Читать книгу: «Մատեան Ողբերգութեան», страница 14
Шрифт:
Զ
Եթէ կծոտող ժանիքներ ցոյց տայ ինձ,
Երկնաւորի բերանի լռութիւնը թող նրան պապանձեցնի.
Եթէ ցանկական խայթուածքներ պատճառի հոգուս,
Ամենաստեղծին զարնուած բեւեռները նրան կսկծեցնե՛ն թող.
Եթէ անիրաւ խորհուրդների ճանապարհով ինձ մոլորեցնի,
Անհասանելու ոտքի մեխերը թող նրան կապեն.
Եթէ հարբեցնի ինձ դժնաբարոյ հրապոյրներով,
Թող բարերարին տրուած լեղիով խառնուած քացախը նրան դառնացնի.
Եթէ ծառի առաջին պտղի ճաշակման մէջ գտնի ինձ,
Խաչի սոսկալի խորհուրդով բռնուած` թող ի՜սպառ դատապարտուի.
Եթէ Տիրոջ հրամանին հնազանդուելու դէմ ընդվզել սովորեցնի ինձ,
Անսահմանելու պարանոցի բերումն թող կործանի նրան.
Թէ սատակամահ անելու համար հալածի նա ինձ եւ վիրաւորի,
Ադամին ստեղծողի կողքը մխուած ահագին տեգը թո՛ղ պատռի նրան.
Եթէ դժոխային վշտերի երկունքներով պաշարի նա ինձ,
Ամենակալի պատանքի կտաւը թող կաշկանդի նրան.
Թէ խարդախութեամբ փորձի ինձ մահուան յատակը ձգել,
Մահուան վէմի մէջ կենդանի Աստծոյ բնակուելը թող նրան մեռցնի.
Եթէ մարդկային իմ գայթակղութեան վրայ նա խնդա,
Թող կարկամ կամքով կորանայ կրկին.
Զի Աստուածն անմահ յարութեան փառքով`
Բոլոր մեռելներին նորոգեց իր հետ:
Թէ հազարամեայ փոքր կապանքի լուծումով բերկրի,
Բայց թող որ իսկոյն դողայ վերստին
Անվերջ-անվախճան տանջարանի մէջ սաստիկ կաշկանդող յուսկ շղթաների անզերծ տագնապից
Եթէ առաջին իսկ հարուածի հետ նա դժուարանայ,
Մեծ դատաստանի մեծ օրը ահեղ, կորստեան գո՜յժը թող տրուի նրան`
Նրա եւ իր հրեշտակների համար պատրաստուած անշէջ գեհենով:
Է
Իսկ ինձ, որ քեզ եմ ապաւինել,
Տէ՜ր Յիսուս,
Միակ թագաւոր, ինքնակալ, զօրեղ, արարիչ երկնի եւ երկրի,
Եւ նրանց մէջ եղած բոլոր զարդերի,
Ինձ, որ աչքս քո գալստեանն եմ յառել
Եւ փրկչիդ ողորմութեանն եմ սպասում յոյսով,
Քո ոտքն եմ ընկնում եւ համբուրում եմ հետքերը գարշապարիդ,
Պարտութիւնս եմ խոստովանում եւ մեղքերս հրապարակում,
Կշտամբանքների քարերով ծեծկւում եմ եւ սրտիս հառաչանքներով այրւում,
Խղճիս խայթերով խոցոտւում եմ եւ շնչիս բոցով տոչորւում,
Այրւում եմ արցունքներիս աղի ցողով ու երիկամներիս կսկծանքով կիզւում,
Յուսակտուր հոգով ցամաքում եմ եւ դառնաշունչ հողմով մարում.
Թախանձանքի խօսքերով երերւում եմ եւ կողկողագին հեծութեամբ դողում,
Տաժանելի տանջանքներով տուայտում եմ եւ հոգուս տագնապներով տատանւում,
Մրրիկների կոծով ծփում եմ եւ ալիքների բախումից սասանւում,
Ի լուր համբաւի սարսում եմ եւ վախի յիշատակով` կորչում,
Ատեանի տեսարանով հալւում եմ եւ մեծիդ սպառնալիքներով մեռնում, -
Լսի՛ր, բազմագո՜ւթ, քաւիչ, մարդասէր եւ երկայնամիտ,
Քաղցրութիւն անճառ, օր բարի եւ տիւ տենչալի,
Զի կարող ես դու ամէն ինչի մէջ
Ինչպէս եւ վերջին շունչս փչելիս ինձ փրկագործել:
Քեզ Հօր եւ սուրբ Հոգուդ հետ փա՜ռք յաւիտեանս. ամէն:
ԲԱՆ ԿԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ սակայն Քրիստոս Աստծոյ իրաւունքի խօսքը արդարացի է յոյժ իմ նկատմամբ,
Քան սատանայի, որ սկզբնահայրն է չարիքների.
