Читать книгу: «Մատեան Ողբերգութեան», страница 12

Шрифт:

Բ

 
Բայց դու, ողորմած Աստուած բոլորի,
Տէր Յիսուս Քրիստոս,
Եթէ գթաս ինձ, կարող ես ելքի մի հնար գտնել:
Յանուն քո օրհնեալ Հօր վսեմ փառքի եւ քո սուրբ Հոգու կամքի գթառատ`
Տե՛ս տառապանքներն իմ տաժանելի` քեզ յայտ-յանդիման,
Եւ սրտիս խորքից դատախազ լինելն ինքս իմ անձի դէմ:
Իմ ամենացրուած բնութեան իսկութեա՛նը նայիր դու
Եւ բժշկութիւն պարգեւիր իմ վէրքերին,
Տո՛ւր հնարաւորութիւն` կորուստից դուրս գալու,
Զերծումն` բազմամասնեայ մահից եւ կենաց շաւիղ` ապականուածիս,
Նորոգութիւն եղծեալիս եւ յոյսի մուտք ամբարշտիս,
Եթէ ես, հակառակ իմ բնութեանը, կամք ցուցաբերեցի այս բոլորն ասելու,
Յապա դու ո՜րքան աւելի պիտի բարերարես ինձ, ինչ որ բնածին եւ յատուկ է քեզ:
Եթէ փշերից քաղցրահամ պտուղ քաղուեց,
Քո կենաց ծառից ո՜րքան աւելի անմահական համ պիտի ստացուի:
Եթէ ես իմ ատելիների համար քո ողորմութիւնը խնդրեցի,
Դու ինչպէ՞ս պիտի կրկնակին չտաս քո անսպառ առատութիւնից ինձ, որ քոնն եմ, ո՜վ ամենազօր:
 

Գ

 
Արդ քո մեծութիւնը տե՛ս, բարձրեալ, եւ նայելով իմ փոքրութեան վրայ,
Ընդունի՛ր սակաւ խոստովանութիւնն անթիւ մեղքերիս,
Ո՜վ դու, որ տեսնում ես բոլորը:
Եւ ինչպէս որ հաշուի չառար Վէմի գլորուելը,
Անտեսի՛ր նոյնպէս սասանուելը դու փոքրիկ աւազիս.
Ինչպէս որ իսկոյն վերացրիր Դաւթի պատժապարտութիւնը, երբ ասաց` մեղա,
Նոյնն արա՛ եւ ինձ, ո՛վ երկայնամիտ, լսելով ձայնն իմ հեծեծանքների.
Դու, որ բոլորին անաչառութեամբ եւ առատօրէն
Տալիս ես, որպէս յաղթող բարի, բազմիմաստ
Եւ չես նախատում հետին ստրուկիս, որպէս ողորմած եւ ամենաստեղծ,
Ստացի՛ր կրկին եւ մի՜ կորցնի ինձ` քո արիւնով բուժուածիս, գթա՜ծ.
Զի դու կարող ես քաւել ու փրկել,
Եւ քեզ վայել է փա՜ռք ամէն ինչում յաւիտեանս. ամէն: …
… յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԾԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Օրհնեալ ես դու, Տէր Յիսուս, Հօր հետ` բարեհաճ կամքով սուրբ Հոգու,
Եւ բոլոր օրհնուածներն օրհնեալիցդ օրհնուեցին,
Դո՛ւ միայն օրհնեալ Որդիդ օրհնեալի:
Քեզանից բացի չի՛ք շնչիս իշխող թագաւոր, Քրիստո՛ս:
"Յակոբն, – ասում է Եսային, – օրհնուած կլինի ա՛յն ժամանակ,
Երբ կվերցնեմ մեղքերը նրա":
Եւ արդ, ողորմի՛ր ինձ, Տէ՛ր բարեգութ, համաձայն նախնի քո սովորութեան,
Եւ օրհնի՛ր անօթդ այս բանական, ըստ Դաւթի եւ ըստ Մովսէսի,
Որպէսզի խօսքովդ փրկութեան հասած` քաւութիւն գտնեմ քեզնից օրհնուելով:
Հրաշագործի՛ր ինձ աստուածապէս, ողորմած արքա երկնաւոր,
Ինչպէս որ արիր Բեթհեզդայի սրահում հաւաքուած
Եւ երկար ժամանակ մահիճը ընկած ախտաւորներին:
Դրանցից մէկը այն կրկնակի թերահաւատն էր եւ երեսունութ տարուայ անդամալոյծը,
Եւ դու չզլացար նրան քո բժշկարար օգնութիւնը,
Գիտենալով նոյնիսկ նրա չարութիւնն անուղղելի,
Որ նիւթեց նա քեզ` երախտաւորիդ, մեծիդ եւ բարերարիդ`
Մատնութեան օրը, տիրամարտութեան դառն այն գիշերը:
 

