բավական չէր նոր բացված ծախսերը, բեգի հեռավոր բարեկամներն էլ սկսել էին մեծ-մեծ պահանջներ անել, իսկ եկամուտը ոչ միայն չորս անգամ նվազել էր, այլև թշվառ գյուղացիները այն աստիճանի դատարկվել, կողոպտվել էին, որ նրանցից մեծագույն մասը սովից ազատվելու համար ցրվել էր շրջակա գավառները բանվոր մտնելու և մուրալու: Մամոյի այս աննախանձելի դրությանը հաջորդեց մի մեծ և հուսալի մխիթարություն: Փրթոյի նշանածի ընտրությունը նրան նոր ոգի ներշնչեց և այդ բանը նենգավոր հորը անչափ ուրախություն պատճառեց, որովհետև նկատում էր, որ խորամանկ որդին հոր ձեռք բերած հարստության և աստիճանի հետ ուզում էր է՜լ պինդ շղթաներով կապվել:

ՀՈւՍԱՀԱՏ

Փրթոյի քայլերը բոլորովին դուր չէին գալիս Արտաշին: Նա նկատում էր բեգի որդու չարամիտ ակնարկները, որոնք հառած էին միշտ յուր սիրասուն քրոջ վրա: Օրեցօր ավելի աչքի էր ընկնում Փրթոյի վարմունքը, նա աներկյուղ պտտվում էր Ամիրխանենց տան շուրջը: Դեռ մի քանի անգամ նա խոսք էր գցել և միտքը հասկացրել Աննմանին էլ, Արտաշին էլ: Այս սոսկալի կացությունից ազատվելու համար Արտաշը Ավագի հետ խոսեց և վճռեցին օր առաջ պսակվել և գործին վերջ տալ: Համբարձման օրերի մոտ սկսեցին պատրաստություն տեսնել, գնացին, խնդրեցին տերտերին, որ առաջիկա կիրակի պսակի խորհուրդը կատարե:

– Մինչ նոր պսակ պիտի սպասեք, – ասաց տերտերը: – Հայրապետների գիրքը խո ես չե՞մ կարող փոխել և նրանց խոսքը կտրեց:

– Ախր մենք չարության վերջ տալու համար ենք խնդրում, մեզ ազատեցեք սպառնացող վտանգից, – թախանձում էր Արտաշը:

– Տերը կպահպանե, ինչ որ ձեր ճակատին գրել է, այն էլ կլինի: Այսքան տարի սպասելուց հետո երեք շաբաթ էլ կարող եք սպասել: Այն ժամանակ տերտերն էլ կպսակե:

– Գոնե, տերտեր, այս խնդիրը ձեզ մոտ խոստովանանք մնա, այն օձի ծնունդի ականջը չհասնի, մինչև պսակենք, վերջացնենք:

– Դուք հանգիստ եղեք, աստված կպահպանե մեզ ամեն չարիքից, թե ապաշխարելու մեղք չունենք:

– Մե՞ղք… արդյոք ի՞նչ մեղք ենք գործել նրա դեմ:

Այս անցքերից հետո Ավագի հանգստությունը կտրվեց, և նա պահապան շների հետ Ամիրխանենց կտուրի վրա էր անցկացնում գիշերները, մահակը ձեռքին, դաշույնը գոտուց կախ գցած և յափնջին ուսերին: Բավական չէր ամբողջ ցերեկը ոտքի վրա անդադար դատելը, գիշերն էլ անքուն երգելով ու երևակայելով էր անցկացնում Ավագը: Խեղճ պատանին, ականջները սրած, ամեն մի շշուկ, ամեն մի ձայն լսելիս պատրաստ էր դիմադրելու դժոխքից փախած ճիվաղին անգամ: Քամին, ցուրտը, ցողը, եղյամը նա ուրախությամբ տանում էր և բուռն սիրո կրակով բորբոքված՝ չէր էլ զգում սրանց ազդեցությունը: Աննմանի համար նա պատրաստ էր զոհվելու, նրա սիրո համար շատ աննշան էր համարում մի այդպիսի զոհը և համոզված լինելով յուր պաշտելուց կատարելապես սիրվիլը, ինքն իրեն աշխարհի ամենաերջանիկ արարածն էր համարում: Արշալույսին, արևագալից դեռ շատ վաղ, երբ դուռը բաց էր անում Աննմանը ոչխարը կթելու և հովիվներին ճանապարհ գցելու, նրա յուր պահապանի կողմը դարձրած մի քաղցր հայացքը, մի բերկրալի ժպիտը անվերջ ուրախությամբ էր լցնում Ավագի սիրտը, որը նույն տեսարանի նկարը անջինջ կերպով մտքումը տպավորած, հեռանում էր, դիմում յուր առօրյա գործին:

 

Այդ երեք շաբաթվա ընթացքում Ավագը յուր շներով երեք անգամ դիմադրել էր Փրթոյի և նրա լեռնական ընկերների հարձակումներին: Այնպես ահագին աղմուկ էր բարձրացնում, որ ողջ գյուղը զարթնելով օգնության էր վազում, և չարամիտները թողնում, հեռանում էին: Այդ հարձակումները ավելի ու ավելի սաստկացնում էին Արտաշի մտածությունները, և նա օրեցօր սոսկալի էր գտնում յուր թշվառ վիճակը:

Երկար մտատանջություններից հետո Արտաշն ու Ավագը գյուղի մեջ գտնվող իրենց քաջասիրտ ընկերների հետ խորհուրդ արին և որոշեցին, որ ամեն գիշեր քսանի չափ երիտասարդ հսկեն Ամիրխանենց տան շուրջը: Որովհետև երիտասարդներից շատերն էլ ունեին իրենց նշանածները, կամ հասած քույրերը, որոնց նույնպես սպառնում էին Մամոյի ծառաները, հովիվներն ու հոտաղները, այդ իսկ պատճառով բոլորն էլ անկեղծ կերպով միացան և հանձն առին իրար համար ամեն տեսակ զոհողություններ կատարել: Մամոն, թեև ամեն մի տան ծակ ու ճեղը ման գալով, բոլոր զենքերը հավաքել էր տվել, բայց արի երիտասարդներից շատերը իրենց ղամաները (դաշույն), կեռ թրերը և ղարաբինաները կարողացել էին թաքցնել, որոնցով զինվում էին հերթապահ գիշերները:

Այս գիշերային հսկողությունները շատ զայրացրին Փրթոյին և ընկերներին, որոնք հանգամանքներն իմացրին Մամոյին: Սա սաստիկ կերպով կատաղեց և երկյուղից չէր իմանում, թե նրանց ինչպես դիմադրեր: Ամեն օր, Մամոն կանչում էր յուր մոտ Տեր-Մելիքսեթին և պատվիրում, որ գնա, գյուղացիներին քարոզե, որ ով որ զենք ունի, տանե բեգին հանձնե, սպառնալով, որ հակառակ գտնվողը կբանտարկվի և նրա ինչքը կգրավվի: Իսկ Սուլոն և ընկերները առավոտից մինչև իրիկուն այս տունն ու այն տունը մտնելով, բոլոր կահ-կարասիները քանդում, տակնուվրա էին անում՝ զենք փնտրելու պատրվակով, և աչքերն ընկած առարկաները հափշտակելով, հեռանում:

Մի քանի անհաջող հարձակումները սաստկացրին Մամոյի երկյուղը, որն անդադար նախատում էր, հայհոյում անշնորհք ծառաներին և որդուն: Այս անհաջողություններին հաջորդեց մի է՜լ զարհուրելի լուր, որը թեմրանցիք միայն իրար ականջի մեջ էին փսրտում, թե.

– Մինաս քեհյան, որ Արզրումի միջնաբերդի բանտից փախչելուց հետո Ղարս էր գնացել, լոռեցի մի քանի տասնյակ երիտասարդների հետ եկել, անցել է Դերսիմ: Այս լուրը մեռելային սարսուռ գցեց Մամոյի սրտում:

Բավական մտատանջվելուց հետո. Մամոն գնաց Քղի, յուր բարեկամ ղայմաղամի մոտ և նրա հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ շատացնեն զապթիեների թիվը: Վալիին հարկ եղած զեկուցումը գրելուց հետո անմիջապես վերադարձավ Թեմրան և շրջակա քրդերից քսանի չափ երիտասարդներ զինեց մարտինի հրացաններով, հանձնեց որդուն, որպեսզի նրանց հետ ձիավորված շրջի յուր վիճակի սահմանները, կասկածելի անձնավորություններին ձերբակալելու:

Այս ձիավորները թե՜ իրենց, թե՜ ձիերի ուտելիքը, խմելքը, հագնելիքը բռնի գյուղացիներից մտրակելով հափշտակելուց հետո Մամոյից էլ պահանջում էին իրենց ռոճիկը և ուրիշ ծախսերը: Մամոն էլ այս ծախսերը թեև բարդեց գյուղացիների հարկի վրա և տանուտերերին բռնադատում էր, որ հավաքեն իրեն հանձնեն, բայց գյուղացիներն է՜լ ոչինչ չունեին վճարելու, լոկ կյանքներն էր մնացել, այն էլ կծախեին, բայց գնող չկար:

Հոգեգալստի կիրակին էլ անցավ: Ամբողջ Թեմրանի դաշտն ու սարերը դալարով էին ծածկվել: Բարեբախտաբար այդ տարին էլ առատ էր անձրևը, ցանքերը մեկին երեսուն-քառասուն էին խոստանում: Ուրախ էր ժողովուրդը, ուրախ էին երիտասարդները, նամանավանդ աղջիկները, որոնց ամուսնանալու, հարսանիքի ծախսերի ու զարդերի համար առատ շնորհել էր բնությունը և պսակել նրանց ջանքերը առատ բերքերով: Թեմրանցի երիտասարդները միախորհուրդ իրար օգնելու վճռից հետո, քրդերի և Մամոյի տղի ատամները մի քանի անգամ փշրել էին, էլ չէին հանդգնում և ոչ մի տան մոտենալու: Տղերքն իրար ետևից նշաններ էին դնում, աղջիկները մեկ-մեկ իրենց մուրազին հասնում: Աղի էր խմածները, լեղի էր կերածները, արտասուքները այտերի վրա դեռ չէին չորացել, վերքերը դեռ չէին բուժվել, սրտերից կսկիծը դեռ չէր դուրս եկել, բայց մի հանգիստ շունչ քաշելով, հուսադրվել էին և ապագա հույսերով առաջ էին մղվում: Առաջին պսակին երկու հարսանիք միասին էին կատարվելու գյուղում, և ողջ գյուղը այդ հանդիսով էր զբաղված:

Ավագը Աննմանի հետ էր պսակվելու, Արտաշն Անահիտին էր իրենց տուն բերելու: Ամիրխանենց տունը նորից շենանում, փարթամանում և նրա ծուխը երկինք էր բարձրանում ու ամեն բերան բարի մաղթանք էր կարդում այդ տան նորաբողբոջ տնվորների համար:

– Օ՛հ, – ասում էր մի ծերունի իրեն շրջապատողներին, – տաշված քարը գետին չի մնալ, այդ քարը կվերցնեն էլի պատի ճակատին կդնեն:

– Աստված մեծ է, ողորմությունն անչափ: Հոր հազարները փչացնելը ամեն տեղ տեսնված է, բայց ղոչաղ տղեն էլի կծխացնե հոր քանդված օջախը:

– Աստված զորացնե այդպիսի տղերքը, մարդը սյուն դարձավ, կանգնեցրեց հոր պապենական օջախը, – ասում էր մի ուրիշը:

– Եվ որքա՛ն քաջասրտություն տվեց մեր մատղաշներին: Մեր ցախավելով մոտ արած տղերքին սերտ գործի կպցրեց, հանդը, սարը, ձորը ծաղկեցրեց: Աստված օրհնե դրա ծնունդը, շատ ապրի այդպիսի բարի զավակը:

Հարսանիքի պատրաստությունները վրդովում Էին Փրթոյին ու Մամոյին: Բեգի երազը, Փրթոյի իղձը խեղդվելու էին: Գիշեր-ցերեկ Մամոն մտածելով, մի ճանապարհ չէր գտնում, որ կարողանա նպատակին հասնել՝ Ամիրխանենց ժառանգի հետ իր որդուն Փրթոյին կապելով, իսպառ յուրացնել Թեմրանի ընտիր կալվածները: Ինչպես համառ Անթառամը ոչ մի կերպ չէր զիջել, չէր անձնատուր եղել Մամոյին, նրա համառագույն որդին ու աղջիկն էլ խիստ կերպով ընդդիմադրում էին Փրթոյին և ընկերներին:

Մամոն, ճարը կտրված, հարսանիքի նախընթաց իրիկունը, կանչեց յուր մոտ տեր-Մելիքսեթին և զանազան սպառնալիքներով, նախատինքներով ուղարկեց Արտաշի մոտ, որ քրոջը չտա գոնե այն մուրացկանի որդուն՝ Ավագին: Միաժամանակ տերտերին էլ սպառնաց, որ եթե պսակե, եղբորը քեհյայությունից կզրկե, երկուսին էլ միասին կբանտարկե: Այս բանը ավելի կատաղեցրեց Արտաշին, Ավագին, որոնք ընկերների հետ ուխտեցին, կամ ամբողջապես մեռնել և կամ գլուխ բերել սիրահարների ամուսնությունը:

– Արտա՛շ, – ասաց տերտերը բեգի մոտից դուրս գալով և Ամիրխանենց դուռը դիմելով, – արի ետ կեցիր այդ մտքից: Մի ուրիշի կտաս Աննմանին, ինչի՞ ես այդ պատճառով զայրացնում բեգին, վախենում ես տա՞նը մնա քույրդ: Բեգը համաձայն չէ, որ դու քրոջդ տաս այդ մուրացկանի տղին:

– Տերտեր, բավակա՛ն է, բավակա՛ն: Դու էլ նրա եղանակով հերիք է պար գաս: Հանդերս տիրեց, կայքերս խլեց, մալերս գրավեց, հերի՜ք է, խո հոգիներս էլ չի կարող առնել:

– Ախր, որդի՜, «այն ձեռքն, որ չես կարող կտրել, պագ ու ճակատիդ դիր», ահա մեր մեծարանց խոսքը:

– Տերտե՜ր, թե դու էլ ցնորվել ես, թե քու սրտից էլ դուրս է եկել ավետարանի խոսքը, այդ ուրիշ բան է, բայց ես կմորթեմ Աննմանին իմ ձեռքով և չեմ թողնի, որ նրա հոգին սևանա, թուրքանա, քրդի լաճին կնիկ դառնա: Ես իմ ձեռքով իմ քրոջը չեմ տալ ջինգյանա Մամոյի ու Ֆաթոյի լամուկի ճանկը:

– Դու գիտես, որդի՜, բայց արի ինձ լսիր, մի թույլ տալ, որ մեծ իրարանցում, սրածություն գա մեր գեղի գլխին: Մեկ Աննմանի պատճառով քանի-քանի անմեղ, աննման տղերք ու աղջիկներ կարող են կոտորել բեգի մարդիկը: Արի՜ դու քու ձեռքով զոհիր այդ մեկին ու ազատիր մնացող խեղճերին: Բեգի տղեն խելռում է Աննմանի համար, նա յուր ընկերներով արյունով կողողե մեր գեղը, և դու պատասխանատու կմնաս առաջին աստծու և առաջին մարդկանց:

– Տերտե՜ր, տերտե՜ր, եթե ես թողնեմ, մենք թողնենք… Այսօր իմ քրոջս կտանեն, էգուց քու աղջիկը, մյուս օրը՝ դրացիինը և այդպես անվերջ կտանեն ու կտանեն: Ո՜չ, ո՜չ, տերտեր, այդ ճանապարհը մեզ կջնջե աշխարհից, ավելի լավ է ես առաջ իմ քրոջս խեղդեմ, արյունաքամ անեմ, հետո տամ այդ անիծածի ձեռքը նրա սառած դիակը: Ես իմ ձեռքով ողջ-ողջ չեմ հանձնիլ քրոջս անհավատին:

– Մեղքը քու վզին, ես իմս ասի, էլ չեմ խոսի, – ասաց հեռանալով ավետարանի անարժան աշակերտը:

– Տերտե՜ր, տերտե՜ր, այդ խոսքերն ինձ ասիր, ուրիշին չասես, – ետևիցն ասաց Արտաշը, – ուրիշ տեղ բերանդ չբանաս, թե չէ գլուխդ մի հարվածով կթռցնեմ:

Տերտերը սաստիկ էլ վախկոտ էր, Արտաշից սոսկում էր: Սա մնացել էր երկու կրակի մեջ, բեգը մի կողմից, Արտաշը մյուս կողմից նրան սպառնալիք էին կարդում: Էլի բեգի ճիրաններից մի կերպ ազատվելու հույս ուներ, բայց Արտաշը անողորմաբար կիրագործեր ասածը, եթե տերտերը հանդգներ նրան հակառակ գործել:

Կիրակի իրիկուն դհոլն ու զուռնան փչում էր Ամիրխանենց դռնից, և ձայնը տարածվում ողջ դաշտն ու սարերը: Թեմրանը ուրախության մեջ էր: Հարս, աղջիկ բոլորն իրենց տոն օրերի կարմիր ու կանաչ շորերը հագած, զուգված, զարդարված, դիմում էին Աննմանի և Անահիտի հարսնետունը: Գեր երինջը մորթվել էր, հարիսայի պղինձը կալում կրակի վրա դրվել, ոչխարները քերթում էին ջահելները, հարսները բրինձ էին իստակում, պառավները փլավի պատրաստություն տեսնում: Երկու հարսանիքն էլ մի տան մեջ էին կատարում, երկու ծախս միացրել էին:

Արևը մայր մտնելու պահին, արդեն հարյուրից ավելի հարս, աղջիկ, տղա, մոռացած իրենց դառը տանջանքները, ձեռք-ձեռքի տված, յայլի էին պարում, դհոլն ու զուռնեն նրանց ոգևորած, թռցնում էին: Ամենքն էլ, միառժամանակ իրենց վիշտը մոռացած, ուրախ ցատկոտում էին նվագածուների եղանակների բախումներով: Ամեն մի սիրահար ուզում էր ավելի կայտառ և եռանդուն երևալ յուր սիրեկանի առաջ, ամեն մի սիրեկան յուր սիրահարով էր զբաղված այդ ժամում և մեկը մյուսի սիրտը գոհացնելու և բավականացնելու համար պատրաստ էր ամեն բան անելու:

Другие книги автора

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»