Քանզի յայտնուեց նա նրա համար, որպէսզի քանդի գործերը նրա,
Իսկ ինձ համար, որպէսզի իմ հնացած պատկերը նորոգի
Աստծոյ կերպարանքով,
Առնելով մեր իսկ նմանութիւնը կատարելապէս
Եւ միացնելով իր բնութեանը խառնուածքը մեր:
Բազում շնորհներից ոչինչ չտուեց նա սատանային,
Այնինչ ինձ վրայ հեղեց առատօրէն.
Նրա համար երբէք չչարչարուեց,
Իսկ ինձ համար զոհւում է նա հանապազ.
Սատանան անհաղորդ է կեանքին,
Իսկ ես փրկութիւն եմ վայելում միշտ.
Նա հալածուած է խաչով,
Իսկ ես զօրացած եմ այդ նո՛յն նշանով.
Նա մերժուած է լոյսից,
Իսկ ես միացած եմ նրա փառքի հետ.
Նրան երկրի վրայ անգամ հանգիստ չխոստացաւ,
Իսկ ինձ երկինքը տուեց սեփականութիւն.
Կտրեց նրա յոյսի առհաւատչեան,
Եւ իմը հաստատեց առանց խզելու.
Նրան խոզերի երամակում արգելափակեց,
Եւ իմ մէջ ի՛նքը զօրացաւ.
Կարիճների հետ համեմատեց նրան,
Եւ ինձ ճառագայթ յայտարարեց.
Սողունների նմանեցրեց նրան,
Եւ ինձ իր անունով կնքեց:
Բ
Իսկ ես լքեցի երախտիքն այսքան բարիքներ անող Աստծոյ
Եւ չարին հետեւեցի` նրա հետ մէկտեղ դժոխքի յատակը հայելու համար:
Ուստի արժան եմ բարիքների ապերախտս անշնորհակալ եւ անընդունակ սիրո,
Մեղքի պարանով եմ ձգուած` երիկամունքիցս խոցուած խորապէս.
Ճիւղակոտոր ծառ եմ արմաւենու,
Քացախացած գինի, հեղեղուած ցորեն,
Ջնջուած մուրհակ, պատռուած վճիռ, աղաւաղուած կնիք,
Ձեւ այլափոխուած, վերարկու կիզուած, կորած ըմպանակ,
Ընկղմուած նաւ, մանրուած մարգարիտ, սուզուած անգին քար,
Տունկ եմ գոսացած, նեցուկ խորտակուած, փայտ իսպառ փտած,
Խամրած մանրագոր, փլատակուած տուն, խարխլուած խորան,
Բոյս արմատախիլ, ձէթ` թափուած աղբոտ հրապարակում,
Մոխրակոյտերի վրայ հոսած կաթ,
Քաջերի գնդում մահապարտ եմ մի:
Գ
Զի անձն իմ ողբալի, Բաբելոնի առակի համաձայն` մարգարէներից ասուած`
Երուսաղէմի հետ եւ նրա նման յորդոր լսեց միշտ եւ չխրատուեց:
Պատճառն ա՛յն է, որ այստեղ անգոսնուած եմ, այնտեղ` խայտառակուած,
Այստեղ պարսաւուած եւ այնտեղ կշտամբուած,
Այստեղ ծաղրուած եւ այնտեղ նախատուած,
Այստեղ անարգուած եւ այնտեղ յանդիմանուած,
Այս կողմը ապշած եւ այն կողմը` լքուած,
Այստեղ հեծութիւն, այնտեղ հառաչանք,
Այստեղ կասկածներ եւ այնտեղ վախճան,
Այստեղ վախ ու վիշտ եւ այնտեղ հատուցում,
Այստեղ արկածներ եւ այնտեղ դատաստան,
Ուր ո՛չ խօսելու իրաւունք կա եւ ո՛չ պաղատելու,
Ո՛չ օրերը թիւ ունեն եւ ո՛չ ժամանակը վախճան,
Ո՛չ յոյսի կամուրջ եւ ո՛չ ողորմութեան դուռ,
Ո՛չ աջ պաշտպանող եւ ո՛չ օգնող ձեռք:
Դ
Սակայն ապաւէն ես դու, դու ինքդ փրկութիւն,
Դո՛ւ այցելութիւն, դու քաւութիւն, դու երանութիւն,
Դո՛ւ ես բժշկում, դու ես ողորմում, միա՜յնդ հզօր,
Կենդանի անճառ, Տէր Յիսուս Քրիստոս բարերար Աստուած,
Օրհնեա՜լ, օրհնեա՜լ եւ դարձեալ օրհնեալ,
Յաւէտ բարձրացած քո սուրբ Հոգու հետ
Մեծիդ իսկակից Հօր փառքի համար`
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԲԱՆ ԿԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ արդ, յիշելով ահարկութիւնը վերոգրեալների,
Որոնք Աստծոյ կողմից ինձ հասած սպառնալիքներ են ահագնապէս,
Ինչպէ՞ս դադարեմ նոր ողբերգութեան տողեր հիւսելուց,
Եւ կամ ինչպէ՞ս ցամաքեն հեղեղներն արցունքիս:
Զի եթէ քառավտակ գետերի ճիւղաւորումները բոլոր,
Որոնք յորդահոս ծաւալուելով ոռոգում են ողջ եդեմն ու երկիր,
Լիառատ, լրիւ բաւականութեամբ ջուր տալով նրանց,
Իրենց ուղխերով ու ակունքներով աչքերս լցուեն, -
Չեն կարող երբէք զովացնել սաստիկ բոցն իմ մեղքերի:
Կամ եթէ նոյնիսկ, ըստ մարգարէի ըղձականութեան,
Գլուխս լցուի ջրերի առատութեամբ,
Եւ տեսողութեանս ճրագարանները աղբիւրներ կայլակեն`
Չեն կարող չափել վշտերն անպատում կոտրուած հոգուս.