Բ

 
Թէեւ դու նրան նախօրօք զգուշացրիր,
Թէ` մի՛ մեղանչիր, որպէսզի կրկին չարիք չգա քեզ,
Բայց չդադարեց լինել ձեռներեցն ու առաջինը այն ժանտ մարդկանց մէջ,
Որոնք քեզ խաչին դատապարտեցին:
Եւ դու այդպէս կախարդ ջատուկի, անյարիր ընկած
Եւ մահվամբ չոքած չարաշուք մարդուն, ողորմեցիր,
Անճա՜ռ բարութիւն, սխրալի մարդասիրութիւն,
Սարսափելի ներողամտութիւն, սոսկալի երկայնամտութիւն,
Անբաւելի քաղցրութիւն, փառատրելի հեզութիւն,
Որ միշտ յաղթւում ես գթութիւնից ու չես թշնամանւում,
Պարտւում ես ողորմութիւնից ու չես պարսաււում,
Բռնադատւում ես մարդասիրութիւնից ու չես արհամարհւում,
Հարկադրւում ես բարութիւնից ու չես հայհոյւում,
Ստիպւում ես սիրուց ու չես բամբասւում:
Պաղատում ես դու քեզ դարձիս համար ու չես ձանձրանում,
Վազում ես ապերասանիս հետեւից ու չես հոգնում,
Ձայնում ես չլսողիս ու չես սրտմտում,
Շտապում ես մեղկացեալիս մօտ ու կանգ չես առնում:
Չարիս համար բարի ես եւ ամենապարտիս համար ներող,
Քաւիչ ես մեղաւորիս համարեւ խաւարեալիս լոյս,
Եւ մահացածիս համար կեանք ես դու:
 

Գ

 
Այսպէս են ասում բոլոր հոգեշունչ գրքերն օգտակար,
Եւ որոնք յաճախ ծնում են անճառ եւ զարմանալի երկնաւոր պտուղներ:
Ասա՛ նաեւ ինձ` թշուառիս, օրհնեա՜լ ամենապարգեւ, -
"Վե՛ր կաց ու վերցրու մեղքերի մահիճը կործանուածիդ,
Եւ իմ հետեւից արի, որ հասնես անհոգնում կեանքի խաղաղ հանգստին":
Քո հրամանի ամենակարող սուսերով կտրի՛ր
Կապանքները պիրկ եւ դժոխային երիզապատուած իմ մահազգեստի
Եւ մահասարսուռ սաստկութեամբ խեղդող հանգոյցները քանդի՛ր,
Ուղարկելով ինձ` մահուան արժանուս, քո աստուածային կենսաբեր խօսքով
Դէպի վեր` անանց, յաւերժ բերկրութեան ազատութեան մէջ:
Մի՛ կենագործիր տակաւ-տակաւ եւ մի՛ ձգձգիր օրէցօր երբէք,
Որ հետզհետէ մեղքերի բեռան ծանրութիւնն ստուար
Չճնշի ազդրերս ու չկռացնի ինձի վար` դժոխքին նայելու,
Եւ ուժգնակի գոռոզ բռնութեամբ հոգեւորական զէնքերս ի դերեւ հանելով մահուան ծառայեցնի ինձ:
Այլ դու օգնիր ինձ, բարի՛ վշտակից,
Մահուան երկունքի այս իմ ցաւագին հեծեծանքներում,
Սատակման փայտը վրայիցս առնելով, ինչպէս երբեմն` պահակի ուսից,
Որով վայելուչ կոթող կառուցես քո յաղթանակի արի զօրութեան,
Ամուր հաւատքով, հաստատուն յոյսով ինձ բեւեռելով քեզ հետ` անսայթաք:
Եւ քեզ` Հօր եւ սուրբ Հոգու հետ փա՜ռք, իշխանութիւն յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԾԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Հաւատում եմ ես եւ վկայում գիտակցաբար`
Քեզանից ազդուած մտատեսութեամբ
Թէ ըղձալի են քեզ, բարերա՛ր,
Աղաչանքները մեղաւորների, քան թէ խնդրանքներն արդարների:
Զի մէկն իր մեղքերը խոստովանելով շնորհիդ է սպասում
Եւ ճանաչելով չափն իր բնութեան` ծառանում ինքն իր դէմ,
Որպէս մեծ կշտամբիչ եւ ինքնոգոր մարտակից,
Դառն յանդիմանող ու ծածկատես դատախազ:
Իսկ միւսն իր բարի գործերին նայելով` յանձնապաստան վստահութեամբ`
Մոռանում է սահմանն իր բնութեան եւ պարգեւներ է ակնկալում, քան թէ ողորմութիւն:
Եւ այդ պատճառով մէկի մօտ յօրինւում են անթիւ ճառեր,
Որոնք բարձրաձայն քո ողորմութիւնն են փողահարում,
Իսկ միւսը լռում է դրանց մասին, ո՜վ անքննելի, ահաւոր եւ ամենախնամ:
Ամաչում եմ ասել, թէ երկրաւորիս գործերի պատմութիւնն իսկ քոնից էլ առաջ է անցել.
Ուստի արա՛ այնպէս, ո՜վ Տէր,
Որ քոնից աւելի չզօրանայ աջն հողեղէնի.
Մարդկանց ջանքերը թող որ չկշռեն ողորմութիւններդ:
 

