Бесплатно

Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր

Текст
0
Отзывы
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

16

Ամբողջ քաղաքում միայն երկու բժիշկ կար, մեկը հայ էր, մյուսը առնավուտ (ալբանացի)։

Արան վազեց «առնավուտ հեքիմի» մոտ։ Մինչև նա վերադարձավ Լիլոյի մոտ բժշկի հետ միասին, այնտեղ գտավ հայ բժշկին, որին Ակոբն էր բերել։

– Հեքիմ էֆենդի, էս աղվընիկս աղեկցուր, բյութուն աղվընիկներս ծախիմ, փարան քըզի տամ, – աղաչում էր Լիլոյի հայրը։

Երկու բժիշկներն էլ համաձայնեցին (նրանք իրար հետ ֆրանսերեն էին խոսում), որ Լիլոյի դրությունն անհույս է, ոչ դեղ հարկավոր է և ոչ էլ որևէ փորձ կատարել։ Նրանք պատվիրեցին հանգիստ թողնել հիվանդին, որ իրեն֊իրեն լավանա։

– Հեքիմ էֆենդի, իլաճ չե՞ս տար, – հարցրեց թշվառ հայրը։

– Չէ, հարկավոր չէ, միսի ջուր տվեք։

– Աղվընիկ էփիմ, ջուրը խմցնիմ, կըլլի՞։

– Ավելի աղեկ։

Բժիշկները հեռացան, Լիլոն նայեց ծնողներին, Արային և, տեսնելով նրանց թախիծը, մխիթարելու համար շշնջաց․

– Կաղեկնամ, հե՛չ մի վախնաք։

Եվ նրա աչքերը ժպտացին մարվող շողի վերջին ցոլքի նման։

Ակոբը մոտեցավ աղջկան, շոյեց նրա մազերը բոլորովին հուսադրված, որ Լիլոն լավանալու է, անպայման լավանալու է, բայց մոր արցունքները թափվում էին ցցված այտոսկրներից վար։

Արան էլ մոտեցավ, բռնեց Լիլոյի ձեռքը և լուռ գլուխը կախեց։ Ակոբն զգաց, որ Արան քաշվում է իրենից։

– Դուք էրկուքդ ըլ իմ աղվընիկներս եք, իրարու պաչեցեք, տեսնամ, – ասաց հայրը։

Լիլոն ամաչեց։ Արան գլուխը բարձրացրեց և գուրգուրանքով նայեց աղվընիկ խաղցնող Ակոբին, որ ամբողջ կյանքում դանակի հետ էր խաղացել և արյուն թափել։

– Ձըզի կըսեմ, իրար պաչեցեք, տեսնամ, – պնդեց Ակոբը։

Լիլոն ու Արան լուռ էին։ Ակոբը բարձրացավ տեղից, բռնեց Արայի գլուխը, մոտեցրեց Լիլոյին։ Նրանք համբուրեցին իրար։ Համբուրելիս Ակոբը բացականչեց.

– Օխ, աղվընիկներս…

Ակոբն անսահման երանություն էր ապրում, նրա մեջ բոցավառվեց հույս, որ Լիլոն կլավանա, անպայման կլավանա։

– Կնի՛կ, գյուլթեոքենս, – դարձավ նա իր կնոջը, – հեչ մի՛ լար, աղվընիկս կաղեկնա, էկուր, ես էլ քըզ պագնիմ։

Եվ Ակոբը գրկեց իր կնոջն ու համբուրեց նրան հին օրերի ջերմությամբ։

Կինը ժպտաց, կարծես կյանքը վերադառնում էր։

Ակոբը գլուխը դարձրեց և նշմարեց ոսկիները Լիլոյի վերմակի վրա։ Անմիջապես գլխի ընկավ, որ Արան բերած կլինի։ Նա բռնեց նրան, համբուրեց և ասաց.

– Փարադ առ, ծոցդ դիր, դուն էլ մեղք ես, էրեսդ ռանգ չէ մնացեր, չոփ ես կտրեր, մեղք ես, յավրում։

– Լիլոյի համար բերեր իմ, – պատասխանեց Արան ոգևորված։

– Ես փարա ունիմ, դահա հողը չեմ մտեր, քանի որ ջանս սաղ է, կպահիմ իմ աղվընիկս։

– Բերեր է, որ Ստամբոլ էրթանք, – մեջ ընկավ Լիլոն թույլ, մարած ձայնով։

– Դու աղեկցիր, բյութունդ ըլ մեջքիս վրեն դնիմ ու թռցնիմ։

– Ես կաղեկնամ։

– Հա՛, ճերմակ խուշս։

Գարնան թարմ օդը բաց պատուհանից լցվում էր սենյակը, օդի մեջ ծաղիկների բուրում կար։

Ակոբը մոտեցավ պահարանին, վերցրեց դանակը։

– Երթամ աղվընիկ մորթիմ Լիլոյիս համար։

Նա դուրս եկավ սենյակից ուրախ։ Լիլոյի հիվանդությունից առաջացած տարակուսանքը բոլորովին փարատվել էր։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել, միամիտ հայրը հուսադրում էր իրեն։