Եւ ոչ էլ սրտով կարեվեր խոցուած, եղերապատում բանահիւսութեամբ
Լալկան կիների ջայլերը բոլոր` կարող են ցաւերս
Ու աղէտներս երգի վերածել եւ կամ նուագել ձայնով ողբական:
Բ
Ի՛մ արշխարհ գալու օրն է նզովուած եւ ոչ թէ Յոբի կամ Երեմիայի.
Զի տօնելի է նրանց ծննդեան օրը բարեբախտ եւ ո՛չ մերժելի,
Եւ աշխարհն ամբողջ չարժէ նրանցից թեկուզ եւ մէկին:
Ապա ուրեմն ինձ է վերաբերում նրանց անիծած օրը,
Երբ ես` անարժանս լոյսի եւ ամէն տեսակ բարիքի` աշխարհ եմ եկել,
Դառնալով այստեղ կորստեան որդի եւ մահուան դրկից,
Մշակ մեղքերի եւ արբանեակ անօրէնութեանց:
Եղո՜ւկ ինձ, զի ես չմնացի հաստատ կեանքի այն ուխտին,
Որ, ո՜վ բարերար, դո՛ւ սահմանեցիր:
Չհետեւեցի քո կենդանարար եւ անմահացնող պատուիրաններին,
Չաշխատեցի ես արմտիք հնձել,
Որ խռովալից ձմռան օրերին ուտեստ ունենամ.
Ո՛չ ամուր պատեր կառուցեցի ես եւ ոչ էլ ձեղուն կապեցի յարկիս,
Որպէսզի մրրկաշունչ քամիներից պաշտպանուեմ:
Գ
Երկար ճանապարհի համար նշխար մի պաշար ես չամբարեցի,
Որ դարմանէի տագնապը սովի.
Աղերսագին աղօթքներ չպատրաստեցի քեզ համար,
Որոնցով քո առաջ ելնել համարձակուեցի.
Չհաւաքեցի փրկութեան պաշար մաքրակեաց վարքով,
Որ նորոգութիւնս երաշխաւորեր.
Աշխարհում հաշիւս ճիշտ չբռնեցի իմ մատնիչի հետ,
Որ դատաւորի ձեռքից այժմուանից իսկ պրծնէի.
Օրհնալիր ձեռքով չներկայացայ,
Որով սրբուելով մասնակից լինէի օրէնսդրին.
Ո՛չ դէմքս պահպանեցի, ո՛չ էլ թիկունքս պատսպարեցի,
Ո՛չ աջ ձեռքս զէնք առայ եւ ո՛չ էլ ձախս` վահան,
Որ պատերազմում մնայի անվտանգ,
Զրահ չհագցրի երիվարիս, ոչ էլ մարտիկներիս սպառազինեցի,
Որ կարենայի ճակատ յարդարել.
Վաղահաս պտուղը չքաղեցի, եւ ուշհասուկին չժամանեցի
Եւ ահաւասիկ շուարել եմ ես բարիքներից զուրկ:
Չունեմ մաքրութեան ծաղիկ եւ ոչ էլ իւղ ողորմութեան,
Եւ գիշեր է մութ, մռայլ ու անշող.
Մահուան նիրհով եմ քնել ես,
Եւ կոչողի փողի տագնապն ստիպում է ինձ.
Զարդը հարսանեաց մերկացրի կրկին եւ ձէթը վարքի լքեցի դարձեալ
Եւ հարսանիքի դուռն ահաւասիկ փակւում է:
Դ
Եւ արդ, այսքա՜ն վշտերի մէջ ես ինչպէ՞ս մխիթարուեմ,
Կամ խաւարամած տարակոյսներիս կենսաւետ յոյսին որքա՞ն լոյս խառնեմ.