Բ

 
Առողջ անդամներ ունեցողներն անկարօտ են բժշկութեան,
Եւ աչքով տեսնողներն առաջնորդի պէտք չունեն,
Ինչքով փարթամները լիացածների դռների շուրջը չեն դեգերում,
Եւ կուշտ ու կուռ կերածները չեն սպասում հացի սեղանի փշրանքներին,
Եւ վարքով մաքուրները ողորմութեան անկարօտ են:
Ուստի ինձ գթայ եւ ողորմիր, բարձրեա՜լ երկնաւոր հզօր,
Ինձ` վարանեալիս ամենատխուր:
Զի եթէ Յոբին ես նմանուէի,
Ինքս էլ նրա պէս կասէի` արդար եւ անարատ եմ.
Եթէ լինէի ես Մովսէսի պէս` ինքս էլ նրա պէս կասէի վստահ`
"Տէրը պիտի ճանաչի նրանց, ովքեր իրենն են",
Եթէ լինէի ես Դաւթի նման, կասէի նոյնպէս`
"Արեցի իրաւունք եւ արդարութիւն".
Եւ դարձեալ մարդկային բնութիւնից վեր այս խօսքը հոխորտ`
"Եթէ սրտիս մէջ անօրէնութիւն տեսնէի,
Տէրն ինձ չէր լսի".
Եթէ Եղիային նմանուէի ես` պիտի կոչէի ինձ
"ա՜յր Աստծոյ".
Թէ Երեմիային` ճշմարտութիւնդ կօրինակէի.
Եթէ լինէի Եզեկիայի պէս` ինքս էլ իրաւամբ կպարծենայի`
"Քո աչքի առաջ ես արդարութեամբ քայլեցի".
Պօղոսի նման եթէ լինէի, կանուանէի ես ինձ`
Բնակարան, ներշնչարան եւ ընդունարան
Աստծոյ խօսքի`
Բայց ես անօրէնս, օրէնքին գիտակ լինելով մէկտեղ,
Ոչ միայն չեմ կարող ներկայացնել քեզ անձս նրանց պէս վստահ խօսքերով,
Եւ չարս իսպառ, բարիների պէս` այդ նոյն խօսքերը քո առջեւ յիշել,
Այլեւ չեմ կարող` բովանդակ արարածներից բարեհռչակուած
Անունդ, հզօ՜ր, ամբարշտացած իմ լեզուով գովել:
Իսկ դու, որ կարող ես ամէն բանում եւ հնարաւոր,
Տուր ինձ ոգի փրկութեան, պաշտպանութեան աջ եւ օգնութեան ձեռք,
Բարութեան հրաման, ողորմութեան լոյս, նորոգութեան խօսք,
Քաւութեան պատճառ եւ կեանքի նեցուկ` օգնող գաւազան:
Քանզի դու ես յոյս ապաւինութեան,
Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
Օրհնեա՜լդ Հօր եւ սուրբ Հոգու հետ յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ Կ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Արդ, քանի որ ինձ յայտնի է ճշգրիտ առակով արդէն,
Թէ` չի վայելում մեղաւոր բերնին օրհնաբանութիւն, -
Ինչպէ՞ս պիտի նոյն գովութիւնը քեզ կրկնեմ վերստին աղաչաւորս խիստ ամօթապարտ,
Որ անէծքներ եմ ընդունում անվերջ` սաղմոսարանում, ինձ համար ասուած:
Ի՞նչպէս ինձ համար երգեմ վտանգներ եւ նախատինքներ արձանագրեմ
Ու մերկ գրկիս մէջ շուշանի տեղակ փշեր հաւաքեմ.
Եւ ի՞նչպէս պիտի համարձակուեմ ես
Դաւթի պէս ասել,
Թէ` "Պիտի փշրես մեղաւորների ատամները դու",
Եւ դարձեալ ինչպէս` "Անօրէննեը չպիտի բնակուեն քո աչքի առջեւ".
Ինչպէ՞ս, թէ` "Դատիր ինձ, Տէր, ըստ արդարութեան քո եւ իմ` անբծութեան":
Եւ կամ թէ ինչպէ՞ս` "Չարիքները մեղաւորների վրայ պիտի կատարուեն",
Ինչպէ՞ս, թէ` "Պիտի խորտակուեն չարի եւ մեղաւորի բազուկները",
Եւ ուրիշները հետեւեալ կարգով.
Ինչպէ՞ս կարող եմ ասել, թէ` "Մեղաւորների վրայ տեղան պիտի հուր, ծծումբ, որոգայթ".
Ինչպէ՞ս, թէ` "Տէրը կթուլացնի նենգաւոր շրթունքներն ու լեզուները մեծաբանող".
Ինչպէ՞ս, թէ` "Սիրտս քննեցիր եւ չգտար այնտեղ անիրաւութիւն".
Եւ ինչպէ՞ս դրան յաջորդող խօսքն այս,
Թէ` "Զգուշացա խստասիրտների ճանապարհից ես".
Եւ ինչպէ՞ս ապա, թէ` "Արդարութեամբ ես քո երեսը պիտի ելնեմ".
Ինչպէ՞ս, թէ` "Ես էլ անբիծ պիտի լինեմ նրա հետ".
Ինչպէ՞ս եւ միւսը, թէ` "Տէրն ինձ ըստ իմ արդարութեան եւ ձեռքի մաքրութեան պիտի հատուցի".
Ես ինքս ինչպէ՞ս իմ ստութիւնը պիտի ծանակեմ, ասելով սուրբի հետ, թէ`
"Ձեռքերս սրբութեամբ պիտի լուանամ".
Սնոտիների մէջ նստածս ինչպէ՞ս ամբարիշտների աթոռները բամբասեմ.
Ինչպէ՞ս թշուառս երջանկի պարծանքն ինձ վրայ առնեմ,
Թէ` "Դատիր ինձ, Տէր, զի անմեղութեանս մէջ քայլեցի ես".
Ինչպէ՞ս օտարս բարի գործերից` պիտի շարժեմ գո՜ւթը գաղտնագէտիդ,
Թէ` "Մի՛ դասիր ինձ ամբարիշտներին".
Ի՞նչպէս ես ինքս լինելով անիծապարտ, ուրիշների համար ասեմ`
"Տո՛ւր նրանց, Տէր, ըստ նրանց գործի",
Եւ համարձակուեմ շարունակելու:
 

