Читать книгу: «Մատեան Ողբերգութեան», страница 16
Шрифт:
ԺԲ
Այս մայրն երկնաւոր, երկնային լոյսով
Աւելի քան մայրը երկրաւոր,
Շնչող, մարմնաւոր, ինձ գգուեց որդու պէս:
Նրա կրծքի կաթն արիւնն է Քրիստոսի:
Եթէ մէկը սա պատկերն համարի
[սուրբ] Աստուածածնի`
Օրէնքին դէմ չէ:
Որպէս փրկական խաչի զօրութեան
Զարմանազան նշաններ ու սքանչելիք է հրաշագործում,
Եւ դատաստանի բեմը այստեղ է հաստատուած ահա,
Սրանով է, որ խորթ բարք ունեցող հերձուածողների
Մոլեգին ճառող բերանն է սանձւում:
Նա ունի նաեւ իմանալի եւ բանական քարեր,
Որոնցով անսուրբ գազանամիտներ
Վտարում է նա, դարձնում տարագիր
Նաեւ աստուածներ է ծնում եղական
Միակ Աստծու` Քրիստոսի պատկերով:
Եւ դարձած դէպի մեզ խոստացած
Ունի եւ գիրն իր արեւելք հայող`
Նախ մեզ խոստացուած բնակատեղի,
Կարծես թէ ձեռքով նա յստակօրէն մեզ ցոյց է տալիս
Աստծոյ գալստեան ճանապարհները,
Մեզ քարոզում է փայլակի տիրական առակը,
Յիշեցնում բոլոր արարածներին,
Թէ արեւելքից պիտի յայտնուի փրկութիւնը մեր:
[Նա] հալածում է ցաւերը, բուժում ախտաժետներին,
Յաղթահարում է բռնութիւնը դեւերի:
Նրա արգանդը աւազանն է կենդանարար,
Եւ նրա հարսանքին առաքեալների դասերն են պարում:
Այնքան է ճոխացել բարգաւաճ երանութեամբ,
Մինչեւ իսկ վայելչապէս
Տիրոջ անուամբ հորջորջուեց.
Լոյսի Տիրամօր տիտղոս ստացաւ
Միածին Որդու մերձաւորներից:
Նա հանդարտիկ նաւահանգիստն է
Խռովահուզեալ մեղաւորների,
Եւ վերին դասուց խրախճանարան,
Եւ տարակուսեալ յանցապարտների անվրէպ բուժարան,
Անպատմելի Երրորդութիւնն իր մէջ է, որ
Փառաբանւում է` բոլորից օրհնուելով:
ԺԳ
Իսկ եթէ մէկը չարութեան ձեռքը
Հանդգնի պարզել վերին արքայութեան
Եւ մարմնաւոր գիւտ, մարդկային հնարք,
Կամ երկրակենցաղ արուեստ համարի
Ձեռակերտ տաճարի վերաբերեալ աւանդները
Եւ ոչ` առաւել կեանքի մի շնորհ եւ աստուածային ակնկալութիւն,
Եւ կամ սուրբ Հոգու յայտնած նորալոյս նախագրութիւն,
Եւ բարձրեալի երախտիքի ամենատուր լրիւութիւն,
Եւ խնկարկուած խորհրդարան արարչական կամքի,
Առաքեալների աջի բարեհանճար հիմնարկութիւն,
Կարճ` երկնքի դուռ եւ կենդանի
Աստծոյ քաղաք,
Եւ անպարտ ողջերի մայր` ճշգրիտ պատկեր բանական կերպիս,
Հոգուս խորհուրդն իմանալի,
Իսկ շոշափելին` պատկերը մարմնիս,
Այնտեղի անճառ սրբութիւնները գերազանցող
Մի նոր սրբութիւն.
Եւ Քրիստոսի փառաշուք նշանով պսակուած,
Այդպիսի չխոստովանողներին զրկում է իր տեսութիւնից
Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,
Վերցնելով նրանից եւ փառակից Հոգու շնորհի աւանդը,
Եւ փակուելու է կեանքի առագաստի դուռը նրա առջեւ:
Իսկ մենք վկայում ենք այն` որ գրեցինք,
Հաւատալով մեր ասածին
Ի փառս եւ յանուն ամենակալ Երրորդութեան,
Եւ մէկ աստուածութեան,
Յաւիտեանս յաւիտենից, ամէն:
ԲԱՆ ՀԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Աստուա՜ծ ողորմած, բազմագութ, հզօր,
Ահաւոր, մարդասէր, օրհնեալ, կենդանի, անճառ,
Չկայ ոչ մի բան քեզ համար բնաւ անձեռնարկելի,
Նոյնիսկ եթէ նա մեր մտքի համար լինի անհնար:
Դժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ,
Սկզբնահա՜յրդ այս նոր ու զարմանալի կենաց կանոնի.