17

Երկար ժամանակ անկողնին ծառայելուց հետո Լիլոն սկսեց արագորեն հալվել։ Գարնան առաջին օրերի թարմությունը միառժամանակ հույսի և վերակենդանության շողեր վառեցին նրա դալկահար աչքերում, բայց երկար չտևեց, շուտով մահվան սյուքը սոսափեց մատղաշ հոգում։

Եվ մի առավոտ, երբ դեռևս դուրսը կապույտ լույս էր տարածվում կանաչ խոտով և ծաղիկներով վարարած դաշտում, Լիլոն փակեց աչքերն այնպես, ինչպես կանթեղի ձեթը վերջանում է և պատրույգի բոցը հետզհետե փոքրանում, փոքրանում, առկայծում և հուսկ ապա՝ մարում։

Լիլոն դադարեց շնչելուց, և ոչ ոք չհասկացավ նրա վերջին խոսքերը։

Այդ առավոտ բարձրացավ աղեկտուր ճիչ Ակոբի խրճիթի վերևի փոքրիկ, արեգդեմ սենյակում։

– Ճերմակ աղվընիկս թռա՜վ, ճերմակ աղվընիկս թռա՜վ, թռա՜վ, – աղաղակում էր իր մեկ հատիկ աղջկան կորցնող հայրը և խփում ծնկներին։ Արան, գրկած Լիլոյի գլուխը՝ նրա մազերը թրջում էր արցունքով, մինչդեռ մայրը, մորմոքից խելագարված, ճչում էր ու մազերը փետում։

18

Երբ փոքրաթիվ հուղարկավորները (բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ) դուրս էին բերում Լիլոյի դագաղը, Արան չկարողացավ դիմանալ, ամբողջ հասակով փռվեց սենյակի մեջտեղում, մայրը գրկեց Լիլոյի բարձը և խելագար ճիչերով ընկավ նրա անկողնի վրա, իսկ հայրը բարձրացավ կտուրը։

Կտուրից երբ Ակոբը տեսավ, որ Լիլոյի դագաղը դռնից փողոց էին հանում, բղավեց.

– Սպասեցե՛ք։

Ակոբը գլխաբաց էր, կրծքի շորերը պատառոտած, քամին տարուբերում էր նրա ալեխառն մազերը։

Փողոցում շատ մարդիկ էին խռնված, առանց խառնվելու հուղարկավորների փոքրիկ թափորին, և ապշած նայում էին, թե ի՞նչ է անելու աղվընիկ խաղցնող Ակոբը, մի՞թե նա նորեն պետք է թռցնի աղավնիները, այն պահին, երբ աղջկա դագաղն արդեն փողոցումն էր։ Ոչ ոք չկարողացավ իմանալ։

Զարհուրելի էր Ակոբի տեսքը։

Նա բաց արավ աղավնիների դռնակը, բռնեց մի զույգ սպիտակ աղավնի և իջավ փողոց։

Փողոցում կանգնեց դագաղի առաջ, աչքերը խելագարի նման երկար հառեց Լիլոյին, չոքեց գետնին, թևերը բարձրացրեց մի ձեռքով աղավնիները բռնած, վեր առավ գլուխը, նայեց երկնքին, ինչ֊որ շշնջաց, ապա կանգնեց, գոտուց քաշեց դանակը, դագաղի վրա մորթեց զույգ աղավնիկները, որոնց արյունը կաթկթեց Լիլոյի տժգույն և սառած դեմքի վրա և, արցունքների մեջ ողողված, բացականչեց.

– Լիլո՜ս, իմ ճերմակ աղվընի՜կս․․․

Մորթած աղավնիները տեղավորեց Լիլոյի զույգ քունքերին։

Փոքրիկ թափորը շարժվեց դեպի գերեզմանոց։

***

Փռվում էր իրիկնային հովը, և երկնքից մաղվում էր մանուշակագույն մոխիր աշխարհի վրա։

«Ամբողջ քաղաքը մատ խածավ»

Այն ատեն Կ…֊ը Խարբերդեն ավելի հեռու էր, քան Ամերիկան, որովհետև ո՞վ էր լսեր, որ մեր կողմերեն մեկը Կ… երթար, բայց ամեն օր Ամերիկա մեկնող մարդ կար։ Ամեն շաբթու Ամերիկայեն նամակ կստանայինք, մեր սիրելիները այնտեղ կը գտնվեին։ Ավելի մոտիկ կզգայինք Ամերիկայի, բայց ո՞վ էր գացեր Կ…։