Բ

 
Մնացածներն էլ եթէ գումարեմ առաջիններին,
Կրկնապէս պիտի ծանրանան ցաւերս ու դառնութիւններս աճեն,
Բայց արցունքների շեղջերից միայն դոյզն-ինչ առնելով,
Առայժմ պիտի բաւականանամ սաղմոսարանի
Ընտանի ձայնի հանապազօրեայ յանդիմանութեամբ,
Որ ամբարիշտիս կշտամբում է միշտ:
Դրանց հետ նաեւ քառասունիններորդ գլխի վերջին հատուածի յանդիմանական տողերը,
Որոնք գարշելի համարելով ինձ` խայտառակում են միշտ եւ հանապազ:
Խցելով բերանս, որպէսզի չփառաբանեմ` անձս եղկելի են ներկայացնում.
Եւ աստուածային ձայնով ինձ ամբաստանելով` զրկում են կեանքի յոյսից,
Միաժամանակ, ինչպէս պատնեշի վրայից, քարեր են նետում վրաս:
Եթէ ծանր է ուրիշներից անէծք ընդունել,
Ապա կրկնակի ծանրածանր է անձամբ ինքն իրեն անիծելը:
Իսկ եթէ օրէնք է մերձաւորներից նախատինքներ չառնել,
Ապա ուրեմն ամենատեսիցդ սպասել դրանք`
Արիւնալից ցաւ, սարսափելի վիշտ ու մտալլկանք են պատճառում մեզ:
Բայց ով որ նրանց խոնարհութեամբ անձնատուր լինի,
Եւ գաւազանով ծեծի ինքն իրեն, կշտամբի ու դառն անէծքներ կարդա,
Այդպիսին պիտի օրհնուի Վերնայնի խոստովանած եւ ամէնիշխան բերանի շրթունքներով.
Զի նա ճշգրիտ կերպով բացատրեց դարձն իր դէպի նա, կեանքի ճիշտ ճամփից չհեռանալով.
Սիրոյ օրէնքով նա իր մեղքերի արմատը կտրեց,
Չնուաճուելով չարախօսների խարդաւանքից,
Քրիստոսի հօտի բժշկուած ոչխարը եղաւ նա,
Դիմելով աղիքների խոցերը բուժող աղին:
Բայց անբանների բարքին է յատուկ ասուն կենդանիների
Կենսաձիր խօսքի դալար, ծաղկածին դաշտավայրում`
Մտքի թմրութեամբ մահացու արոտներ ճարակելը:
 