Քանզի բարիք անել ատելիին եւ աղօթել հալածչի համար,
Փրկութիւն հայցել խոցողին եւ սպանողին ներումն խնդրել`
Դո՛ւ էիր, որ ընծայեցիր մեզ պտուղն այս հրաշալի,
Որի քաղցրութիւնն է անճառելի եւ անօրինակ,
Քո բարեբանուած կամքին հաճելի
Եւ ճաշակելի գովեալ շուրթերիդ:
Հոգի՛դ մեր երեսի եւ զօրութիւնդ մեր գեղեցկութեան,
Դու Տէ՜ր Քրիստոս, օրհնեալ ի բարձունս:
Բայց ամենավրէպ երկրածին մարդիկ
Քո բարեմատոյց ձեռքերին անգամ չարութեամբ հատուցեցին:
Իսկ դու լինելով լոյս ու լուսատու,
Չես լսում անէծք ու չես ախորժում չարից,
Չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ,
Չես հուզւում խռովութիւնից,
Չես ենթարկւում ցասման,
Չես հարկադրւում բարկութիւնից,
Չես մթագնում սիրուց,
Չես այլայլւում գթութիւնից,
Չես փոփոխւում բարութիւնից,
Ո՛չ թիկունքդ ես շուռ տալիս եւ ո՛չ էլ երես ես դարձնում,
Այլ լո՜յս ես համակ եւ փրկութիւն ամբողջովին:
Բ
Եթէ ուզենաս քաւել` կարող ես.
Եթէ բժշկել` զօրաւոր ես.
Եթէ կենդանացնել` ձեռնհաս ես.
Եթէ շնորհել` առատաձեռն ես.
Եթէ առողջացնել` հնարաւոր ես.
Եթէ պարգեւել` ամենալեցուն ես.
Եթէ արդարացնել` ամէնարուեստ ես.
Եթէ մխիթարել` ամէնիշխան ես.
Եթէ նորոգել` ամենակալ ես.
Եթէ հրաշագործել` գերահզօր ես.
Եթէ վերստեղծել` արարիչ ես.
Եթէ կրկին գոյացնել` Աստուած ես.
Եթէ հոգալ կամենաս մեզ` ամենատէր ես.
Եթէ մեղքերից կորզել` գթասիրտ ես.
Եթէ անարժանիս ընձեռել` օրհնեալ ես.
Եթէ որսացողից ազատել` փրկիչ ես.
Եթէ շնորհներդ մեր մէջ զեղել` հարուստ ես.
Եթէ նախքան մեր խնդրելը ձեռք կարկառել` անկարօտ ես.
Եթէ նեղուածիս լայն տեղ դուրս բերել` անդորրիչ ես.
Եթէ հետ մնացածիս կոչել` խնամակալ ես.
Եթէ սասանեալիս հաստատել` վէմ ես.
Եթէ ծարաւեալիս հագեցնել` աղբիւր ես.
Եթէ ծածուկներին երեւան հանել` լոյս ես.
Եթէ օգտակարին ինձ ծանօթացնել` բարի ես.
Եթէ արատներն անտեսել` երկայնամիտ ես.
Եթէ փոքրիս հետ դատի չմտնել` բարձրեալ ես.
Եթէ ծառայիս ձեռք տալ` ստեղծող ես.
Եթէ աջովդ պաշտպանել` հոգածու ես.
Եթէ վհատածիս դարման մատուցել` կերակրող ես.
Եթէ անգէտիս մտքին հագուրդ տալ` վարդապետ ես.
Եթէ քեզ դիմողիս ընդունել` ապաւէն ես.
Գ
Արդ, այս բոլորը քո ձեռքումն են լոկ, տէ՜ր ողորմութեան,
Ոչ միայն գրուած, այլեւ կատարուած ու գլխաւորուած,
Ո՜վ առաջամարտիկդ համբերութեան նահատակների մէջ,
Որ իմ փրկութեան համար` հզօրաբար հանդէս եկար ճակատամարտի ասպարեզում,
Որպէսզի գոռոզ մարմնիս բռնութեան կարծրութիւնը դու
Վշտի եւ տառապանքի վարժութիւններով կակղացնես:
Մեր բնութեան յատուկ տոյժի տագնապը տաժանագին
Քո անմեղօրէն չարչարուած մարմնով չափեցիր դու,
Որպէսզի այն քո մէջ որպէս օրինակ ունենալով`
Գթութիւնդ մեր նկատմամբ առաւելապէս ցուցաբերես,
Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:
ԲԱՆ ՀԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Օրհնեալ եւ լուսանորոգ օր է մեծ պասեքի ուրբաթը սարսափելի,
Երբ եղան երկու արդարակշիռ ընտրութիւնները սասանած բոլոր արարածների`
Վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էութեան,
Բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին:
Եւ բարեպատեհ ժամն եկաւ հասաւ,
Գրելու ինձ այս նուագն ողբաձայն` զուարճախառն երկիւղով.