Հեռավոր և անծանոթ երկիր մըն էր Կ… թեև Խարբերդի քթին վրա բուսած։

Կ… նշանավոր էր իր մեկ պատմությամբ։

Կը պատմեին, որ երկու Կ…֊ցի քաղաքեն դուրս պտտած ատեննին՝ լեռան վրա սև կետ մը կը նշմարեն։

– Ղուշ է,― կըսե իսկույն անոնցմե մեկը։

– Չէ՛, էծ է, – կը հարե մյուսը։

Վիճաբանությունը կը շարունակվի բավական երկար, մեկը համառորեն կը պնդե, որ այծ է։

Այս տաք վիճաբանության ընթացքին սև կետը կուգա վիճաբանության վերջ տալու։ Սև կետը կը թռչի, ուրեմն առաջին Կ..֊ցին ճիշտ է, ղուշ է, բայց երկրորդը չի տանելով իր խոսքին սխալը և զգալով ինքզինք ավելի հարազատ Կ…֊ցի, կը հայտարարե.

– Թռին տե՝ էծ է (թռչի ալ՝ այծ է)։

Այս էր մեր ծանոթությունը Կ…֊ի և իր ինատ բնակչության մասին։

Առակի կարգ էր անցեր Կ…֊ը։

Մեկը որ քիչ մը համառություն ցույց տար ոևէ վիճաբանության մեջ՝ իրեն կըսեին.

– Կ…֊ցիի պես մի պնդեր, ճշմարտությունը շատ ակներև է։

Կ…֊ի մասին առասպելական պատմություններ կը պատմեին, բայց տակավին մենք մեր իսկ աչքերով չէինք տեսած։

Օր մըն ալ Խարբերդ եկան հաստատվեցան Կ…֊ցի երկու եղբայրներ՝ Ավետիսն ու Սողոմոնը։

Ավետիսը մեծն էր, Սողոմոնը՝ փոքրը, երկուքն ալ ամուսնացած, մեկ քանի զավակներ ունեին։

– Եղբայր, Կ…֊ցի կըսեն ամմա, ի՜նչ ինատ, ի՜նչ բան, շենքով շնորհքով մարդիկ են, քեմիլ, նստվածքնի՜ն, կայնվածքնի՜ն, – կ՚ըսեին այս ընտանիքի հետ ծանոթացող Խարբերդցիները։

Իսկապես ալ համառ մարդկանց կասկածի ստվերն անգամ չկար այս մարդոց վրա։

Արշնի մարդիկ էին, ապրանք կստանային Կ…֊են և կը ծախեին։

Ավետիս և Սողոմոն եղբայրները պարտեզ մը ունեին տանը ետև, որ պատ չուներ, միայն ցանքսով մը բաժնված էր տան ետևի փողոցներեն։

Օր մըն ալ լսվեցավ, որ Ավետիսի և Սողոմոնի խանութը գոց է։

– Թերևս բան մըն է պատահեր, – ըսին դրացիները։

Հաճի Պաղսարը իր մեծ տղան ղրկեց Պողոսյան Ավետիս և Սողոմոն աղաներուն տունը հարցնելու, թե ի՛նչ է պատահեր։

– Հայրս բարև ըրավ, ըսավ քի ի՞նչ կա, որ Ավետիս և Սողոմոն աղաները խանութնին գոց են պահեր, – հարցուց հաճի Պաղսարի մեծ տղան դուռը բացող Ավետիս աղայի կնոջ։

– Պաղսար աղային բարև ըրե և ըսե քի բան չիկա, վաղը կը բանան։

Բայց մյուս օրը նորեն խանութը գոց մնաց։

Դրացիները նշմարեցին, որ Ավետիս և Սողոմոն աղաները պարտեզին մեջ նստած էին, մեկը խոշոր ծառի մը մեկ կողմին զարկած էր իր կռնակը և մյուսն ալ մյուս կողմը։

Օրական երեք անգամ ճաշերնին այդտեղ կստանային, հոն կը քնանային՝ գետնին վրա և տեղերն են չէին շարժեր։

Վերջապես հետաքրքրությունը այնքան բռնկվեցավ, որ դրացիները միջամտեցին և ուզեցին հասկնալ, թե ի՞նչ էր պատճառը, որ Ավետիսն ու Սողոմոնը նույն իսկ գիշերը չէին երթար անկողնո մեջ քնելու, կը մնային ծառին տակ և իրարու հետ ալ չէին խոսեր, վերջապես ի՞նչն էր պատճառը, որ երկուքին կիներն ալ կուգային մոտերը, կաղաչեին, կը խնդրեին տուն երթալ և չէին երթար։