Եւ կամ ո՞ւր արդեօք ոտքս հաստատեմ,
Ո՞ր վստահութեան աչքերս յառեմ,
Եւ կամ ո՞ւր տեսնեմ անդորրութիւնը իմ ծփանքների,
Կամ ո՞ր ըղձալի հանգստութեանը ձեռք կարկառեմ:
Եթէ երկնքի բարձր ձեղունին պարզեմ ձեռքս ես,
Այնտեղից տեղաց հուրը Սոդոմի, ինչպէս ասուած է:
Իսկ եթէ երկրի խորունկ յատակին`
Նա՛ բացեց երախն իր հափշտակիչ ու կուլ տուեց Դաթանին`
Աբիրոնի բանակներով:
Եթէ հանդգնեմ փախչել բռնողից`
Գուցէ բռնի ինձ վիշապն ահագին:
Գազանների հետ եթէ թափառեմ`
Նրանք առաւե՜լ շտապեն պիտի արարչի վրէժն ինձնից առնելու,
Քան մի ժամանակ Եղիսէինը`
Բեթելացի մատաղատի քրմորդիներից:
Եթէ աչքս ամենատարած օդի պարզութեանն յառեմ`
Եգիպտացոց համար շոշափելի խաւար դարձաւ այն.
Թէ թռչուններին` բարձունքում ճախրող`
Մորթուած զոհերի արիւնաբոսոր դիերն ուտելու են կոչուած նրանք:
Ե
Տկարների դէմ եթէ խիզախեմ`
Կսպառուեմ պիծակներից, եւ ինձ ի՞նչ պէտք են առիւծներ այլեւս:
Պատառօտող արջերից եթէ ճողոպրեմ`
Արիւնածարաւ մժեղները ինձ պատահեն պիտի:
Եթէ ինչ-որ տեղ ես անհոգ նստեմ`
Ամենաչնչին մժղուկները վառուող կրակի մոծիրների պէս շուրջս կմաղուեն:
Միեղջիւրանու եղջիւրից եթէ փախչեմ ու պրծնեմ`
Մորմոքեցուցիչ մանր մուների ճիրանները ինձ պիտի կեղեքեն:
Շտեմարանի մի խորշը եթէ թաքնուեմ, կուչ գամ`
Մեղքի նմանակ գարշ ու տաղտկալի գորտերը պիտի ինձ զզուեցնեն:
Անդաստաններում եթէ ինչ-որ տեղ գտնեմ ինձ համար ու տեղաւորուեմ`
Շնաճանճերի տարմերը պիտի իմ շուրջը պատեն:
Մի կողմ եմ թողնում մորեխն ու մարախ – զօրքեր զօրաւոր,
Ժանգը անկենդան, ուտիճը անտես, թրթուր թունաւոր,
Ջուր թուացող կարկուտով ու ոչնչացնող եղեամով հանդերձ,
Որոնք մեր աչքին թւում են թէեւ անզէն ու անզօր, չնչին, չքոտի,
Բայց եւ Աստծոյ մի ակնարկութեամբ նրանք խիստ գոռոզ եւ ուժգնաբար
Զարկեցին, դուրս հանեցին ու հալածեցին յաղթականօրէն
Իր գաւազանով հպարտ եւ ամբարտաւան բռնաւոր Փարաւոնին:
Սրանք են ահա մահացու խոցող, գաղտնի վնասող, լլկող ու թաքուն
Տեսակները այն հոգեւոր անտես չարչարանքների,
Որոնք որպէս պատիժ ուղարկուեցին եգիպտացոց` նրանց անօրէն գործերի համար:
Զ
Բայց դու, ամենազօ՛ր, արարիչ եւ տէր բոլորի,
Յաղթող հանդիսացիր թշնամիներիս` հալածելով նրանց.
Եւ ինձ ողորմի՜ր կրկին գթութեամբ` փրկարար ձեռքդ մօտեցնելով ինձ,
Որ վարանած եմ եւ տարակուսած, խոշտանգուած եւ մահապարտ.