Չարչարանքներիդ մասին եմ ուզում խօսել այժմ ես,
Որոնք կրեցիր դու իմ փոխարէն,
Աստուա՜ծ բոլորի:
Բ
Կանգնեցիր իմ կերպարանքով` ստեղծածիդ ատեանի առաջ
Չխօսեցիր դու` տուիչդ խօսքի,
Չբարբառեցիր` ստեղծո՛ղդ լեզուի,
Ձայն չարձակեցիր` սասանիչդ երկրի,
Չմռնչացիր` ամէնազդու փո՛ղդ մեծաձայն,
Ո՛չ երախտիքովդ յանդիմանեցիր
Եւ ոչ էլ նրանց իրենց չարութեամբ պապանձեցրիր.
Չմատնեցիր դու նրանց ամօթի, որ քեզ մատնեցին մահուան տանջանքին.
Չդիմադրեցիր, երբ կապեցին քեզ, ոչ էլ նեղացար, երբ ապտակեցին.
Չնախատեցիր, երբ թքեցին ու չխռովեցիր, երբ բռունցքներով խփեցին քեզ,
Չսրտմտեցիր, երբ կատակեցին, չխոժոռուեցիր, երբ ծաղրեցին:
Պատմուճանը քո վրայից հանեցին, իբրեւ տկարից
Ու դարձեալ հագցրին, իբր կալանաւոր անզերծանելի:
Եթէ լեղիով խառն քացախը չխմեր կամա նա երկու անգամ,
Չէր թափուի մաղձն իմ նախկին դառնութեան:
Համտես արաւ նա յուսահատութեամբ ու մի կողմ տարաւ տարակուսանքով.
Առան նրանից այն մոլեգնաբար եւ տուին դարձեալ անպատկառօրէն.
Եւ խառնիճաղանջ ամբոխի առջեւ գանահարելով նրան սաստկապէս`
Խիստ անարգանքի դատապարտեցին.
Ծնրադրեցին` ծաղրելու եւ պսակ դրին հեգնելու համար:
Գ
Հանգիստ չտուին կենդանարարիդ,
Այլ պատրաստեցին քեզ համար գործիք, որ կրես:
Ընդունեցիր այն իբրեւ երկայնամիտ, առար իբրեւ հեզ,
Ու վերցրիր այն որպէս համբերող,
Եւ շալակեցիր փայտը վշտալից, իբրեւ յանցապարտ:
Տարար ուսամբարձ այդ զէնքը կենաց, զերթ հովտաշուշան,
Որ գիշերային արհաւիրքներից պահպանես դու մեր քո ձեռքով կերտուած գահը մարմնեղէն`
Դատապարտութեան վայրում, որպէս թէ խրախճանքի մէջ:
Դուրս հանեցին քեզ որպէս ողջակեզ.
Կախեցին, ինչպէս Սաբեկա խոյը, որին քարշ տուին իր եղջիւրներից.
Տարածեցին խաչի սեղանի վրայ իբրեւ պատարագ,
Բեւեռեցին որպէս չարագործի, կապկապեցին իբրեւ ապստամբի
Երկնաւոր խաղաղութեանդ` իբրեւ աւազակ,
Անկապտելի մեծութեանդ` իբրեւ խղճալի,
Քերովբեներից պաշտուածիդ` իբրեւ քամահրելի,
Կենաց պատճառիդ` իբր արժանաւոր` սատակիչ մահուան,
Աւետարանի նկարչիդ իբրեւ օրէնքի հայհոյիչ,
Մարգարէների տիրոջդ ու կատարելութեանդ` իբրեւ գրուածքներն համառօտող,
Փառքի ճառագայթներիդ եւ Հօր անքնին խորհուրդների կնիքիդ իբր հակառակորդ ծնողիդ կամքին,
Իսկապէս օրհնեալիդ` իբրեւ տարագրեալ.