Դրացիները կանգնած պարտեզի ցանքսին ետևը՝ կը դիտեին այս բոլորը։

Խնդիրը դուրսի մարդոց ալ պարզվեցավ։

Երեք օր առաջ Ավետիսն ու Սողոմոնը իրարու հետ վիճաբանած ատեննին պարտեզին մեջ այնքան կը տաքանան վիճաբանության մեջ, որ կը բռնվին պապենական համառության կրակեն։

Տակավին վիճաբանությունը չի լրացած, որովհետև Կ…֊ցիի ոչ մեկ վիճաբանություն վերջ չի գտներ, Սողոմոնը կը դառնա և կըսե Ավետիսին.

– Հա՜յտե, գնա՛, պարտեզեն դուրս գնա, աչքերս արդեն թերս֊թուրս կը նային։

– Ծո՛, դուն որո՞ւ կըսես քի պարտեզեն դուրս գնա, – կը պատասխանե Ավետիսը, – ես այստեղ պիտի նստիմ, մինչև որ դուն կորովիս ասկե, – և կը նստի այդ խոշոր ծառին քով, կռնակը տալով բունին, և կըսե. – Այս տեղեն պիտի չերթամ, մինչև դուն չերթաս։

Սողոմոնին ալ համառությունը կը բռնե, ան ալ կռնակը կուտա ծառի բունին մյուս կողմին և կը հայտարարե.

– Տակը մնացողին հոգին թող դուրս գա, ես պիտի չերթամ, մինչև դուն երթաս։

Ահա թե ինչպես Կ…֊ցի երկու եղբայրները երեք օրեն ի վեր կը մնային ծառին տակ, թաց հողի վրա, գիշերը այնտեղ կը քնանային և ցերեկը երեք անգամ այնտեղ կը ճաշեին, խանութնին գոց, տունը գրեթե սուգի մեջ ինկած։

Կիները կերթային և կը պաղատեին մոռնալ ամեն բան, բայց չէին շարժեր անոնք։

Սողոմոնի կինը գնաց իր տագրին քով, որովհետև անիկա շատ հարգանք ուներ իր եղբոր կնոջ հանդեպ առհասարակ։

– Մեծ տագր, ոտքիդ հողին մեռնիմ, դուն մեծ ես, պըզտիկին խուսուրին մի նայիր, եկուր ներս, – կը պաղատեր Սողոմոնին կինը։

– Հարսնուկ, շանը խոսքը պիտի չըլլա, ես մեծ եմ, իմ խոսքս պիտի ըլլա, – կը կրկներ Ավետիս աղան։

Անօգուտ էին նաև Ավետիսի կնոջ պաղատանքները իր փոքր տագրին։

– Մինչև հիմա համբերեր եմ, ասկից հետո չեմ կրնար համբերել, – կը պատասխաներ Սողոմոնը։

 

Երեք օր հետո երկինքը բարկացավ, բերնեն կայծակներ ու անիմանալի որոտներ արձակեց գիշեր ատեն, և անձրևը սկսավ շռշռալ։

Երկինքը ամբողջ բացվեր էր, վրա կուգար։

Գիշերը Ավետիսի և Սողոմոնի կիները արթնցան, տան մեջ ինչ որ հասլաթ[ կարպետ և սփռոց կար, առին ու վազեցին պարտեզ, իրենց ամուսինները ջուրեն պաշտպանելու համար։

Բայց մինչև հասան՝ անոնք արդեն մինչև իրենց ոսկորները թրջած էին, տունեն բերվածները վրանին ձգեցին, տակը սկսան քրտնիլ, թացութենեն գոլորշի սկսավ բարձրանալ։

Անձրևը առավոտյան դեմ կտրելե հետո՝ բացին վրանին, ցուրտ օդը զարկավ թաց մարմիններուն։

Հիվանդությունը անխուսափելի էր։

Ավետիսի վրա սկսավ դող գալ, հետո տաքություն մը, այն աստիճանի, որ ինքզինք կորսնցուց և սկսավ տաքության մեջ զառանցել։

Ավետիսի կինը գնաց դուրսեն մարդ բերավ և իր խեղճ ամուսինը շալկել տվավ ու տուն ձգեց։

Այն ատեն Սողոմոնը ոտքի կանգնեցավ, մեջքը շիտկեց.