Գ

 
Արդ, քանզի իսկ եւ իսկ ինձ համար է ասուած վերջին օրինակն այս կշտամբողական,
Եւ չար դիպուածներն ու պատահմունքներն ինձ են ակնարկում,
Որոնք նիւթեցի ես ինքս որպէս սաստիկ տոչորող կիզիչ կրակներ,
Նրանք երկնքից թափելով իմաստութեանս ճրագարանի` գագաթի վրայ:
Այլեւս սաղմոսն ինձ ի՞նչ օգուտ կարող է բերել,
Երբ ինքս նրա բազմերանգութիւնից մնացի անպտուղ,
Ու չնվագեցի հոգով այն, ինչ որ
Պօղոսն է թելադրում:
Ի՞նչպէս կարող եմ մեծագոյնս ես մեղաւորներից եւ պիտանիներից նկունս
Մարգարէի երգերին խառնել Տիրոջ խօսքերը եւ ասել սուրբի հետ.
"Հեռացէ՛ք ինձնից բոլորդ էլ, որ գործում էք անօրէնութիւն":
Ես, որ չեմ կատարել օրէնքի եւ շնորհի բազում պատուիրաններից եւ ոչ մէկը`
Ինչպէ՞ս բարբառեմ երջանիկի հետ,
Որը մեզ համար սահմանածը նախ ինքը գործադրեց,
Թէ` "Ես` քո ծառան պահեցի այս", եւ դրանց հետեւող խօսքերը:
Կեանքի կատարեալ իմաստութիւնից թափուրս ինչպէ՞ս
Տիրոջ երկիւղածների հետ օրհնեմ.
Ինչպէ՞ս պիտի մաղթանքներից մեծագոյնին իմոնքն էլ կցեմ,
Թէ` "Մի բան խնդրեցի ես Տիրոջից` տեսնել իր վայելչութիւնը
Եւ իր տաճարի հրամանատարը լինել".
Ի՞նչպէս ձեռնամուխ լինեմ այն բանին, որ արգելուած է ինձ,
Երբ լսում եմ, թէ` ուղղամիտներին վայել է միայն օրհնութիւն կարդալ:
Ես իմ սեփական շուրթերովս ինչպէ՞ս ինքս ինձ անիծեմ,
Ասելով, թէ` "Տիրոջ աչքը չարագործների վրայ է,
Ջնջելու համար նրանց յիշատակն երկրի երեսից".
Ի՞նչպէս` եւ միւսը, թէ` "Չարերը շուտով պիտի ջնջուեն".
Ի՞նչպէս այն խօսքը, որ արդարեւ ինձ է վերաբերում,
Թէ` "Բազուկները ամբարիշտների պիտի խորտակուեն".
Ի՞նչպէս պաղատեմ սատակման համար,
Թէ` "Պիտի կորչեն մեղաւորները":
Ի՞նչպէս թաթախեմ թափառող լեզուս օրհնեալ խօսքի մէջ,
Թէ` "Հսկեցի ես կեանքիս ընթացքը, որ չմեղանչեմ ինքս իմ լեզվով".
Ի՞նչպէս մեղքերի փշերով խեղդուածս պարծենամ խօսքովն անարատի,
Թէ` "Իմ անբծութեան մէջ ընդունեցիր ինձ".
Ի՞նչպէս ես մեղաւորս եւ կրկնակի պատժապարտս
Պարսաւեմ պիտի իմ նմաններին, նրանցից ազատուելս մաղթելով,
Թէ` "Մեղաւոր ու նենգ մարդկանցից ազատի՜ր ինձ, Աստուած":
 

Դ

 
Ի՞նչպէս, որպէս ոչ կռապաշտ, անպատկառօրէն խրոխտամ ունայն պարծանքով,
Դաւթի հետ ասելով` "Մի՞թէ մոռացել ենք մենք անունն Աստծոյ,
Եւ կամ օտար աստուածներին աղօթելու ձեռք ենք երկարել":
Զի նա, որ գարշելի մեղքերի մէջ կընկնի,
Այդպիսին կառուցած կլինի պաշտելու համար
Անասնական, ախտարծարծ եւ պոռնկապատիր կերպարանքներ`
Աստարտի, Քամովսի, Մեղքոմի եւ թարմատար
Թարահատի արձաններ արու,
Ինչպէս նաեւ կանացի զազիր ու աղծապիղծ կուռքեր
Եւ իշանդամ առականքների անծածկոյթ ծանակութիւններ:
Ի՞նչպէս չամաչեմ ասել նահատակի հետ, որ բարութեան էր միշտ հետամուտ,
Թէ` "Ամէն օր մեռնում ենք քեզ համար",
Եւ հետեւեալ տողերն այդ սաղմոսի:
Ի՞նչպէս յիմարս մարդկանց մէջ եւ վատթարս հանդգնեմ ասել,
Թէ` "Բերանս իմաստութիւն պիտի պատմի, եւ սիրտս` հանճար":
Ի՞նչպէս ես` մարդակորոյս կեղծաւորս երեսպաշտների ոսկորների ցրումը մաղթեմ.
Ի՞նչպէս կրկին երկրորդուած մեծանուն բարութիւնն այն,
Թէ` "Հաճելի պիտի լինեմ տիրոջը կենդանեաց երկրում":
Ի՞նչպէս ես անբաւ մեղքերի տէրս, արդարից առած` բարբառեմ այսպէս, -
"Ոչ մեղք ունեմ ես եւ ոչ էլ յանցանք, ընթացքս եղաւ անմեղ եւ ուղիղ":
Ի՞նչպէս ինքս ինձ մատնեմ կորստեան այսպէս ասելով`
"Անօրէնութիւն գործողներին մի՛ ողորմիր":
Եւ կամ թէ ասեմ. "Ինչպէս մոմը, որ հալւում է կրակի դիմաց,
Այդպէս էլ պիտի լինեն մեղաւորներն
Աստծոյ առջեւ":
 