Օրէնքի կապն արձակողիդ` իբրեւ այր նզովեալ,
Սպառող կրակիդ իբր յաղթահարուած մի կալանաւոր,
Ահաւորիդ երկնի եւ երկրի` իբրեւ հաւաստի պատժապարտ,
Անմատոյց լոյսով պարածածկեալիդ` իբրեւ հողածին մի ձերբակալուած:
Դ
Ո՜վ դու քաղցրութիւն եւ երկայնամիտ բարերարութիւն,
Գթառատ ողորմածութիւն եւ Տէ՜ր բոլորի,
Որ ինձ` ապերախտ եւ անօրէն ծառայիս համար
Այդ ամէնը կամաւորապէս եւ սիրայօժար հաճութեամբ
Հանձն առար ա՛յն մարմնովդ, որ միացրիր քեզ` քո աստուածային էութեանը,
Եւ մինչեւ քնարանը շիրմի` անպակաս լրութեամբ,
Ամբողջական նոյնութեամբ մնալով Աստուած անքնին`
Կրեցիր դու նոյն նախատինքները` անճառելի համբերութեամբ,
Եւ ապա դարձեալ յարութիւն առար`
Ինքնիշխան բարձրութեամբ ու պսակուած լոյսով,
Աննուազ մարմնով եւ անթերի աստուածութեամբ:
Օրհնեա՜լ ես փառքով, գովուած գթութեամբ
Եւ բարեբանուած միշտ ողորմութեամբ
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ԲԱՆ ՀԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Եւ արդ, հողանիւթ կերպարանքովս ընկնելով երեսն ի վայր,
Եւ ծնրադրական երկրպագութեամբ գլուխս խոնարհած`
Ողորմած բարեգործիդ կենդանարար ոտքն եմ համբուրում
Եւ այս աղօթքն եմ ընծայում մեծիդ:
Բ
Աղաչում եմ քեզ, միա՜կ խնամակալ, մարդասէր, գթած,
Կեցուցիչ, հզօր, այցելու, պաշտպան,
Թող ի զուր չանցնեն ինձ համար մարդացած Աստծուդ փրկարար չարչարանքները,
Ոչ էլ ընդունայն` մատնութեան գիշերը թափած քրտինքիդ կաթիլն արիւնախառն.
Թող չստուերանայ երախտիքը լոյսիդ,
Որ ձրիաբար, առանց փրկանքի պարգեւեցիր ինձ` թշուառացածիս.
Թող չջնջուի շնորհներիդ աւետիսը,
Որ քո կողքից բխած կայլակները նորոգեցին.
Թող անօգուտ չլինեն չարչարանքներիդ պտուղները,
Որ մատուցեցիր ինձ` կարօտեալիս.
Թող չպարծենայ արտաքսուած բանսարկուն,
Ինձ` ստեղծածիդ սեփականելով.
Յաղթիր քո կամքով չարի իղձերին,
Թող դարձեալ ապշի մի անգամ արդէն զարհուրածը,
Թող կրկին դատապարտուի իսպառ դատապարտուածը,
Մի՛ խնայիր խօսքդ ազատարար,
Որ ինձ` ստեղծածիդ ընծայելով քեզ, նորից քեզ դարձնի:
Ցոյց տուիր անճառ բարերարութիւնդ` յուսահատութեան չսպասուած ժամին,
Երբ բոլորովին կտրուած արդէն եւ օտարացած էր շարժումը կենդանութեան:
Մեռար անմահդ եւ նորոգեցիր մահացածներին.
Համաձեւութեան օրէնքի կարգը եթէ փոխեցիր,
Ուրեմն դիւրինն ու հեշտագոյնը, առաւել եւս հնարաւորը մի՛ արգելիր դու,
Ո՜վ սկզբնաձիրդ ողորմածութեան,
Բարեմիտ, օրհնեալ եւ երկայնամիտ թագաւոր:
Ներգործի՛ր խօսքով քո ամենազօր,
Որով առաջին օրը դու լոյսն ստեղծեցիր,
Եւ ես անմիջապէս դէպի լա՜ւը պիտի փոխուեմ.
Եւ եթէ ինքս ջանադիր չեղա հետեւել լոյսիդ`
Դո՛ւ ել ինձ այցի, հայրական լոյսից ծագած ճառագայթ:
Թող կանչուեմ քեզ մօտ վնասապարտ ծառաս`
Քեզանից շնորհ եւ ողորմութիւն գտնելու համար.
Պարտքերս հատուցելու համար ժամանակի երկարաձգման կարիք չկա,
Շնորհ արա ինձ` տառապեալիս տեսնելու երեսդ-
Լոյսդ` խաւարում վհատ սրտերի:
Արգելի՛ր, փակիր այն ճանապարհը, որտեղից զեղուն բարիքները քո
Խոյս են տալիս միշտ իմ յիշողութեան տեսողութիւնից.
Քո միշտ մնայուն գանձերի շնորհն ամենապայծառ պահիր ինձ համար,
Որ ես դառնալով ընտիր, պատուական` քո՛նը անուանուեմ`
Պաշտպանուած քեզնով, անսահմա՜ն բարի:
Գ
Փութայ՛ ինձ շուտով ողորմել, գթած, աղաչում եմ քեզ,
Ողորմի՛ր հզօր, կրկի՛ն ողորմիր:
Մի՛ փոխարկիր դու չարիքներս երկունքի ցաւերի, ո՜վ համակ բարի,
Մի՛ վերցնիր վտանգուածիս քո կողմից պարգեւուած շնորհը.
Մի՛ խլիր փչումն ամէնօրհնեալ հոգուդ.
Մի՛ լուծիր խնկելի կնիքն արքունական քո պատկերի:
Սրբուած սրտիս մէջ թող չյայտնուեն մեղքերի փշեր:
Մի՛ խզիր քեզ հետ սիրոյս ամրապինդ կապը միութեան.