– Օ՜ֆ, – հառաչեց անիկա, – ոսկորներուս վրա հալ չէ մնացեր, կնիկ՜։

– Շուտ տուն մտիր, վրադ փոխեմ, – ըսավ Սողոմոնի կինը, – Ավետիս շատ գեշ վիճակի մեջ է։

Սողոմոնը ներքնապես շատ ցավեցավ իր եղբոր համար, բայց ձայն չի հանեց։

Մտավ տուն, շորերը փոխեց և գնաց Ավետիսը տեսնելու։

Ավետիսը տաքության մեջ կը զառանցեր։ Սողոմոնը նայեցավ անոր և իր աչքերու մեջ արցունքի կաթիլներ հավաքվեցան։

Անմիջապես դուրս ելավ, վազեց բժշկի։

– Եթե մինչև առավոտ տաքությունը չիջնա, – հայտարարեց բշիշկը, – ալ չազատիր, սիրտը թույլ է։

Սողոմոնը այլևս դադար չուներ, հեղ մը դեղարան կը վազեր, հեղ մը ուրիշ բժշկի կերթար։

– Եթե Ավետիսը մեռնի՝ ես ինձ կը կախեմ, – կը պոռար Սողոմոնը իր կնոջ, կարծես կի՛նը պատճառ ըլլար։

Ավետիսը երկու օր ալ ապրեցավ, բժշկին ըսածին պես, սիրտը այնքան ալ թույլ չէր։

Հոգեվարքի մեջ ալ մինչև վերջին րոպեն կը զառանցեր.

– Մինչև դուն չելլես, ես պիտի չելլամ, – կը կրկներ և անընդհատ կը կրկներ։

Ավետիսի մահեն հետո ամբողջ Խարբերդ մատ խածավ.

– Ծո՜, ատքան ալ ինատ, վա՜յ պապամ, վա՜յ…

1921 թ.

Ազգին բարերարի գերեզմանը

Ա

Երկու եղբայրներ էին անոնք՝ Փորսուխենց Մարսուպ և Խաչեր աղաները, որոնք կըլլային մոտավորապես 40 – 50 տարեկան, մեծ ընտանիքով։

Արվեստով ոսկերիչ, հին վարպետներ։

Փորսուխենց տան փառասիրական ավանդությունն էր այն, որ քաղաքի մայր եկեղեցիի կալվածը մեկ մասն էր Մարսուպի և Խաչերի մեծ, ընդարձակ պարտեզին՝ ատենին նվիրված ազգին իրենց պապի կողմեն, որուն իբրև հոգեկան վարձատրություն, պապի գերեզմանը կը հանգչեր եկեղեցիի պատին քովիկը, փոքրիկ գերեզմանոցի մը մեջ, տեսակ մը պանթեոն, որ ամեն գավառական եկեղեցի կունենար։

Մեծ օր էր Փորսուխենց տան համար, երբ, տարին անգամ մը, հոգեհանգստի ժամանակ, ավագ քահանան պիտի հիշեր այդ նվիրատվությունը։ Այդ օրը Փորսուխենց տան բոլոր մարդկային տարրը կը հավաքվեր լսելու համար այդ հիշատակությունը։

Մարսուպ աղան, երեցը, լուռ մարդ էր, խոժոռ, կախ ինկած ականջներով, կարճահասակ, կլոր, թրքական ոճով մորուքին մեջ արդեն ճերմակը ալիք կուտար։ Այնքան լուռ ու խոժոռ էր Մարսուպ աղան, որ շատերուն սկսած էր ապուշության կասկածներ ներշնչել։

Իսկ, ընդհակառակը, Խաչեր աղան սարսափելի շատախոս, կռվարար, ուրիշներու գործին խառնվող, եկեղեցի և ազգ իր սեփականությունը համարող, անոնց գործերու վատ ընթացումը իր դատապարտելի անտարբերության վերագրող մարդ էր։ Ֆիզիկականով նման իր եղբոր մազերու ավելի քիչ ճերմակով և գլուխը ճաղատ։

– Երկու եղբայրներն ալ իրարու քիթե են ինկեր, – կըսեին բոլոր ճանաչողները։

Կասկած չիկար, որ Մարսուպ աղան ավելի իմաստուն մարդ կը կարծվեր, քան Խաչեր, որուն ակռան ամենուն մսին և ոսկորին դպած էր։

– Խաչե՛ր, – կըսեր Մարսուպը իր եղբոր, տարին մեկ անգամ, – էդ գործերուն մեջեն պոչդ դուրս քաշե։

– Չէ՛, դուն տեղդ ձանտր նստե, ես բոլորին կը սովրեցնեմ, – կը գոռար Խաչերը։

Մարսուպը կը լռեր, կը խոժոռեր, քիթը կը կախեր և կնիկը առած կը հեռանար իր սենյակը, հազալով և գլուխը շարժելով դժկամության արտահայտությամբ։

Ապա Խաչերը կը դառնար իր կնոջը.