Ե

 
Ի՞նչպէս` ապականացու փափկութեամբ շոյուածս այս ինձ անվայել խօսքը հաստատեմ,
Թէ` "Ես ընկճեցի իմ անձը ծոմով".
Ի՞նչպէս նաեւ այս խօսքը նոյնիմաստ, -
"Նրանց նեղութեան մէջ ես քուրջ էի հագնում
Եւ, ինչպէս սգաւոր ու տրտում` խոնարհ էի".
Ի՞նչպէս հանդարտուեմ իմ նմանների պատիժն յիշելով,
Թէ` "Աստծոյ բարկութեան մրուրը չի սպառուի,
Եւ պիտի խմեն նրանից երկրի բոլոր մեղաւորները":
Ի՞նչպէս` սրա հետ եւ միւսը, թէ`
"Մեղաւորների բոլոր եղջիւրները պիտի փշրես դու".
Ի՞նչպէս, Յակոբի ապերախտութեան մասին պատմելով, կարող եմ հեգնել նրան
Ես, որ ստուերի տեղ ճշմարտութիւնն ընդունած, նրանց հետ եւ նրանց թերութեամբ
Մոռացա Քրիստոսի երախտիքները` աստուածահրաշ խաչի փրկանքով,
Եւս առաւել, քան նրանք, որոնք չուզեցին
Զօրաւորութիւնն Մովսէսի սքանչելագործ ցուպի,
Որ տէրունական տնօրինութեան մի օրինակն էր:
Ի՞նչպէս կարող եմ ցոյց տալ մեզ վրայ խուժող դեւերի -
Խմբերի խուժդուժ եւ օտարացեղ` աղէտները ողջ,
Ասելով, թէ` "Մեր մէջ գտնուող բարիների դիակներն իբրեւ կեր
Ձգեցին գիշատիչ թռչուններին, այսինքն` օդային դեւերին":
Ի՞նչպէս կարող եմ ճանապարհի վրայ ընկած խօսքի սերմը
Եւ չարի հետ միաբանուած կամքը անուանել սուրբ,
Ի՞նչպէս սուրբ կոչեմ պատերազմի հետ նոյն շաւղով գնացող`
Իմ ճանապարհից դուրս եկած մտքի գուպարը գաղտնամարտ,
Որ ես զօրացրի` գործակցելով բանսարկուի հնարքներին:
Չեմ կարող աղերսել քեզ, թէ` "Մի՛ լռիր եւ մի՛ դադարիր, Աստուած",
Ինչպէս եւ` "Խորհեցին քո սուրբերի վրայ եւ ասացին", -
Եւ միւս խօսքերը` սաղմոսարանի այս աղօթքի մէջ:
Զի յոյժ տեղին է, որ այս խօսքերով ճանաչենք մոլեկան բռնութիւնը դեւերի,
Եւ նրանց հետ նաեւ իրենց արբանեակներին,
Որոնք մղում են ճակատամարտ միշտ, խռովելով ներկան:
 

Զ

 
Այդ բոլորից, Տէր Քրիստոս,
Որդիդ դու բարձրեալ եւ մեծ Աստծոյ,
Պահե՜ս ու պահպանես երկնային զօրքիդ շրջափակութեամբ,
Բոլոր հողմերից ու խաբողների յարձակումներից
Լուսեղէն խաչովդ պաշտպանելով մեզ:
Զի թէեւ իմ մէջ գտնուեն անօրէնութիւններ բազմօրինակ,
Սակայն ո՛չ երբէք հայհոյութիւններ:
Չհանգստացա՜ր դու ինձ նման ամբարիշտների կորուստով,
Այլ ամենագորով թախծութեամբ, ջրհեղեղով ջնջուած
Զազրագործների վրայ մինչեւ իսկ կրկնապէս վշտացար,
Նրանց այդպիսի մահն համարելով անհանդուրժելի եւ յոյժ անհաճո:
Լսողներին զարմանալի այս խօսքն ասացիր դու,
Թէ` "Այլեւս մարդկանց գործերի պատճառով երկիրը չպիտի անիծեմ":
Մխիթարւում ես դու մեծապէս ու պարարւում`
Անմաքուր ու սատակման արժանի մարդկանց կենդանացման համար.
Ինչպէս որ երբեմն, դդմենու առակով ցոյց տուեցիր դու
Կործանուելու արժանիներին խնայելդ, ողորմա՛ծ.
Եւ մի ուրիշի վրայ նեղացար, սաստիկ վշտացած,
Երբ նա անձրեւն ուշացնում էր, որպէսզի ուրացողները ապրուստ չունենան:
Եւ բազմապիսի յիշատակարժան եւ անճառելի
Բարութիւններ ցուցաբերեցիր դու վերջին օրերին.
Քո կողմից` առաքեալներիդ միջոցով հրամայեցիր ողջոյն տալ քաղցրահամ`
Հասարակաց բոլոր եւ անհամբոյր հեռաւորներին:
Նաեւ ի՛նձ վրայ ցողիր հայրական սէրդ գթառատ, կենդանի Աստուած,
Որպէսզի ես էլ գտնեմ փրկութիւն`
Քաւուած մեղքերից ամէնառատ քո այցելութեամբ:
Եւ քեզ Հօր եւ սուրբ Հոգու հետ փա՜ռք յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԿԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ ինչո՞ւ համար պիտի մէջ բերեմ եւ իմ տաւիղով երգեմ անդադար,
Սաղմոսարանի խօսքերն այն բոլոր,
Որոնք իմ դէմ են միշտ եւ շարունակ, որպէս նախատինք եւ որպէս նզովք:
Ինչպէ՞ս կարող եմ շուքը երջանկի յարմարեցնել ինձ դատապարտուածիս,
Այսպէս ասելով նրա հետ մէկտեղ, թէ` նենգամիտը ինձ չմօտեցաւ:
Եւ ինչպէ՞ս դարձեալ զարհուրեցուցիչ, յաջորդ տողերում կարգով թուարկուած`
Բարեմասնութիւններն այն բոլոր, որոնք հին օրէնքի թագաւորի, զինուորական մարգարէի
Եւ մարմնական հրամանատարի նկարագրի գծերն են,
Երկնայիններին անգամ ցանկալի` կրկնեմ եւ կեանքից չյուսահատուեմ,
Ես, որ նոր օրէնքի աւետարանիչ եւ շնորհների աշակերտ լինելով հանդերձ
Այդ երկնահաճոյ արժանիքներից անմասն եմ իսպառ:
Ըստ իրաւախոհ արդարի` ինչպէ՞ս պիտի զինուեմ մեղաւորների դէմ,
Պատրաստ լինելով առաւօտեան վաղ արթնացածի պէս
Սպանել նրանց, ըստ առակողի:
Ես, որ իմ մարմնի անդամներն անգամ գանահարելով չխրատեցի:
Ի՞նչպէս արդ մեծի արիութիւնը օրինակելով`
Կարենամ ջնջել անօրէններին Տիրոջ քաղաքից,
Երբ իմ հոգու մէջ բուսած մեղքերն իսկչմեռցրի ես:
Ինչպէ՞ս սուտ խօսեմ նրա մօտ, որին ծածկուածները յայտնի են, արդէն,
Ասելով` "Մոխիրն իբրեւ հաց կերա".
Ես, որ Երգողի աղբերակների յստակ արցունքին
Իմ հուզումներից պղտոր մի կաթիլ իսկ չմիացրի,
Ի՞նչպէս նրա հետ կարող եմ ասել`
"Ըմպելիքս խառնեցի ես արտասուքներով
Եւ անկողինս արցունքներով թրջեցի":
Եւ ապա, որո՞նք վերագրեմ ես ինձ` մեղքերով մահացեալիս,
Երբ աստուածասէրն ի բոլոր սրտէ նախնեաց յանցանքներն
Իրենն է համարում, ասելով այսպէս. -
"Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրինացանք եւ յանցանք գործեցինք",
Եւ այս սաղմոսի հետագա բոլոր տողերը, որոնք
Իրաւամբ ինձ են յարմար աւելի, քան Իսրայէլին:
Ինչո՞վ արժանի լինեմ դասուելու բարիների հետ,
Երբ չգտնուեց իմ մէջ այն դեղն իսկ, որ յարգուեց որպէս մարդկային մի գիւտ,
Այսինքն գարշելով կերակուրներից`մահու չափ քաղցել,
Եւ երկարատեւ ճգնութիւններով` հոգով նուաղել,
Ըստ տարակրօն հրեաների եւ հեթանոսների երբեմնի սովորութեան:
Արդարութիւնն իմ ինչպէ՞ս կարող է մնալ յաւիտեան, որը ես երբէք ի գործ չդրի:
 