Մի՛ զլանար ինձ լեզուի ճարտարութիւն` վայելուչ ու ճոխ ճառելու համար.
Մի՛ պակասեցնի արժանիքն աջիս, որպէսզի լոյսիդ մասունքը բաշխեմ:
Մի՛ գրիր ծանր մահացու մեղքերս կեանքի դպրութեան քո մատեանի մէջ.
Մի՛ պահիր, մի՛ համարիր իմը,
Մի՛ յիշեցնի, մի՛ ամաչեցնի,
Մի՛ նախատիր, մի՛ ոտնահարիր,
Մի՛ արձանագրիր մեղկութիւններս,
Մի՛ կորստաբեր գործերս ամբարիր,
Մի՛ որպէս մեղադրեալ ամբաստանիր ինձ,
Մի՛ աճեցնի ինձ հետ ծառն անէծքների,
Մի՛ արձակիր իմ մէջ վնասակար սաղարթ.
Մի՛ ընձիւղիր մեղքերի ծաղիկ եւ մի՛ թողնի, որ պտուղ բերի նա.
Մի՛ դնիր իմ առաջ պարտքերիս թուղթը:
Մի՛ թուիր երկնաստեղծ մատներիդ ճիւղերի վրայ` գործած մեղքերս.
Մի՛ ահեղօրէն ընդդիմախօսիր` անօրէնութիւնս յիշատակելով.
Մի՛ յանձնիր կամքիս հոգուս աւանդը` գերեվարելու.
Մի՛ փառաւորիր ինձ այստեղ, որպէսզի այնտեղ չդատապարտես.
Անցաւոր կեանքի այս նուազագոյն, սին հաճոյքներով`
Մի՛ տուժել տայ ինձ` յաւիտենական բարիքներն անբաւ.
Մի՛ չափիր փառքը անվերջանալի` այս ժամանակի կարճատեւութեամբ.
Մի՛ գրաւ դնի կեանքըդ անարատ` իմ վշտահառաչ հովտի փոխարէն.
Մի՛ փոխանակի քո անճառելի լոյսը` մթամած այս ստուերի հետ.
Մի՛ թողնի մտքիս երասանը դու, որպէսզի չերթա՜մ զարտուղի ճամփով.
Մի՛ համարիր բաւ հանգստիս համար` կամուրջն աշխարհի.
Մի՛ պահիր հովիտն իմ խոհեմութեան ստուերի ներքո, որ հանդերձեալում չհրապարակուեմ:
Եթէ ամբարես չար գործերս անթիւ, կմեռնեմ ողջ-ողջ.
Եթէ սրտիս մէջ շտեմարանես` այժմուանից անբոց պիտի այրուեմ.
Եթէ անօրէն արարքներս դու քննութեան առնես`
Առանց քո առջեւ ելնելու` պիտի հալուեմ ես իսպառ.
Եթէ մեղքերս թողնես, որ ինձ հետ տնկակից աճեն` նրանցով պիտի մաշուեմ, սպառուեմ:
Դ
Ի՜նձ նայիր, զօրե՛ղ ամենակարող,
Որ չարութիւններս փախուստ տան ինձնից, եւ գա քո բարին փոխարինելու:
Հրամայիր, գթա՛ծ, խնամակալ, գովեալ, լո՜յս անշիջելի,
Որ զօրութեամբդ անհուն նորոգուի հաստատապէս
Բնական կառուցուածքն անդամների` մարմնեղէն իմ տան,
Որպէսզի այնտեղ անհեռանալի բնակուես բազմած
Եւ հանգստանաս հաճոյ տենչանքով` քեզ հետ իմ հոգու ամուր միութեամբ:
Ապականութիւնն իմ մեղքերի իսպառ հեռացնելով,
Անարատությա՜մբ վերակազմես ինձ,
Ամենակեցոյց թագաւոր անմահ,
Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
Օրհնեալ յաւիտեանս. ամէն:
ԲԱՆ ՀԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Յիշի՛ր, Տէ՛ր գթած եւ արդարասէր,
Աստուա՛ծ ճշմարիտ.
Նայի՛ր վերստին քո ստեղծածին, որ սխալական է իր բնութեամբ.
Զննիր ինձ դարձեալ` շրջանառութիւնն իմ արեան, ահա,
Որ տարածւում է ամէն ուղղութեամբ:
Մօտեցիր դու ինձ բժշկի նման
Եւ տե՛ս, որ մարդ եմ խակամիտ, թերի իմ խորհուրդներով,
Ինչպէս որ ինքդ վկայեցիր, չեղածներն անգամ տեսնող սրտագէտ,
Դո՛ւ միայն անմաս` ստութեան մութին:
Ապա ուրեմն իրաւացի է, որ դասուեմ կարգն այն մեղաւորների,
Որոնք իբրեւ երկրածին մարմին մահկանացու
Վրիպել են մարդկօրէն սխալուելով եւ դատապարտուած են կրկնապէս,
Քան թէ ուզենամ` խօսքդ սուտ դուրս գա:
Քանզի արդարեւ դու ինքդ էլ գիտես,
Թէ չար է ի բնէ մեր ծնունդն արդէն եւ ընդաբոյս է չարութիւնը մեր,
Եւ մեր խորհուրդներն անփոփոխ են միշտ,
Ըստ հոգեհանճար իմաստունի կանխազեկոյց առակի:
Բ
Թեթեւացրո՛ւ սաստկութիւնն այն տանջանքների,
Որոնք պատրաստուած` սպասում են ինձ`
Գեհենի որդուս յաւիտենական մահուան համար զարդ դարձնելու ընդմիշտ.