Զի դու ես միայն ճանաչւում Աստուած`
Միշտ փառաւորուած Հօր եւ սուրբ Հոգու հետ
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԲԱՆ ԿԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ քանի որ ես, իմ գոյացութեան ամենահնար արուեստաւորիդ`
Տիրոջդ ու Աստծուդ ձեռքով, քո սիրոյ մէջ, ինչպէս զտող քուրայում,
Եռում եմ շարունակ ու չեմ պարզւում երբէք,
Խառնւում եմ միշտ ձուլուելու համար ու չեմ միանում, -
Ուստի, երկնաւո՛ր դու արծաթագործ, ճարտարապե՛տ իմ,
Ի զո՜ւր ես հոգնում եւ ընդունայն ես ջանում ինձ համար,
Ըստ մարգարէի յայտնի առակի` չարութիւնս չհալուեց,
Եւ ահա, ես ինքս կամովին չարաչար մոլեգնելով,
Մի ողորմելի եւ դիւահար խելագարի պէս
Խօսում եմ հանդգնաբար անկարգ` աւելի մեղքերս աճեցնելու,
Քան թէ հաշտութեան մի ճար գտնելու:
Եւ որպէսզի հանդերձեալում պատրաստուող տանջանքները
Չերեւան ինձ անընտել դէպքեր, անսովոր պատահարներ եւ անօրինակ հանդիպումներ, -
Ընդմիշտ անմոռաց պահեց իմ մարմնում, այստեղից իսկ,
Նախկին անէծքներից մնացած հազիւ նկատելի հետքերը,
Որպէսզի փոքր ու չնչին տարրերից մեծին սովորենք:
Բ
Որովայնի մէջ են առաջանում ինքնաբերաբար ու բազմանում
Շարժուն ու պէս-պէս ճապուկ ճճիներ,
Աղիքների գաղտնակուր որդեր, այրող այտուցներ,
Բշտիկներ բազում բոցի պէս կիզող
Եւ անկերպարան, անձեւ անիծներ,
Եւ այլ քրտնածին ու զազրաթորմի`
Կսկիծ, եռ ու քոր պատճառող անիծ, ե՛ւ լու, ե՛ւ ոջիլ,
Ու վայրենական այլ ասպատակներ,
Որոնք գիշերամարտ դեւերի եւ խաւարասէր, զինուած բարբարոս գնդերի նման,
Եւ արաբական քանասար գայլերի գազանութեամբ,
Կորակոր ընթացքով, արջնաթոյր գոյնով,
Կրկնոլոր ու կեռ կտուցով` կարճի խայթոցի նման,
Խոցելով, ինչպէս դժնիկ փշով` ծծում են, քաշում արիւնը մեր թաց
Եւ հանգստարան անկողնում չարչարում են մեզ:
Եւ երբ մէկը իր ձեռքը երկարի նրանց` արժանի պատիժը տալու,
Զգում են իսկոյն մարդուն պատճառած վնասը իրենց
Եւ իսկոյն եւեթ, լերկամարմին ու փոքրիկ հասակով
Թռչում են, կարծես թէ թեւեր առած,
Եւ մարախի պէս ոստոստելով` այս ու այն կողմ ընկնում,
Աղուէսների նենգ ու խաբեպատիր բարքի համաձայն
Փախուստ են տալիս ամէն ուղղութեամբ խորամանկելով
Մտնում ծակուծուկ, մահուան երկիւղից փրկուելու համար:
Եւ իրենց չնչին չքոտի տեղով ոչ միայն ռամիկների ու խառնիճաղանջների,
Այլեւ ահագին հզօր թագաւորների կփախցնեն նրանք,
Կհանեն վերը` դստիկոնը բարձր ապարանքների
Եւ կամ բացօթեայ կբնակեցնեն:
Շատ քաջեր անգամ, որոնք իշխեցին ամբոխների վրայ
Եւ ժողովուրդների տիրեցին, եւ ազգերի քաղաքներ առան,
Խոստովանում են պարտութիւնն իրենց զօրեղ ձեռքերի,
Թէ` "Որովհետեւ չկարողացանք մեզանից հզօրների բռնութեանը դիմադրել,
Այդ պատճառով էլ խոյս տուինք ահա եւ հասանք այստեղ:
Գ
Բայց ինչո՞ւ եմ ես խօսում այդ չնչին, աննշա՜ն այնպէս ու ծիծաղելի գոյութեանց մասին,
Նրա համար, որ նրանք զօրաւոր եւ անհերքելի ջատագովներ են աստուածութեան
Եւ հանդերձեալներն են յիշեցնում ինձ,
Որոնք անօրէն իմ մարմնի մէջ ծնւում են իբրեւ դառն պտուղներ:
Դրանց նման են եւ դրսից եկող ախտերն սպանիչ
Եւ ուտիչների կոյտերն անողոք, որոնցից անհնար է ազատուել,
Որոնց մեր մարմնին պատճառած ահարկու ցաւերով
Կարողանում ենք գալիք տանջանքներն իմաստասիրել:
Եւ կարելի չէ գտնել որեւէ ապաստանարան,
Որ կարողանանք խոյս տալ նրանցից եւ ազատ մնալ.