Բ

 
Բայց, որպէսզի երկարաբանութեամբ չդառնամ տաղտկալի,
Պիտի աշխատեմ խօսքս համառօտել:
Ի՞նչ կարող ես ասել այն խօսքերի տեղ,
Որոնք նուագեց օրհներգ ու Դաւթի ձայնն աստուածաշունչ,
Թէ` "Բոլոր սրտովս ես քեզ փնտրեցի":
Ի՞նչպէս սրա հետ ասեմ աւելին,
Թէ` "Ամէն տեսակ չար ճամփաներից ոտքս կտրեցի":
Ի՞նչպէս սրա հետ ասեմ աւելին,
Թէ` "Իմ սրտի մէջ պահեցի խօսքերդ, որպէսզի քո դէմ չմեղանչեմ":
Ի՞նչպէս ունայնութիւններս որպէս կատարելութիւններ ճառեմ մաքուրների հետ,
Թէ` "Քո պատուէրներից դաս առնելով, ատեցի բոլոր ճանապարհները չարագործների":
Ի՞նչպէս ես հեզի ճշմարտութիւնը` իմ խաբեբայի մշտնջենական
Սուտ երդումների հետ համակարգեմ, ուխտելով հաւատարմի հետ,
Թէ` "Հաստատապէս երդուեցի պահել դատաստանդ արդար":
Ի՞նչպէս կրկնեմ ես այն պատգամը, թէ`
"Փրկութիւնը հեռու է մեղաւորներից":
Որը իմ վերջին վճռի մահագոյժ հրեշտակն է:
Ի՞նչպէս չարս իրօք, բարիների պէս, -
Որոնք Տիրոջից առնում են իրենց հատուցումն արդար,
Հեղեղելով այս տողը ասեմ, թէ`
"Տէրը բարիք կանի ուղղամիտներին":
Ի՞նչպէս այն անաչառ եւ կտրուկ փոխատրութիւնը մոլորեալիս,
Թէ` "Սխալուածներին հափշտակելով կտանի նրանց հետ, ովքեր գործում են անօրէնութիւն":
Ինչպէ՞ս պարծանքը Աստուածազգեստի պատուաստեմ ես ինձ ամօթահարիս,
Նրա խօսքն ասելով. "Չբարձրացաւ սիրտս, Տէր,
Եւ աչքերս երբէք չզվարճացան":
Ինչպէ՞ս ընդունեմ մարմնականից վեր խօսքն անճառելի,
Որպէս քաջալեր յուսահատուածիս, գանձիս գեհենի,
Ասելով Աստծոյ հոգով օծեալի հետ,
"Առաջուց տեսար, որ լեզուիս վրայ նենգութիւն չկա",
Եւ սաղմոսի այս մարգարէական գլխի սկզբից մինչեւ վերջ գրուած խօսքերը բոլոր:
Եւ ի՞նչպէս ինքս, որ համաբան եմ դժնասիրտ մարդկանց եւ դասակից նրանց,
Ես, որդիս մահով ջնջուելու արժան` բարեշնորհի խօսքը բարբառեմ. -
"Չէ որ, ահա, Տէ՛ր, քեզ ատողներին ես ատեցի", -
Եւ մնացածներն ապա այս կարգի:
Ի՞նչպէս դու, ա՛նձն իմ, որ աշխարհի ամէնէն աշխարելին ես,
Տօնելի Վեհի վստահութեամբ
Չստուգուած հոգիդ առաջ մղելով, պանծաս ինքնագով պսակուածի հետ,
Թէ` "Փորձիր ինձ, Տէր, եւ տես` կա՞ միթե անօրէնութիւն իմ ձեռքերի մէջ",
Դրա հետ նաեւ յաւելուածները:
Չար լինելով ես` ինչպէ՞ս չարերից ազատուել մաղթեմ,
Իրենց յոյսն Աստծոյ վրայ դրածներին ձայնակցելով,
Թէ` "Պահիր ինձ, Տէր, մեղաւոր եւ չար մարդու ձեռքերից":
Ի՞նչպէս վեր կենամ` փառաւորեալի հետ աղօթելու Աստծուն,
Թէ` "Դու ես իմ յոյսն ու բաժինը կենդանեաց երկրում":
Ի՞նչպէս, իբրեւ թէ ճգնաւորի հետ մրցման դուրս եկած,
Յաղթանակի մրցանակը թագաւորիդ մատուցելով,
Այս աննմանակ աղօթքն անեմ ես աղերսագին. -
"Արդարներդ պիտի սպասեն, մինչեւ դու հատուցես ինձ":
 