Վերացրո՛ւ մէջտեղից մեղքերս ամօթալի,
Որոնք պահուած են` վերջին ատեանին յայտնի դառնալու թշուառականիս:
Ընծայի՛ր խրատդ խաղաղարար նախապարգեւ քո ողորմութեամբ,
Որպէսզի ահեղ անտանելիներն իմ մտքի առաջ չպատկերանան,
Կենարար զղջման փոխարէն` անյոյս ապշութեան առաջ կանգնեցնելով ինձ, -
Դատաստանն ահաւոր եւ դատաւորն անկաշառ ու անխաբելի,
Սոսկալի ամօթն ու կշտամբանքը սարսափելի,
Հանդիմանութիւնն անխուսափելի,
Տագնապն անճողոպրելի,
Պակուցումն անխրախուսելի,
Դողումն անվերջանալի,
Լացն անսփոփելի,
Ատամնակրճտումն անբժշկելի,
Ապականութիւնն անողջանալի,
Սարսափելի անէծքն աստուածային խօսքիդ,
Փակումն գթութեան եւ արգելումն ողորմութեան:
Կգալարուի երկինքն այն ժամանակ,
Եւ կդղրդուի երկիրն իր յատակով
Խռովայոյզ ծովի բազմակուտակ կոհակների պէս,
Որոնք փախչում են նախ խուճապահար,
Ապա դառնալով մէկ-միւսի վրայ`
Խափանում են խոլ ընթացքն երկուստեք ու կանգ են առնում:
Եւ լայնատարած գետինը այնժամ տարուբերուելով ու տատանուելով`
Թնդագին բախմամբ կցնցի ուժգին իրենց հիմունքից
Լեռները բոլոր ու փուլ բերելով` կհարթի նրանց:
Կհալուեն համակ ու կհրդեհուեն քարեղէն նիւթերն ու տարրերն ամէն.
Կայլայլուի երկինքն անեղծանելի մի փոփոխութեամբ,
Եւ արարածներն իրենց տարերքով կառնեն մի նոր ձեւ ու նոր կերպարանք:
Ծածուկ գործերը կհրապարակուեն, ու կյայտնուեն մեր կրքերն անտես.
Մեր վարքն ու կենցաղն ու ներքինը ողջ`
Պարզ կնկարուեն մեր մարմնի վրայ:
Երկնի թագաւորն ատեան կնստի` հատուցման վճիռն իր ձեռքում պատրաստ:
Գ
Ուստի եւ ահա, վա՜յ ինձ եօթն անգամ` կրկին եղկութեամբ,
Չափով ու կշռով այս նոյն համրանքի,
Որը թուերի անբաւութիւն է պարփակում իր մէջ:
Ի՞նչ պիտի անեմ ողբալի հոգիս` այդ մեծ օրուայ մէջ ամենաահեղ.
Քանզի առաջուց յիշելն աւելի սաստիկ է, քան թէ հանդիպել նրան:
Ոմն մարգարէ այդ տագնապալից փախուստի խուճապն անզերծանելի
Պատկերացնում է մեզ առակաւոր այս օրինակով,
Թէ` մի մարդ փախչում է առիւծի ձեռքից,
Եւ պատահում է նրան արջը.
Եւ երբ արջից էլ խոյս տալով հասնում եւ մտնում է տուն,
Եւ ձեռքը յենում է պատին` օձն է խայթում նրան:
Եւ ապա, աւելի սաստկացնելով տեսիլն այդ քստմնելի,
Աւելացնում է դարձեալ ասելով. -
"Ո՞չ ապաքեն խաւար է Տիրոջ օրը",
"Օր խաւարի եւ մութի, օր ամպի եւ մառախուղի":
Դ
Երբ կենակից պահապան հրեշտակը` հզօր ոստիկանն իրաւամբ կամբաստանի,
Եւ ահաւոր հատուցողը կյանդիմանի արդարութեամբ,
Թագաւորի սպասաւորները կաճապարեն առանց խնայելու`
Ոմանց կեանքի հրաւիրելով եւ ոմանց դատապարտելով ամօթի,
Ոմանց ծիծաղկոտ եւ ինձ ահարկու ու քստմնելի երես ցոյց տալով,
Ոմանց լուսապաճոյճ պսակներ մատուցելով
Եւ այլոց` վճիռ մահվամբ կորստեան.