– Իմ պապս որ չըլլեր, էն եկեղեցին հիմա չիկար, բոլորըս պետք էր տաճիկ դառնայինք, իմ խոսքս պիտի ընեմ, ի՛մ խոսքս, վերջացա՛վ։

– Մարդոց աննամուսը շատ է, դուն գլոխ չես կրնար ելլալ, Աղան շիտակ է, – կըսեր կինը։

– Կնիկ ես, խելքիդ բան չի պառկիր, – կը կշտամբեր Խաչերը։

Այսպես ամեն օր կռիվ մը ուներ ազգին հետ։

Ովքե՞ր էին իր թշնամիները, ինքն ալ չէր գիտեր, միայն սիրտը կռիվ կուզեր, խոսք կուզեր, աղմուկ կուզեր։

Եկեղեցին ներս մտած ատենը անպայման նկատողություն մը կունենար ժամկոչին ընելու.

– Կը թողուս, որ ագռավները նստեն զանգակատան վրա և ծրտեն ու աղտոտեն, – ամենապարզը իր նկատողություններեն։

Բ

Վերջին տարիները Մարսուպ աղայի հոգեկան վիճակը սկսավ լրջորեն մտահոգիչ դառնալ, նախ՝ տնեցիներուն և ապա՝ դուրսի մարդոց։

Իր լռակյաց բնավորության հաջորդեց համրություն, և օր մըն ալ երկու ձեռքերը դրավ երկու գրպանները և ա՛լ դուրս չհանեց մինչև իր մահը։

Աչքերը կը դարձներ չորս կողմը և ապուշի նման կը նայեր։ Անվնաս, անաղմուկ, անհասկանալի հիմարություն մը սև ամպի նման իջավ վրան և մնաց։

– Հայվանի պես է, – կըսեին զինք տեսնող մոտավորները։ [ էջ ]

Խաչերը կը մոտենար Մարսուպին.

– Մարսո՛ւպ, ղուրպա՛ն, բառ մը ըսե՛, խոսե՛։

Կը լսեր Մարսուպը, բայց չէր պատասխաներ։ Եվ զարմանալին և ամենեն մտահոգիչը այն էր, բոլորը կը համաձայնեին, որ Մարսուպը եթե ուզեր խոսիլ՝ կրնար, իր արտահայտությունը այնպես կը ցուցներ, բայց չէր ուզեր խոսիլ։

Օր մը մեկ քանի հոգի հավաքվեցան և բռնի ուժով ձեռքերը գրպաններեն հանեցին, որովհետև կինը և բոլոր տնեցիները ձանձրացած էին մանուկի նման կերցնելե։ Շատ դժվարությամբ ձեռքերը գրպաններեն հանեցին, որու ատեն Մարսուպ աղան կովի նման բառաչեց և մեկ քանի ծանր հայհոյանքներ շպրտեց։ Զեռքերու ափերը փորփսոտեր էին, շորս կողմը բամպակ կապեր էր, ճերմկեր, նիհարեր, փափկացեր էին։ Աղաչեցին, լացին, որ դուրս պահե ձեռքերը, բայց օգուտ չըրավ, երբ ձգեցին ձեռքերը՝ ամենայն արագությամբ տարավ գրպանները և սկսավ հիվանդագին ծիծաղիր։ Խաչերը աչքերը թրջեց, հազիվ ինքզինքը զսպեց, դուրս ելավ սենյակեն և գալով իր սենյակը՝ բարձր ձայնով սկսավ լալ և աղաղակել.

– Վա՛յ Մարսուպ, վա՜յ, հավին քշա չէիր ըսեր, քեզ ո՞վ անիծեց։

Մարսուպի սերսեմությունները այնքան ալ անակնկալ չէին, շատերը Մարսուպին շոշորթ կըսեին, այնքան քիչ կը խոսեր։

Մարսուպ աղան դուրս չէր ելլեր տունեն, բայց տանը մեջ կը պտտեր։ Առաջները տնեցիք սարսափի մեջ էին, որովհետև Մարսուպը կարող էր հայտնվիլ բոլորովին անսպասելի տեղեր և անտեղի ժամանակ, բայց կամաց֊կամաց վարժվեցան։ Մարսուպի ապուշությունը դարձավ հասարակ, այնպես որ Խաչերը, երբ խանութեն գար և երբ Մարսուպը չտեսներ շուրջը, կը հարցներ.