Գ

 
Բարեբանեալ է նաեւ հոգեւոր այս միտքը,
Որով ամէն ինչ արհամարհելով,
Արարածների սկզբնապատճառին է ընտրում միայն ասելով`
"Երանի՛ այն ժողովրդին, որի տէրը` իր Աստուածն է".
Եւ այս նման է Տիրոջ վարմունքին, որով նա փորձչին յանդիմանեց նրա անպատկառութեան համար:
Մեծ է նաեւ այն շնորհը երանութեամբ լի համարձակութիւնն այն երկիւղած,
Թէ` "Քո սուրբերը պիտի օրհնեն քեզ":
Ըղձալի է նաեւ հոգեւոր հաղորդութեան ընտանութիւնն այն մտերիմ,
Որով մարդ իր յոյսը դնում է միայն
Աստծոյ վրայ
Եւ նրա մէջ էլ մնում հաստատուն սաղմոսի խօսքերով քաջալերական,
Թէ` "Տէրը կատարում է իր երկիւղածների կամքը",
Եւ ապա թէ` "Տէրը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրան,
Եւ ջնջում բոլոր մեղաւորներին":
Պատգամներ տխուր եւ ուրախական սաղմոսարանի վերջին գլուխների մէջ,
Որոնք ցոյց են տալիս արդարների ու մեղաւորների վերջին հատուցման օրինակները:
Իմաստով միմեանց հաղորդակից են եւ ա՛յն երգուածները,
Թէ` "Տէրն հեզերին իր մօտ կընդունի
Եւ մինչեւ գետին կխոնարհեցնի ամբարտաւաններին": -
Ուրեմն ո՜րքան եղկութիւններ կան իմ առաջ:
Իսկ եթե` "Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին
Եւ հեզերին բարձրացնում է փրկելով նրանց", -
Յապա ես զուրկս արժանիքներից` ի՞նչ յոյսով ամրանամ:
Իսկ եթէ Աստուած սրբերից է օրհնւում իսկապէս,
Յապա ես օտարս մաքրութիւնից` որո՞նց կարգը դասուեմ:
Իսկ եթէ սրանց մօտ դնեմ իբրեւ յանդիմանութեան յիշատակարան,
Կանխերգածներից այս տողը, թէ`
"Սիրեցէք Տիրոջը, ո՜վ նրա սուրբեր,
Զի ուղղութիւն է ուզում նա եւ կրկնակի կպատժի գոռոզներին", -
Յապա ո՞ր գնդում պիտի լինեմ ես,
Գերիս գրաւուած` գաղտնի մեղքերի գիւտարար չարին:
 
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
280 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467949
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
Текст PDF
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Текст
Средний рейтинг 4,2 на основе 5 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 3 на основе 2 оценок
Текст PDF
Средний рейтинг 4,5 на основе 2 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4,3 на основе 3 оценок
Текст
Средний рейтинг 3,7 на основе 10 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 1 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 3,1 на основе 38 оценок
По подписке
Текст, доступен аудиоформат
Средний рейтинг 4,6 на основе 12 оценок
Текст
Средний рейтинг 4,9 на основе 37 оценок