Արդարներին աւետաւոր լուր եւ ինձ` գոյժ տխուր` անվերջ վշտերի:
Մինչդեռ բարիների համար կմեռնի իսպառ մահուան յաղթանակը,
Ինձ` չարագործիս համար կմնա ընդմիշտ տեւական.
Դուռ բախելն այլեւս ի զուր կդառնա,
Ու կդադարի գութն իմ նկատմամբ:
Զարմանահրաշ գրքերն երբ բացուեն,
Ուր գրուած են մեր մինչեւ այժմ ծածուկ մնացած բոլոր
Գործերը պէս-պէս այս կեանքում վարած մարդկային բնութեան,
Որի համար եւ գոյութիւն առան էակներն ամէն,
Այնժամ իւրաքանչիւր մարմնի վրայ իսկոյն երեւան կգան լրիւ դրոշմուած
Եւ երկրաւորներիս հասկացողութեան հանդէպ կնքուած ու փակուած բոլոր
Անպատմելի խորութիւնները, եւ մեր աչքի առաջ կպատկերանան:
Այստեղ է, որ ողբ ու արտասուքով գնւում է երկինքը,
Իսկ այնտեղ նրանք իբրեւ ուշ մնացած ունայնութիւններ` կարհամարհուեն ու կմերժուեն.
Այստեղից նախօրօք չառաքուած հեծեծագին հառաչանքները
Այնտեղ լսելի չեն լինի երբէք.
Կշեռքով ցանուած ողորմութիւնները պայծառ ճրագով ճամփա չեն բանա.
Այնտեղ տապանը նախայանցաւորների եւ կտակարանը տիրանարգների
Եւ ահաւոր նշանն հիմակուաններիս`
Հանդէս գալով` մեծաձայն պիտի դատախազէն:
Այդ նոյն սոսկալի վայրում`
Մէկը հայրենի հաղորդութեան ուխտը,
Մէկն էլ անտեսների վկայութեան խորանը,
Միւսը` մեծագործ արիւնն Աստծոյ
Իբրեւ իրաւացի ամբաստանողներ` իմ առջեւ պիտի տարածեն:
Բազմապիսի տանջարաններ ես ինքս անձամբ այստեղի՛ց իսկ պատրաստեցի ինձ համար,
Այլեւս ինչպէ՞ս յուսակտուրս մխիթարուեմ:
Զի եթէ նոյնիսկ լուսեղէն զօրքերն արդարների հետ,
Որոնք փառաւորուած են երանութեամբ, սարսում են ու դողում
Եւ սիրտ չեն անում նայել ահաւոր դատաստանին, -
Ես եղկելիս, աւանդակորոյս սատակման որդիս ո՞րտեղ կմնամ,
Ես, որ ոչ միայն չպիտի լինեմ պսակի արժան,
Այլեւ պատուհասն իմ անտանելի եւ կորուստս պիտի լինի անսպառ:
Ե
Բայց դու շտապիր, ամենապարգեւ, անճա՜ռ զօրութիւն,
Փրկարար ձեռքդ երկարելու ինձ` կորստեան մատնուած գերուս,
Որպէսզի քեզնով օգնութիւն գտած` կրկին ետ դառնամ դժոխքի դռնից
Եւ բոլորովին ամենապատրաստ` պատիժներից զերծ մնամ, անվտանգ:
Գալիքներն այստեղ մտքի աչքերով նախատեսելով,
Բաւ համարելով լսել տագնապած` տանջանքների ձայնն ահեղահամբաւ,
Քո բարի կամքով ազատուեմ իսպառ եւ չմատնուեմ առիւծների կորիւններին,
Որոնք խնդրում են քեզանից` տալու ինձ իրենց որպէս կերակուր,
Խժռելու գազանային ատամներով,
Որպէսզի լցնելով որովայնը մահուան`
Այստեղ պարարուածիս քաշեն ու հալեն այնտեղ,
Ուր պահւում են անսպառ մնացորդ մթերքները`
Յաւիտենապէս լափուելու համար:
Քանզի դո՛ւ միայն կարող ես կորզել այդ սպառիչ ժանիքներից
Եւ տանել դէպ կեանք ու երանութիւն,
Ապաւէ՜ն բոլորի` լոյսի թագաւոր
Տէր Յիսուս Քրիստոս,
Օրհնեա՜լ յաւիտեանս. ամէն:
ԲԱՆ Ձ
Ա
Եւ արդ, այսքան յուսահատութիւնների եւ ահարկու սրտաբեկութեան,
Ահաբեկիչ սաստկութեամբ աստուածային բարկութեան ենթարկուելուց յետոյ,
Թախծալից ոգով, իսպառ տագնապած`
Քեզ եմ աղաչում, սուրբ Աստուածածին,
Հրեշտակ մարդկանց մէջ, մարմնատեսիլ քերովբե,
Երկնաւոր արքայուհի,
Անխառն, ինչպէս օդ, մաքուր, ինչպէս լոյս,
Անշաղախ` նման բարձր արուսեակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբութիւնների բնակարան անկոխելի,
Խոստացուած դու վայր երանաւետ, Եդեմ շնչաւոր,
Անմահ կենաց ծառ` բոցեղէն սրով պարունակուած,
Բարձրեալ Հօրից զօրացած եւ հովանաւորուած,
Հանգստութեամբ Հոգու պատրաստուած եւ մաքրագործուած,
Բնակութեամբ Որդու յարդարուած եւ տաղաւարուած,
Հօր համար միածին եւ քեզ` անդրանիկ,
Որդիդ` ծնունդով եւ տէրդ` արարչութեամբ,
Անաղտ մաքրութեանդ հետ ե՛ւ անբիծ բարի,
Անարատ սրբութեանդ հետ ե՛ւ բարեխօս խնամակալ,
Ընդունի՛ր աղօթքն այս աղերսալից քեզ դաւանողիս,
Եւ այն ընծայիր Աստծուն իբրեւ պաղատանքը քո,
Խառնելով նրան` մեծիդ մատուցուած իմ պաղատալից ներբողն առաջին.