– Խենթը ո՞ւր է։

– Պառկեր է, – կամ՝ ո՜վ գիտե ո՛ւր է, – կը պատասխանեին։

– էսօր կերցուցե՞ր եք, – կը շարունակեր հարցուփորձել Խաչերը։ [ էջ ]

– Ի՞նչ ուտել, ի՞նչ բան, – կը պատասխաներ տկն. Խաչեր, արդեն զզված և անտանելի տոնով, – բոլորը թափեց, վրան գլոխը աղտոտեց։

Օր մըն ալ Մարսուպը ա՛լ անկողնեն վեր չկեցավ, կերպով մը ամիս մը քաշեց և մեռավ։

Այս մահը մեծ տրտմություն չպատճառեց տնեցիներուն, որովհետև Մարսուպի ողջությունը արդեն մահ էր և ավելի վատը։

Գ

Կիրակի օրը թաղումը տեղի պիտի ունենար։ Բազմությունը մեծ էր եկեղեցին։ Պատարագի կիսուն Խաչեր աղան դուրս ելավ եկեղեցիեն և ժամկոչը կանչելով քովը, բարձր և հրամայական տոնով պատվիրեց.

– Գնա՛, մեկ քանի աղքատ մշակներ բեր և այնտեղ, պապուս քով, Մարսուպիս համար գերեզման փորել տուր, և գրպանեն հանելով մեկ արծաթ մեճիտ՝ գլորեց ժամկոչի բուռը։

Ժամկոչը խոնարհեցավ և անմիջապես մեկնեցավ գործի անցնելու։

Մեկ քանի թաղականներ, որ այդտեղ կանգնած կը ծխեին և օրվան քաղաքականության վրա կարծիքներ կը հայտնեին, իրարու երես նայեցան։

Խաչերը եկեղեցի մտավ և գնաց կանգնեցավ դագաղի գլխուն վրա։

– Խաչերը որո՞ւ է հարցուցեր, որ այդպես ինքնագլուխ կարգադրություններ կընե, – հարցուց թաղականներեն մեկը։

– Այդ մասին ես բան մը չեմ գիտեր, – պատասխանեց երկրորդ թաղականը։

– Ի՞նչ, իր չոր գլոխով կը կարծե որ խենթը այստե՞ղ պիտի թաղե, եազմա, – մրմռաց երրորդը։

Թաղականները ժամկոչի տղան կանչեցին և պատվիրեցին, որ մտնա եկեղեցի և կամաց մը Գիրգոր աղային, Պետրոս էֆենտիին և մի քանի ուրիշներու ականջներուն փսփսա, որ էֆենտիները զիրենք դուրսը կը կանչեն կարևոր գործով։ Մեկ քանի րոպե հետո բոլորը, քաղաքի հայ հեղինակությունները, [ էջ ]հավաքվեցան և մտան քովի դպրոցի մեկ սենյակը՝ խորհրդակցության։

Ամբողջ կես ժամ պոռացին, ճվացին և որոշեցին ժամկոչին արգիլել գերեզման վարելը։

Ժամկոչը դադրեցուց։

Պատարագը վերջացավ, դագաղը բերվեցավ դուրս և Խաչերը տեղեկացավ ահավոր եղելության։

– Ժամկո՛չ, քեզի ի՞նչ ըսի ես։

– Չեն թողուր, աղա՛, չե՜ն թողուր. ես ազգին ծառան եմ, անոնք ալ ազգին մեծն են, – պատասխանեց ժամկոչը շրթունքները դողալով։

– Անոնք ազգին մեծն են, ես մեծը չե՞մ, – գոռաց Խաչերը։ Ժամկոչը գլուխը կախեց։ Խաչերը փորձեց հարձակվիլ ժամկոչի վրա, բայց թաղականները մեջ ինկան։ Եկեղեցիի բակին մեջ գտնված հասարակությունը բաժնվեցավ երկու մասի, սկիզբը թաղականները խոսեցան հանգիստ և խաղաղասիրական տոնով, բայց հետո չդիմանալով Խաչերի գոռումներուն և հայհոյություններուն, անոնք ալ ձայները բարձրացուցին։ Երկու կողմերուն տիրեց գռեհիկ անկեղծություն։ Աղմուկ, իրարանցում։ Դագաղը մոռացան, կիները սկսան լալ և աղաղակել, իսկ ասդին սկսան գլուխ ջարդել։

Այսպես է գավառներու մեջ, ազգային վիճաբանություններուն ամեն մարդ կը խառնվի, կը բռնե մեկ կամ մյուս կողմը, գրեթե առանց տրամաբանության, շատ անգամ նայած պայքարը սկսող անհատներու իրենց հետ ունեցած հարաբերության։

– Այստե՛ղ պիտի թաղվի, իմ պապուս տվածն է այս հողը, ազգին աչքը քոռնա, – կը մռնչեր Խաչերը։

– Չպիտի՛ թաղվի, շուն պապդ թաղվեցավ, հերիք է,― կը պատասխաներ ամբոխը։

Կազմվեցան կռվողներու զանազան խումբեր, իրար հրեցին, քշեցին, բերին ձգեցին դաղաղին վրա, որու ատեն մեռելի տեր կիներու կոծը բռնեց ողջ երկինքն ու գետինը։