Զի առանց կամքիդ եւ ակնարկութեանդ
Ի չիք են անցել մարդկային բոլոր ճար ու հնարանք:
Իսկ դու, բարերա՛ր, կեանքի ամէն դեղ ու դարմանն ունես բաւականապէս,
Եթէ կամենաս փրկել, նորոգել, քաւել, բժշկել եւ կենագործել:
Եւ քեզ փա՜ռք յամենայնի յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԱՆ Հ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Ստեղծուածների մէջ անդասելի այս մանրուքներից յետոյ երկրային`
Խօսքիս ընթացքը բարձրացնեմ պիտի մինչեւ մեծագոյն արարածները,
Ահաւորի արդար եւ անաչառ գործերի մասին ճառաբանելով,
Բայց եթէ նոյնիսկ շատ մօտիկ լինեն նրանք Աստծոյ,
Ինչպէս որ էին նահապետները մեր աստուածամերձ,
Եւ կամ մաքրագոյն, ինչպէս եղել են մարգարէները,
Կամ անբծագոյն, ինչպէս առաքեալները,
Կամ ընտրելագոյն, ինչպէս մարտիրոսները, -
Զո՜ւր է նրանցից հոգու փրկութիւն յուսալ ինձ համար,
Եթէ դու, ո՜վ աննուազ բարի եւ անփոփոխ խնամակալութիւն
Եւ անպակաս ողորմութիւն, ցոյց չտաս ինձ քո մարդասիրութիւնը:
Բ
Զի եթէ նոյնիսկ Աբրահամին իրե՛ն ձայն արձակեմ,
Ինչպէս ընչեղի ողորմագին առակն է ինձ ուսուցանում,
Տապից պապակուելիս անգամ նա մի կաթիլ ջուր չի կարող տալ ինձ,
Քանի որ նա էլ մարդ է` մարդկային անճարակութեամբ:
Եթէ Մովսէսին դիմեմ` նա էլ է համակուած դարձեալ նոյն տկարութեամբ,
Զի անզօր եղաւ փրկել այն մարդուն,
Որն իր վառելիք ցախի պաշարը շաբաթ օրն էր հաւաքում:
Եթէ Ահարոնին` նա եւս ուրիշին աղաչելու կարիք զգաց,
Իսկ եթէ Դաւթին իր բոլոր բարի գործերով հանդերձ` նա էլ չմնաց անմեղադրելի.
Իսկ եթէ Նոյին, Յոբին դիմեմ ես, կամ Դանիելին`
Եզեկիէլ մարգարէն նրանց անուններն յիշատակելով,
Այսպէս խօսեց նրանց մասին`
Աստծուց ներշնչուած. -
"Կենդանի եմ ես, ասում է Տէրը, թէ նրանք չպիտի կարողանան
Ազատել իրենց ուստրերին ու դուստրերին վերահաս բարկութիւնից,
Այլ միայն իրենք պիտի ազատուեն":
Իսկ եթէ դիմեմ հաւատքի վէմին` Պետրոսին,
Քո խնամքներից դոյզն-ինչ խորթացած` նա՛ եւս ենթարկուեց իմ մոլորանքին,
Թողնում եմ այստեղ յիշել մէկ առ մէկ այն շատ-շատերին,
Որոնք անձնատուր եղան զանազան տեսակ կրքերի,
Թէեւ յաւիտեան երջանիկ լինեն:
Դրանցից մէկն է Հովաս անունով ոմն մարգարէ,
Որի աստուածառաք սպասաւորութեան մէջ մարդկօրէն գայթակղութիւնը
Անբացատրելի է մնում շատերին, ինչպէս էլ որ մեկնաբանուի:
Գ
Եւ քանզի սահմանափակ է մարդկանց փրկութեան կարողութիւնը,
Նրանք իրենք էլ ողորմութիւն գտան բարերարիդ կողմից եւ ամենակալիդ շնորհիւ զօրացան,
Կոչուեցին պաշտպանողիցդ եւ հնարաւորիցդ քաւուեցին,
Ներուեցին աազատարարիցդ եւ անախտականիցդ բժշկուեցին,
Կենսագործուեցին անապականիցդ եւ նորոգողիցդ լուսաւորուեցին:
Հետեւապէս, գիտենալով չափն ու սահմանը հողածին բնութեանս,
Որպէս հարազատ նմանակիցներ`
Ի վստահութիւն յուսահատներին եւ ի խրախոյս`
Ահա եւ քեզ եմ դիմում ես միայն,
Որդի՛դ կենդանի Աստծոյ` Քրիստոս, օրհնեալ ամէն ինչի մէջ:
Եւս առաւել կճշմարտուեն վերոգրեալ օրինակները,
Եթէ այստեղ, այս աղօթքի մէջ յիշենք նմանօրինակ
Եւ այս խօսքն արդար, որ երջանիկ իմաստուններից մէկն է ասել,
Թէ` "Բարի է Տիրոջ ձեռքն ընկնելը, եւ ոչ թէ մարդկանց.
Զի, ինչպէս որ մեծ է նա, այդպէս էլ մեծ է նրա ողորմութիւնը":
Ու թէեւ այս խօսքով Դաւթին էր ակնարկում,
Բայց երբ որ երեք աստուածային հարուածներ էին առաջադրւում նրան,
Նա ինքը յօժար, կամաւոր կերպով սատակիչ մահուան դատավճիռն ընտրեց,
Ընդունելով այն իբրեւ կենդանութիւն, որ Քրիստոսի հաւատքով կաճի եւ կզօրանա,
Քան թէ միւս երկու այն հարուածները, որոնք տանջում են ու չեն ողորմում:
Եւ սակայն անյարմար չի լինի, որ ես էլ այդ խօսքից օրինակ վերցնեմ իմ կորած հոգու համար,
Որ տոչորւում է ապրելու հնար գտնելու տենչով:
Այսպիսով, սակայն, իմ ողբերգական այս մատեանի մէջ, -
Առանց որի չի կարելի մօտենալ Տիրոջը, -
Ես ոչ թէ նուաստացնում եմ փրկուածներին, այլ փրկչի անունն եմ պսակում
Եւ նրա շնորհն եմ բարեհռչակում բոլորին.
