Бесплатно

Շխնոց

Текст
Автор:
0
Отзывы
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Շխնոց
Шрифт:Меньше АаБольше Аа

1

Ապրիլի սկզբներում դեռ ձյունը թանձր շերտով բռնած էր սարերն ու ձորերը, դեռ քամին փչում էր ցրտաշունչ սուլումներով, սրսփացնում երկրագործին: Թեև ծիծառներն ու արագիլները վերադարձել էին հարավից, բայց բների մեջ դեռ չէին քարացել: Թեև դաշտերի երեսից անհետացել էր սպիաակ սավանը, բայց խրամատներում ձյունից կազմված սառույցները ճգնում էին դիմադրել արևի ոչշատ տաք ճառագայթներին: Արդեն վաղ սպառվել էր գյուղացու անասունների պարենը, և նա քշում էր լղար ու թույլ անասուններին այս ու այն կողմ, ձյունի տակ չորացած, փտած և փափկած նախորդ տարվա խոտի մնացորդներով սովալլուկ ստամոքսներին հագեցում տալու և մի կերպ կյանքը հինգ-տասն օրով ևս քարշ տալու, մինչև նորածիլ բույսերի գետնի երեսից քիչ բարձրանալը: Մարդ ու անասուն բոլոր ճիգերով վեց-յոթ ամիս դիմադրել էին մահաբեր ձմռանը և հասել հուսատու գարնան, բայց այնպես ուժասպառ էին եղել, որ նրանց հուսահատեցնում էին պառավի չորս-հինգ օրվա սառնաշունչ հովերը: Բայց և այնպես կյանքն այնպես քաղցր էր, այնքան սիրելի ու գրավիչ, որ կսկծացնելով մկաններն ու ոսկորները, ջղերն ու կաշիները, դիտողին քստմնեցնելով, տքնում էին մի կերպ հեռացնել մահը և դիմադրելով նրան, մտնել հուսաբեր գարուն:

Գյուղի մեջ՝ Շխնոցում, առավոտ վաղ կյանքը եռում էր: Արդեն գոմերն ու ախոռները դատարկվել, արածելու էին տարել անասուններին: Միայն նորածին հորթերին և գյադակներին արևի ճառագայթների տակ կիփարներում էին տեղավորել, և նրանց տերերը լափով, խաշած թեփով աշխատում էին դրանց կերակրել: Ամեն երկրագործ յուր գութանն ու արտն էր կարգի բերում և երկրագործական գործիքները դուրս հանած պակաս-պռատ էին լրացնում, որպեսզի գետինը քիչ ցամքելու պես դաշտ դուրս գան, վարուցանքն սկսին: Պառավներն էլ իրենց քուղան ու կովկիթը, խաբի չաթալան ու խնոցին, փարչն ու բղուղը, քյաղանն ու տաշտը լվանում, սրբում, մաքրում, արևի տակ էին դնում, որպեսզի կենսատու արևը վերջ տա մեռելության և կյանք տա գործելու այդ բոլոր գործիքներին, որոնցով պատրաստվելու էր ռանչպարի ամբողջ տարեկան ապրուստը և սրա ձեռքով աշխարհի ուտեստը:

Վարդևան աղբարը ուրագն ու սղոցը ձեռքին առավոտ վաղ դուրս էր եկել և արորի պարագաները դուրս բերելով բաց օդում, միայն երկու կողմից քամուց պաշտպանված դռան առաջ, արևի անջեռուցիչ ճառագայթների տակ տաշտշում էր սեպեր և ուրիշ գործիքներ ու պատրաստվում ցանքսի գնալու: Արորը ամբողջապես գլգլել էր մի կողմը կարկատելիս, մյուս կողմը քայքայվում էր: Հերիք չէր Վարդևանի մտատանջությունը յուր փչացած արորի մասին, կինը՝ Գարանը, երկու– երեք տաշտ էր բերել, որպեսզի կարկատել տա, ջուրը դնե, որ մի կերպ ամրանա և փռելիք կաթը չսուզվի: Վարդևանը վրդովված շարժում էր գլուխը, ծռմռում էր դիմագծերը և ինքն իրեն խոսողի նման գլխով, ուսերով և թևերով անդադար շարժումներ էր կատարում:

– Վարդևան, քա, ախար թե՜զ արա, առաջ մեկ այս տաշտերս կարգի դիր, որ տանեմ ջուրը դնեմ, ես գործ ունիմ, պիտի մածուն շինեմ, որ կոտրած բղուղը ծեփեմ: Դեռ հլա խոստացել եմ Մելքոնիս, որ չուխան կարկատեմ, գիշերը մալը տանում է արածելու, ցրտին զնգզնգում է: Բախտներիցս անձրևներն էլ չեն կանգնում, թե ցերեկը մի երկու ժամ արևի երեսն ենք տեսնում, թոնը գիշերը մինչև լույս շաղ է գալիս: Մեկ թո՜ղ արորդ, այդ շտապոք չէ, երկու գամ զարկ տաշտերիս:

– Զահլա տարար, գիտես թե քու տաշտերն ե՞ն տունը պահելու:

– Տաշտերս էլ իրենց տեղն ունին, կաթդ, մածունդ, յուղդ, պանիրդ կարգի պիտի դրվի. խո առանց կերակրի չե՞նք կարող ապրիլ: Մենք էլ մեր ուժի չափ…

– Լա՜վ, գլուխս մի դանկ անիլ, կշինեմ… Չորս կովդ ու տասներկու ոչխարդ ձմեռս իմ եզների կերածից չորս անգամ ավելի կերան, դրանց տված օգուտն ի՞նչ է… Թե ես յոնջաս ու հորթս ծախեի և դրա գնով պանիր ու յուղ գնեի, բոլ-բոլ մեզ օգտելուց ջոկ, մի բան էլ փողից ետ կգցեի…

– Լա՜վ, լա՜վ, շատ վրա մի կախիլ, յոնջիդ ու հորթիդ գինը տվել եմ, չորս լիտր եղ ծախեցիր, տասներկու լիտր էլ պանիր, էլ ի՞նչ պիտի լինի:

– Ծախեցի՛ ր… Ծախեցի չէ՞, փողերն էլ գրպանս, քսակս դրի ու պահեցի…

– Ինձ ի՞նչ, թե ինչ արիր, ես որ քեզ տվի, ես որ քեզ հանձնեցի, տնտեսեցի իմ աշխատությունով, դեռ տնեցոց բոլորիդ գուլպացուն, չուխացուն այդ ոչխարի բուրգից ելավ, երկու ջեջիմ գործեցի և դեռ աղջկանդ բաժինքի անկողնի բուրգը մատակարարեցի, էլ ի՞նչ պիտի լինի:

– Եղը Մեղրենց ուղարկեցի մեր պարտքի տոկոսի շահի տեղ, իսկ պանիրը, այն էլ անքաշ պանիրը, զապթիեի բինբաշին կերավ մյուդեիի (պրոկուրոր) հետ: Կարծես թե մենք ստեղծվել ենք միմիայն այդ քաղքցոց ստրկի պես ծառայելու համար: Արզերում չեղավ այս քաղաքը, արզուլում (այրարևիչ) մեզ համար: Էս քաղքցիների ճանկում մինչև ե՞րբ պիտի մենք տապկվինք…

– Բարո՜վ, Վարդևան, – ասաց ու ձիուց վար իջավ մի ճանապարհորդ, որբ, ինչպես երևում էր, քաղաքից էր գալիս:

Վարդևանը նրան նկատելուն պես, սիրտը տակնուվրա եղավ, մորմոքաց, բայց կրքերը զսպելով, կանչեց յուր որդուն, որը գոմի փլած պատն էր կարկատում.