– Պիտի թաղեմ, հո՛ս պիտի թաղեմ, – կը գոռար Խաչերը շան նման փրփրած։

Անիկա ինքզինք զսպեց և ոչ ոքի վրա ձեռք չբարձրացուց, եթե ոչ՝ ամբոխը գլուխը իրանեն կը բաժներ։

Կռիվն այնպես սաստկացավ, որ թուրք ոստիկաններ մտան Հայկական մայր եկեղեցիի բակը և դադրեցուցին։

Խաչերը ընկճված և գլխիկոր՝ պատվիրեց հուղարկավոր թափորը առաջնորդել իրենց պարտեզը։

– Մեր պաղչան շա՜տ տեղ կա, իմ եղբայրս հասարակաց գերեզմաննոցը չեմ նետեր, – հայտարարեց Խաչերը ներկա եղող հասարակության։

Փորսուխենց տան մոտիկները Խաչերի թևերեն բռնեցին, մխիթարեցին։ Խաչերը այլևս չէր լար, բարկութենեն արցունքները ցամքեր էին։

Երկու րոպե հետո արդեն դագաղը պարտեզն էր։ Եկեղեցին և Փորսուխենց պարտեզը բաժնող ճիշտ պատին տակը գերեզման փորել տվավ Խաչերը Մարսուպի համար և այնտեղ թաղել տվավ։

Դագաղը գոցել տալե առաջ Խաչերը ինկավ Մարսուպի վրա և ֆեսը վար առած՝ ըսավ.

– Մարսո՛ւպ, աղայի պես մարդ էիր, մարդուն ալ թեքքեն էիր, շուները վրադ հաչեցին, քու հոգուդ… – ալ չկրցավ շարունակել, արցունքները նորեն սկսան հոսիլ։ Թևերեն բռնեցին և վեր առին։

– Վա՛յ, վո՜ւյ, վա՛յ, վո՜ւյ, – կողբերգեր Խաչեր, մինչ հողը կիջնար ծանրորեն Մարսուպի քիթին ու բերնին վրա։

Դ

Քառսունքր լրանալե առաջն Խաչերը կանչեց դպրոցի տիրացուն և պատվիրեց, որ ծաղկագրով գրե հետևյալ տապանագիրը.

Աստ հանգչի Ազգիս Բարերար

Մարսուպ աղա Փորսուխեան

Ծնյալ յամի Տեառն… մեռած…

Քառսունքի օրը գերեզմանաքարը պատրաստ էր արդեն այդ տապանագիրով։ Խաչերր շաբաթ իրիկվնե առաջ կանչեց եկեղեցիի ավագ քահանան, դրամ տվավ և ըսավ. [ էջ ]

– Տերտեր պապա, վաղը Մարսուպ աղայի քառսունքն է, անոր հոգիին համար սուրբ պատարագ կը բռնես և կը հայտարարես սուրբ պատարագի մեջ, որ Փորսուխենց աղան իր եղբոր Մարսուպ աղայի քառսունքի առթիվ «իբրև հավերժ» կը նվիրե իր պաղչային տասնևհինգ արշըն գետին և իր ծախքովը պատ կը քաշե և կը միացնե եկեղեցիի գերեզմանոցին։

– Մարսուպիս գերեզմանն ալ հետը կը նվիրեմ սուրբ եկեղեցիին, – ավելցուց անիկա։

Ավագ քահանան լսեց, շնորհակալություն հայտնեց ազգին կողմե, «Հայր մեր» մըն ալ փնթփնթաց և պիտի մեկներ ուղիղ մյուս քահանաներուն մոտ տեղեկացնելու, երբ Խաչերը ուզեց իր վերջին բաղձանքը հայտնել.

– Տե՛ր պապա, պատարագը դո՛ւն կընես։

– Շատ աղեկ, Խաչեր աղա, շատ աղեկ, բայց հերթը Տեր Գրիգորինն է, – պատասխանեց ավագ քահանան։

– Հերթ֊մերթ չեմ գիտեր, իմ փափագս է, որ սուրբ պատարագը դուն ընես վաղը։

Ավագ քահանան գլուխը շարժելով դուրս գնաց։

* * *

Երկրորդ օրը հանդիսավոր պատարագ էր։ Ավագ քահանան հայտարարեց նոր նվիրատվությունը, հիշատակեց նաև պապի նվիրատվությունը։

– Վերջը վերջը խենթին գերեզմանը բակը ձգեց, – քթերնուն տակ լուռ մռնչացին եկեղեցիեն դուրս ելլողները, և բոլորովին դժգոհ։

1921 թ.

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»