Ու խոստովանում եմ հաստատ խօսքով, թէ նոյնիսկ նրանք,
Որոնք շա՜տ բարձր են թռչում իրենց սուրբ վարքի թեւերով,
Կարօտ են դարձեալ քո ողորմութեան դեղ ու դարմանին:
Դ
Ուստի եւ ահա, դու կեանք, փրկութիւն ու բժշկութիւն,
Դու անմահութիւն, լուսաւորութիւն ու երանութիւն,
Անդորրացրո՛ւ ինձ իմ մեղքերի չարչարանքներից,
Որպէսզի ինքս ինձ ընդմիշտ մեղադրող հեծութիւնների
Ձանձրացուցիչ թախանձանքներից հանգստանաս եւ դո՛ւ
Որ ոչ այլ ինչով, այլ միայն մարդկանց փրկութեամբ ես պարարւում,
Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:
ԲԱՆ ՀԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Ձե՛զ եմ ասում արդ, ո՜վ մենակեացների խմբեր
Եւ աշակերտներ մենաստանների,
Դուք, որ անբաւ բարի պարգեւների յուսալից ակնկալութեամբ
Ձեր ձեռքերի մերկ մատներով զինուորագրուած էք Տիրոջը`
Ձե՛զ ընծայեցի խօսքի խորտիկներով պատրաստուած սեղանն այս ահա,
Ընդունեցե՛ք աւանդն այս խոստովանութեան` ի նորոգութիւն եւ ի փրկութիւն հոգիների:
Ճանաչեցե՛ք սրանով մարմնի պարտութիւնը,
Յիշեցէ՛ք առաքելականի հետ միասին` մարգարէական խօսքերը մեզ ի խրատ,
Թէ` "Ոչ մի մարմին թող չպարծենա
Աստծոյ առջեւ",
Ինչպէս եւ` "Չկայ ոչ իսկ մի արդար":
Մի՛ մոռացէք նաեւ այս խօսքը տէրունական,
Թէ` "Պատուիրանը կատարելիս էլ համարեցէք ձեզ անպիտան ծառայ",
Եւ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենայ որսալ:
Յիշեցէք դուք այն գրուածքը նաեւ,
Թէ` "Ընտիրներն են նրա կերակուրները":
Զի մինչեւ իսկ ես, որ այս մասնաւոր, նուազ պտուղը ձեզ մատուցեցի,
Վկայում եմ, թէ ես ինքս էլ ունեմ բիւր բամբասանքի,
Ինքնադատութեան արժանի մեղքեր անբժշկելի,
Սկզբնահօրից սկսած մինչեւ սերունդները յուսկ.
Յօժարակամ մի յանձնառութեամբ`
Բոլորիդ գործած յանցանքները ես վրաս առնելով:
Բ
Լսեցի անպարտ մէկի բերանից ու չհաւանեցի
Խօսքն այս անյարմար` ուղղուած Նրան,
Որի առաջ ոչ մի երկրածին չի կարող արդարանալ, -
Թէ` "Չշնացայ երբէք ու չպոռնկացայ,
Ոչ էլ աշխարհիկ մահաբոյր քաղցրութիւններ ճաշակեցի":
Սա էլ է կոչւում անօրէնութիւն, -
Թող ների Աստուած այդ խօսքը նրան, -
Զի եթէ նոյնիսկ ճիշտ լինի ասուած` սայթաքում է դարձեալ:
Այդպէս նաեւ Զաքարիայի` ի դէմս Իսրայէլի ժողովրդի ասուած
Խօսքն այս անվայել, որ փարիսեցու խօսքին է նման,
Թէ` "Օրհնեալ լինի Տէրը, զի հարստացանք":
Գ
Բայց քանի որ ես ամենագէտ
Աստծոյ դատաստանին եմ յանձնել ինձ,
Որը սրտի աներեւոյթ մեղքերը կշռելով`
Ուզում է դատել ինձ նրանց համար ամենաիրաւ հատուցմամբ, -
Չպիտի ձեւանամ տեսանողի առաջ,
Չպիտի կեղծեմ քննողի մօտ,
Չպիտի ստեմ ամենայն ինչ նկատողին,
Չպիտի մտնեմ խաբեբայութեամբ Մեծի աչքը ես,
Չպիտի ցոփութիւններս քողարկեմ առերեւոյթ բարութեամբ,
Չպիտի երբէք ապիկարիս ներկայեմ որպէս ընտանի պատկեր,
Չպիտի խենեշանամ օտարոտի զարդարանքով,
Չպիտի պճնուեմ ուրիշների պայծառութեամբ,
Ոչ էլ տգեղութիւնս պիտի պարտակեմ պաճուճանքներով:
Չկայ ոչ ոք մեղաւոր ինձ պէս, ոչ ոք` անօրէն,
Ոչ ոք ամբարիշտ, ոչ ոք անիրաւ, ոչ ոք չարագործ,
Ոչ ոք խոտորուած, ոչ ոք սխալուած, ոչ ոք մոլեգնած,
Ոչ ոք խարդախած, ոչ ոք շաղախուած, ոչ ոք ամօթահար,
Ոչ ոք դատապարտուած, -
Ես ինքս եմ միայն եւ ուրիշ ոչ ոք.