– Մելքո՜ն, Մելքո՜ն, շտապիր, Կարապետ աղայի ձին. ներս քաշե…

Մինչ այդ Գարանը հյուրի ձիու սանձն առած կանգնել էր դռանը և սպասում ամուսնի կարգադրությանը: Երբ լսեց Մելքոնին եղած հրամանը, առանց սպասելու ձին ներս քաշեց Մելքոնն էլ նրա ետևից եկավ, և Վարդևանը ուրագը վար դնելով, ձեռքերով նշան տալով՝ ասաց.

– Աղա ջան, հրամմեցե՜ք, ներս հրամմեց՜եք, – և բոլորը ներս քաշվեցան հյուրասենյակ: Սենյակը բավական ընդարձակ էր, թեև առաստաղը շատ բարձր չէր և լույսը նվազ, բայց մաքրությամբ կարող էր օրինակելի լինել քաղաքացի արհեստավորների տներին: Փռվածքը, բարձերը և սարքը թեև չթից էին, բայց իրենց նուրբ գույները պահած և մաքրությամբ ծփծփում էին: Երևում էր, որ տանտերը թեև աղքատ, բայց սաստիկ մաքրասեր և հյուրասեր էր: Տանտիկինը բավական չհամարելով յուր տնական սովորական կահավորությունը պատվավոր հյուրին, անմիջապես ծալքի լայն փեղկը բացեց և մի մաքուր երեսով թանձր մինդար իջեցրեց հյուրի տակը փռելու:

Կարապետ աղան իսկույն ավելորդ շորերը հանեց և լվացվելու ջուր ուզեց: Մարգարիտը՝ Վարդևան աղբոր աղջիկը, լվացարանը, ջրկիչը և մաքուր սպիտակ սրբիչը ուսերին, մոտեցավ Կարապետ աղային լվացվելու ջուր տալու: Հասած էր Մարգարիտը կարմրած խնձորի նման, սպիտակ ձեռքերն ու մորթը չէր կարելի զանազանել հագած սպիտակագույն չիթ դերիայից: Բազմահյուս մազերը, որ շարքով սփռված էին թիկունքի վրա, փայլում էին սև սաթի նման: Խոշոր աչքերը ցոլում էին և բոցեր արձակում շուրջը, իսկ այտերը մայիսի վարդից էլ վարդագույն և է՜լ հրապուրիչ: Կարապետ աղան գայլի նման աչքերը չռած անմեղ օրիորդի դեմքին, լվացվում և բորբոքվում էր, երբեմն-երբեմն էլ հառաչում:

Գարանը տուն էր գնացել, որ հավ մորթե ու տապակե, իսկ Մեքոնը ձիուն իրենց յոնջայի մնացորդ կապոցը տալուց հետո եկել էր հյուրասենյակ և դռան մոտ կանգնած սպասում էր հոր նոր հրամանին: Վարդևանը հեռուն նստած դիտում էր, թե ինչպես տատանվելով և կրկնակի օճառվելով էր լվացվում վաշխառու աղան՝ հայացքով կուլ տալ ցանկանալով նրա հրեշտակատիպ աղջկան:

Երբ լվացվեցավ աղան, Մարգարիտը, արյուն-քրտինք մտած նրա դաժան հայացքի և կիզիչ շնչվածքի ազդեցության տակ, տվեց երեսսրբիչը, հեռացավ բակում երեսի քրտինքը և սրտի բաբախումները դադարեցնելու տենչով, որտեղից դարձյալ պարտավորվեցավ ներս մտնել աղայի ինչ-ինչ ծառայությունները կատարելու համար: Բայց և այնպես այս բոլորը պարտավորված էր տանել ու տոկալ Վարդևան աղբարը, քանի որ աղային պարտք ուներ և պարտքի, մուրհակի վճարման ժամանակն էլ անցել էր:

Դեռ այդ հերիք չէ, Գարանը իր վերջին վառեկն էլ մորթեց, պուտկի որքում մնացած յուղով տապակեց և շտապեց հյուրասիրել աղային: Կարապետ աղան այդ նախաճաշը վերջացնելուց հետո վրան մի պնակ մածուն, մի անքաշ պանիր և մի քանի խաշած ձու ևս վայելելով, սեղանից ետ քաշվեցավ, կրկին լվացվելու ջուր պահանջելով: Ի՞նչ պիտի աներ Մարգարիտը, հոգին դուրս գար, պարտավոր էր ծառայել աստծու հյուրին, մանավանդ որ այդ հյուրը իրենց աղան էր, նրան մեծաքանակ պարտք ունեին և դեռ ավելին` վախենում էին–որ նա գանգատ տա և կրակ գցե Վարդևանի տունը: Պարտքը, մուրհակով պարտքը սոսկալի բան էր, իսկ տոկոսիքը, ո՛ւհ, մկից, խոզից ավելի կատաղությամբ էին աճում… Երբ փորը կշտացուց և թիկն տվեց Կարապետ աղան, գլուխը բարձին կռթնելով, սիգարեթը ծխելով, ասաց.

– Գիտե՞ս ինչի եմ եկել, Վարդևան աղբար, դու մեզի չես փնտրում, չես երևում, ե՜ս եկա…

– Ի՞նչ, ձմեռը, բուքն ու բորանը ե՞րբ հեռացան, որ մենք կարողանայինք քաղաք գալ, գործ անել…

– Ես չգիտեմ, մենակ դու խոստացար, որ գոմեշներդ կբերես, զատկից հետո կծախես ու մեր հաշիվները…

– Այո՜, ես էլ էի մտածում, ես էլ վճռել էի, բայց գոմեշները աստված առավ ձեռքիցս…

– Ինչպե՞ս թե:

– Երկուսն էլ սատկեցան… Ձմեռս մեր մալի կերը շատ նվազ էր, ցուրտն էլ դեռ այսօր շարունակվում է: Աստված ե՞րբ է խեղճի երեսին աշել, որ մեզ աշե: Ես որոշել էի, մտադրել էի պարտքից ազատվելու, բայց աստված որ չկամենա, ես, ի՞նչ կարող եմ անել…

– Այդ չեղավ, մեր հաշիվը ետ գցել չի լինիլ… Դու խո ճանաչում ես մեծ եղբորս՝ Գևորգ աղային, նա չի համբերիլ, մեկ էլ տեսար մեմուրն եկավ տունդ, դուռդ գրելու: Գործիդ աշե, գնա քաղաք իրեն տես, կարգի բեր հաշիվդ, թե ոչ դու գիտես, հետո կզղջաս:

2

Վարդևանը հնար չուներ Գևորգ աղայի հրավերը լսելու և Արզրում գնալու: Ցանքի գործի ժամանակ էր, այդ օրերի աշխատության արդյունքով պիտի կերակրեր յուր ընտանիքը, պիտի պարտքերը, հարկերը տար և կարգի բերեր տնտեսությունը: Դժվար էր, անտանելի մշակի դրությունը, փողի կանխիկ դրամի, պակասությունը սպանում թողնում էր: Դեռ լավ էր, որ Վարդևանի մեծ որդին՝ Գեդեոնը, Ղարսում հյուսնություն էր անում և տարեկան յոթ-ութը ոսկի էր ճամփում ծնողներին, որով վճարում էին պետական հարկերը, ապա թե ոչ սովամահ կկոտորվեր Վարդևանի ընտանիքը, և հարկահանը վաղուց կծախեր նրա անասունները, արտերն ու տունը, իրեն էլ երկար ժամանակ բանտերի խորշերում փտեցնելով:

Սոսկալի էր Վարդևանի վիճակը: Ճշմարիտ է, որ նա բանտում չէր, սոված ու մերկ էլ չէր, ընտանիքն էլ ուրիշների դռները մուրալու աստիճանին չէր հասել, բայց առանց հառաչելու, առանց մորմոքալու ո՜չ հաց էր կարողանում ուտել և ո՜չ քնել անվրդով ու հանգստացնել տանջված մարմինը: Ամբողջ տարին ցանում, գութնում, քաղում էր, կալսում, վազում, ձգվում, բայց և այնպես էլի կիսակուշտ, էլի կիսամերկ, էլի կարիքի մեջ խեղդված, էլի պարտատերերի ճանկում: Գեդեոնը նշանված էր: Երեք տարի էր սպասում էին խնամիները, որ կգնա Վարդևանը հարսին տանելու, բայց տարեցտարի հարսանիքը ետ էր ընկնում, մինչև իսկ Գեդեոնը չէր կարողանում Ղարսից վերադառնալ: Աշխատանքը այնչափ քիչ էր, որ հարկերը ծածկելու հազիվ էր բավում, էլ ինչպե՞ս գար Ղարսից Արզրում, ծախսեր աներ, հարսին նվեր տար և կամ հարսնիք առներ:

Գալարվում էին հոր ու մոր սրտերը, երբ մտածում էին, որ չեն կարողանում հարսը տուն բերել: Ծնողական սիրուց ավելի տանջում էր ամոթը, այն միտքը, թե դուռ-դրացի ծիծաղում է նրանց վրա, որ չեն կարողանում հարսը իրենց շեմքից ներս գցել: Ամեն տարի հույս էին դնում իրենց բերքի, կալի վրա, բայց կալի մեջ այնպես էր ցրվում, այնպիսի ավարի էր մատնվում նրանց հույսը, որ մնում էին շվարած ու ապշած:

 

Ցանքսերը շարունակվում էին: Վարդևանը Մելքոնի հետ իրենց երկու լուծ արջառներով չէին կարողանում արտից ու հանդից դուրս գալ: Անձրևն էլ կարծես թշնամի էր ընկել չարատանջ երկրագործին, բարակ մաղում էր, թրջում գետինը և ուժասպառում լղարած արջառներին ու տերերին: Դանդաղ էր ընթանում նրանց գործը, մինչև ապրիլի քսանը, տասնևհինգ օրվա մեջ հինգ օրավար տեղ (հավասար մոտավորապես հինգ դեսյատինի) հազիվ էին ցանել և տափնել: Ունեին մի-երկու օրավար տեղ ևս, բայց հուսահատվել էին, չէին իմանում ցանե՞լ, թե թողնել… Բայց ե՞րբ կարող էր երկրագործը ձեռք քաշել հողից, մի օրավարը հաջող տարում տասնևհինգ սոմար (30 չետվերիկ) ցորեն կարող էր տալ, իսկ այդ բերքի գնով ոչ միայն պարտքերը, հարկերը, այլ մինչև անգամ նոր լծկանների կարող էին վճարել… Բայց ռանչպարի հույսը լոկ երազ էր մնում հաճախ և համարյա երկար տարիներում նա յուր ցանածի կրկնապատիկը, եռապատիկն էր հավաքել, որով հազիվ յուր անասունների կերն էր դուրս եկել և իր ընտանիքի սովամահ չլինելու չափ պարենը, իսկ հաջորդ տարվա ցանքսի սերմացուն միշտ կիսատ էր մնացել:

Այդ բոլորը աստծու պատիժն էին համարում, քանի որ ժամանակին անձրևից, կարկտից, չորությունից նեղվում էին ցանքսերը և կամ մորեխը, մանավանդ մուկը կտրատում ու փչացնում Էին ռանչպարի դառն աշխատության պտուղը: Բայց փորձված ծերուկները միշտ կրկնում էին. աղբա՜ր, առաջ էլ կային մորեխ, մուկ, առաջ էլ պատահում էին ամեն տեսակ փորձանքներ, բայց մենք մեկին տասը, գոնե ութը անպատճառ ժողովում էինք, դեռ չեմ ասում հաջող, բերրի տարիների մեկին տասներկուսն ու տասնհինգը, որին շատ ու շատ անգամ դիմավորել ենք: Այս աստծու պատիժ չէ՞, աստված յուր ստեղծածին տառապանքի մեջ ինչի՞ պիտի թողնե, այս մեր խելքի պատիժն է, մեր անփորձության հետևանքն է: Տասը–քսան տարի շարունակ ցանում ենք ու ցանում, առանց մտածելու, որ երկիրը պառավել է, թուլացել է, պետք է նրան պարարտացնել, որ մենք էլ բերք ունենանք: Տեսե՜ք, լավ տեսեք գութնվար արտերը, խոպանից ետև ցանված հողերը կամ աղբով պարարտացրած հանդերը, բոլորն էլ կարգին բերք են տալիս: Եթե մենք երկար խոպան թողնենք կամ աղբենք, ինչի պիտի առաջվա նման բերք չստանանք: Պապերի ժամանակ հողը պարարտ էր, ուժեղ և միշտ չորրորդ տարին արտը խոպան էին թողնում, իսկ մենք, հողերս այնքան քչացել են, ոք ոչ միայն խոպան չենք թողնում, այլ մինչև անգամ չենք աշխատում աղբով պարարտացնել և մեջընդմեջ կտավատ, ոսպ և ուրիշ հատիկներ ցանել, որ հողը գիրանա: Ամեն տարի ցորեն, գարի որ ցանենք, բերքն էլ նրա համեմատ կքաղենք: Վարդևանը ցանում էր և մտածում, մտամոլորվում: Հույսը անչափ մեծ էր սրտում և վստահաբար վարում էր գործը, վարում և երբեմն էլ վարանում, թուլանում, դառն մտքերի մեջ խորասուզվում: Հապա թե հույսը չիրականանա՞ր, կարկուտը կամ մուկը նորից փշրեին նրա հույսերը… Այո՜, – ասում էր նա յուր մտքում, – հողս շատ է հալից ընկել, պարարտության կարոտ է, բայց ինչո՞վ պարարտացնել… Աղբը իրեն կարևոր է, աղբով էլ շատ դժվար էր ութ-տասն օրավար հողը պարարտացնել, մանավանդ որ աղբն էլ տնտեսության մեջ յուր որոշ դերն էր կատարում, յուր տան վառելիք աթարն էր թխում, որից մի մասն էլ ծախում էր քաղաքացուն, ինչ-ինչ պետքերը հոգում… Արտը պարարտացնելով կարող էր ավելի վաստակել և տան վառելիքը գնել, բայց և այնպես հակառակ պարագան էլ կար, կարող էր մուկը ամենալավ արտն էլ ոչնչացնել, հետևաբար նա ձմեռը առանց վառելիքի կմնար… Իր անասունների աղբով նա չէր կարող ամբողջ յուր հողերը պարարտացնել, բայց եթե մեկը-երկուսը պարարտացներ, էլի մեծ օգնություն էր, միայն թե տատանվում էր, կասկածում էր: Պապերը այդ բանը չէին արել, դրացիները չէին անում, ինքը աշխարհի առաջ ինչպե՞ս մինակ օրինակ դառնար և անհաջող դեպքում բացի զրկանքից և ծաղրի մատնվեր:

Եղանակը ամպամած էր, և արջառները հալից ընկել, թուլացել, արորը չէին կարողանում քաշել: Դիտում էր մտամոլոր Վարդևանը, թե ինչպես տաժանելի տանջանքներով էին շարժվում, փոփոխում քայլերը ուժասպառ անասունները, և ինքն էլ նրանց հետ հալվում էր ու տանջվում, առանց կարողանալու վշտի առաջացրած թմրությունից սթափվել: Մելքոնը երբեմն-երբեմն հառաչելով, կրկնում էր. հո՛, օհո՛, հո՛, – և ճիպոտը օդի մեջ շարժելով վախեցնում էր արջառներին և առաջ մղում: Սա տեսնելով, որ հայրը սաստիկ մտատանջվում է և մոռացել է անասուններին, ասաց.