Հիւսիր, միացրու դառն հեծութիւնն իմ մեղաւորի
Քո երանելի եւ նուիրական խնդրուածքի հետ,
Կեանքի տունկդ դու օրհնուած պտղի,
Որպէսզի քեզնից միշտ բարերարուած
Եւ ապաւինած մաքուր մայրութեանդ ու լուսաւորուած`
Ապրեմ ես Քրիստոս Որդուդ Միածին եւ Տիրոջդ համար:
Բ
Օգնի՛ր թեւաւոր քո աղօթքներով, ո՜վ խոստովանուած մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դէպի կեանք,
Դէպի պատրաստուած օթեւաններդ:
Թող թեթեւ լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրէնութեամբ,
Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տօն ուրախութեան,
Դու, որ բուժեցիր երկունքն Եւայի:
Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխօսիր,
Զի անճառելի մաքրութեանդ համար հաւատում եմ ես` խօսքդ կընդունուի:
Արցունքով օգնիր դու վտանգուածիս, գովեա՜լդ կանանց մէջ.
Ծնկաչոք խնդրիր հաշտութեանս համար, ծնո՜ղդ Աստծոյ.
Հոգատար եղիր թշուառիս հանդէպ, խորա՜ն բարձրեալի.
Ձեռք տուր ընկածիս, տաճա՜ր երկնային.
Եւ փառաւորիր որդուդ քեզանով,
Որ աստուածօրէն հրաշագործէ ինձ ի քաւութիւն եւ ողորմութիւն,
Ո՜վ դու Աստծոյ աղախին եւ մայր:
ԲԱՆ ՁԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Տէ՜ր Աստուած բարերար, բազմապարգեւ թագաւոր,
Կենաց պատսպարան, լուսոյ կերպարան, լայն հանգստարան.
Որ մեղաւորիս համար մարմնացար,
Անպատում գործեր կատարեցիր դու ու շատ հրաշքներ,
Մինչեւ հասցրիր կատարելութեան` մարդեղութիւնդ
Քո ամենալիր աստուածութեան հետ:
Արդ, յանուն երկնաստեղծ ձեռքովդ ձեռնադրուած
Եւ քո սուրբ հոգով օծուած սրբազան առաքեալների, -
Որոնց արժանի գովեստն ես արի մի այլ գրուածքում, ըստ կարողութեանս,
Քո փառքի համար, Տէ՜ր ամենայնի, -
Ի՛նձ էլ ողորմես, յիշելով սէրըդ, որին դու նրանց արժանացրիր:
Նրանցով ելքի շաւիղ ցոյց տուր ինձ դէպի երանութիւնը փափագելի:
Նրանց հովվութեան բարի ձայնը թող քաղցր հնչի ինձ, զերթ կենաց ողջոյն:
Անեղծ փրկութեան յոյսի մէջ ե՛ս էլ բաժին ունենամ`
Կեանքի առաջնորդների հետ,
Պատուի այդ շնորհն առաջին անգամ ստացողների,
Փառաւորեալ խմբերի,
Բանական գետերի,
Բարձրաձայն աւետողների,
Պանծալի իշխանների,
Լուսապայծառ թագով պճնուածների,
Զօրաւոր շնորհի անկապուտ զարդով պայծառացածների,
Տիրական լոյսի զուարթարար իւղով կատարեալների հետ:
Жанры и теги
Возрастное ограничение:
12+Дата выхода на Литрес:
26 июня 2017Объем:
280 стр. 1 иллюстрацияISBN:
9781772467949Правообладатель:
Aegitas