Ես եմ այդ բոլորը, եւ բոլորի յանցանքներն իմ մէջ են:
Ո՛չ հեթանոսները, զի չգիտէին,
Ո՛չ հրեաները, քանզի կուրացան,
Ո՛չ տգէտներն ու գռեհիկները, քանզի զուրկ էին իմաստութիւնից:
Դ
Վարժապետ կոչուեցի ես, որ ամբաստանութիւն է իմ դէմ.
Ռաբբի, ռաբբի անուանուեցի ես, եւ Աստծոյ վայել գովեստը եղծեցի.
Բարի ասուեցի` եղկութիւն ժառանգելուս համար.
Սուրբ վկայուեցի մարդկանցից, որ անմաքուր եմ Աստծոյ առջեւ.
Արդար ճանաչուեցի` ամբարիշտս ամէն ինչով.
Հրճուեցի մարդկանց գովեստով, որ Քրիստոսի ատեանում ծաղրելի լինեմ.
Աւազանից Արթուն կոչուեցի, եւ ննջեցի մահուան քնով,
Հսկող հորջորջուեցի փրկութեան օրը, բայց զգաստութեան դէմ աչք փակեցի:
Ահա՛ դատաստան, ահա յանդիմանութիւն,
Ահա՛ նոր կշտամբանք եւ հին դատապարտութիւն,
Ահա՛ ամօթանք դէմքի եւ տագնապ հոգու,
Ահա՛ քննութիւն մանր մեղքերի, որոնք մեծամեծների կշիռ ունեն:
Ե
Բայց դու, միայն Տէր Աստուած մարդասէր, անոխակալ եւ երկայնամիտ,
Ինքնադատական կսկծեցուցիչ նախատինքներն այս, վերջին օրն ահեղ`
Մեղապարտիս դատապարտութեան փոխարէնը համարիր,
Քանի որ դրանք ինքս իմ բերանով ինձ վերագրեցի,
Թող որ չլսեմ այդ բոլորն այլեւս քեզանից, գթա՜ծ,
Արդ, վերցրու իմ վրայից դատապարտութեանս պահակին,
Զի ես քեզ հետ եմ կապուած հոգուս տենչանքներով:
Հանի՛ր խայտառակութեանս նախատինքներն ամօթալի.
Քո կարող աջով ծածկի՛ր մերկ մարմնիս տգեղութիւնը.
Հանգիստ պարգեւիր մեղքերի բեռով սաստիկ հոգնածիս,
Բարի մի ճամփա սահմանիր դու ինձ` դէպի քեզ գալու.
Յիշիր անմոռաց` ինձ ողորմելու, տալով հետ մահու կեանք ամէն կերպով:
Օրհնեալ ես դու երկնքում եւ գովեալ` երկրի վրայ.
Եւ բարեբանուած միշտ ամէն ինչում, յաւիտեանս. ամէն:
ԲԱՆ ՀԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Թագաւոր, բարձրեալ, հզօր, ահաւոր,
Օրհնեա՜լդ միայն, Տէր Յիսուս Քրիստոս,
Լոկ դո՛ւ կարող ես յուսահատ կեանքի անյուսութեան մէջ
Սատակիչ անէծքներն ապրեցնող օրհնութեա՜ն փոխել,
Եւ վհատեցուցիչ պարսաւանքները զուարթարար գովքի.
Ամօթի փոխարէն համարձակութիւն շնորհել,
Պատկառանքի փոխարէն` պատիւ,
Տարագրութեան փոխարէն` բարութեան յոյս.
Բաժանման փոխարէն` միութեան ակնկալութիւն,
Սպառնական խօսքի փոխարէն` ողոքական սփոփանք
Եւ մէկ անգամ դատապարտութեան փոխարէն` կրկնակի ազատութիւն:
Жанры и теги
Возрастное ограничение:
12+Дата выхода на Литрес:
26 июня 2017Объем:
280 стр. 1 иллюстрацияISBN:
9781772467949Правообладатель:
Aegitas