– Ապար, արջառները չարձակե՞նք, անասունները կարողությունից ընկան:

– Արձակե՜նք, արձակե՜նք, – ասաց Վարդևանը և շուռ տվեց արորը:

Արջառները քշեցին արտամեջը արածելու, իրենք էլ հայր ու որդի, իրար դեմ նստան, որ հաց ուտեն: Բայց հացերը պարպել էր, Գարանն էլ հաց չէր ուղարկել, ուշացել էր:

– Մելքո՜ն, տոպրակի մեջ ո՜չ հաց կա, ո՜չ էլ մածուն: Գարանն էլ չեկավ:

– Է՛հ, ով պիտի հիմի տուն երթա ու հաց բերե, ես սաստիկ դադրել եմ: Քիչ նստենք, հիմի ուր որ է կերևնա: Գարանս կամ Մարգարիտը հացերս կբերեն:

Հենց այդ միջոցին հեռուն՝ խրամատի մոտ, երևցան Մարգարիտը և Վարդևանի դրացու` Մանուկի աղջիկը, որոնք իրար հետ կապոցներով հաց էին բերում: Երկուսի միասին երևալը նոր մտքեր ծագեցրեց Վարդևանի սրտում, մանավանդ որ հանդարտ քայլերով և իրար հետ շարժումներով խոսակցում էին երկու թշվառ արարածները: Անպայման նրանց խոսակցության նյութը իրենց սրտերին շատ հաճելի առարկայի մասին էր և հոգով այնքան վրդովված էին երկուսն էլ, որ մինչև անգամ ակնարկները չէին ուզում հեռուն, շրջապատները ձգել ու դիտել: Վարդևանի աչքը պլշած մնաց նրանց վրա, մինչև եկան, արտը մտան:

– Աղջիկ, ինչի՞ այսքան ուշացար, մեզ քաղցած թողիր, – ասաց Վարդևանը ուրախ դեմքով, դուստրից մի աներկյուղ պատասխան ստանալու մտքով:

– Գարանս ուշացուց: Մեկ էլ որ Մարջանը ասաց «Սպասի՜ր, միասին գնանք»: Ես էլ վախենում էի մենակ գալու, քիչ կեցա, ու մեկտեղ եկանք:

– Վախենալու ի՞նչ կա, ճվաս՝ ձայնդ գյուղ կհասնի, հանդվորները կիմանան, էլ ինչի՞ ես վախենում…

– Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավսարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեղաճաք արավ:

Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման, բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պուտկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերակցի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդղալով.

– Ապա՜ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…

– Գնա՜, աղջի՜կս, գնա՜, շուտ էլ դարձե՜ք, մի մնաք: Մի վախենաք, գնացե՜ք, աչքս ձեր ետևից է:

Երկու ընկերակիցներն արագ քայլերով հեռացան: Վարդևանը նրանց ետևից դիտելով մնաց նստած տեղը արձանի նման և սրտի խորքից մի դառն հառաչանք արձակեց: Ամպերը հետզհետե կուտակվեցան, մռայլեցին Վարդևանի թախծալի դեմքը, անձրևի բարակ կաթիլների հետ խոնավությունը թափանցեց ռանչպարի մարմնի, ոսկորների ծուծը, և նրա վշտացած սիրտը կսկծացրեց ու մղկտացրեց: Նա երբ յուր լղար արջառներով կրկին փորձեց ցանքը առաջ տանիլ ու վերջացնել գործը, արորի կապերը քայքայվեցան ու ցրվեցան, և Վարդևանը շվարած մնաց անձրևի տակ, առանց մի կտոր թաղիքի կամ կարպետի ծածկոցի:

Другие книги автора

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»